Երեւանում կայացել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵվրոՄիություն ենթակոմիտեի նիստը<br />


Երեւանում կայացել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵվրոՄիություն ենթակոմիտեի նիստը

  • 06-07-2010 18:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 6-ին Երեւանում մեկնարկել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական Միություն ենթակոմիտեի առաջին նիստը: Ենթակոմիտեի աշխատանքները հայկական կողմից համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը: Աշխատանքներում ներգրավված են ՀՀ Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, Միգրացիայի պետական ծառայության Արտաքին գործերի, Արդարադատության, Էկոնոմիկայի, նախարարությունների եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների պաշտոնյաներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոն Կյաերը (John Kjaer): Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, հանդիպման օրակարգում էին սահմանների կառավարման, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, դատաիրավական համագործակցության, ինչպես նաեւ` ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ հարցեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական