Արա Մարջանյան. Միջուկային Թուրքիա


Արա Մարջանյան. Միջուկային Թուրքիա

  • 07-05-2012 18:46:35   | Թուրքիա  |  Վերլուծություն
Ներկայիս իրողություններում ներքին (ազգային), տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներով ընթացող մի շարք գործընթացներ բարձրացնում են Թուրքիայի հակվածությունը սեփական ռազմամիջուկային կարողությունների ստեղծման ուղղությամբ: 1. Աշխարհաքաղաքական գործոններ Այս մակարդակում անհրաժեշտ է առանձնացնել հետեւյալ հանգամանքները. Թեեւ ՆԱՏՕ պայմանագրի 5-րդ հոդվածը շարունակում է տարածել դաշինքի միջուկային հովանոցը Թուրքիայի վրա, ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի «Աշխարհի խաղաղության եւ անվտանգության ապահովում` առանց միջուկային զենքի» հայտնի տեսլականը եւ ԱՄՆ-ում իզոլյացիոնիստական տրամադրությունների հաստատումն այդ երկրի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական քաղաքական թեւերում շոշափելի ջղաձգություն են առաջացնում ՆԱՏՕ հարավային էշելոնի երկրներում, առաջին հերթին` Թուրքիայում (ինչպես նաեւ Իտալիայում, մասամբ` Հունաստանում): Բացի այդ, այս իրավիճակը ՆԱՏՕ արեւմտաեվրոպական որոշ երկրներին (Ֆրանսիա եւ Անգլիա) դրդում է միացյալ ռազմական ռազմավարական կարողությունների ստեղծմանը: Այլ երկրներում (Գերմանիա, Նիդեռլանդներ), միտումների ուժգնացման տրամաբանությամբ («ոչ մի ամերիկյան ռումբ մեր տարածքներում», «ոչ` ատոմային էներգետիկային»)՝ դրդում սեփական կարողությունների համար տարածություն ազատելուն, դրանց գոյացման անհրաժեշտության գիտակցման համար պարարտ հող ստեղծելուն: ԱՄՆ-ի կողմից Թուրքիային (եւ արեւելաեվրոպական մի շարք երկրներին) որպես «մտահոգությունների փարատման միջոց» առաջարկված դերակատարումը՝ ԱՄՆ/ՆԱՏՕ հակահրթիռային համակարգի ստեղծման գործում, Թուրքիայի համար չի կարող հանդիսանալ ազգային սուվերենության նույնքան արդյունավետ երաշխիք, ինչպիսին որ ընկալվում է սեփական ռազմամիջուկային ներուժի առկայությունը: Ավելին, ԱՄՆ-ի կողմից իրականացվող հակահրթիռային համակարգի տարրերի տեղակայումը Թուրքիայի տարածքում լուրջ մտահոգություններ է առաջացնում Իրանում եւ Սիրիայում (միջնաժամկետ հեռանկարում` Սաուդյան Արաբիայում): Դեռ Սառը պատերազմի դասերից հայտնի է, որ հակահրթիռային պաշտպանությունը պարունակում է ռազմավարական ապակայունացման շոշափելի ներուժ: Այս դրույթն առավել քան արդարացված է Թուրքիայի պարագայում: Եվրոպայի հետ քաղաքական ինտեգրման ճանապարհին ծագած խոչընդոտները, տարիներ տեւած անպտուղ բանակցությունները Թուրքիայում ամրապնդում են «Եվրոպայից հիասթափությունը», սեփական կարողություններին ապավինելու, աշխարհի այլ տարածաշրջանների (Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածք) եւ տերությունների (Արգենտինա, Բրազիլիա, ՌԴ, Չինաստան, Ճապոնիա եւ այլն) հետ սերտ համագործակցություն հաստատելու ցանկությունը։ Դա հարցականի տակ է դնում ՆԱՏՕ ռազմական հատվածում Թուրքիայի գտնվելու արդյունավետությունը եւ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունը: 2. Տարածաշրջանային գործոններ Այս մակարդակում անհրաժեշտ է առանձնացնել հետեւյալ հանգամանքները: Արդեն տասնամյակներ Մեծ Միջին Արեւելքի տարածաշրջանում Իսրայելը միջուկային ռազմական տերություն է, որը հետեւողականորեն մերժում է իր միջուկային ծրագրի վրա միջազգային վերահսկման հաստատումը: Երկրի այս ռազմատեխնոլոգիական կարողությունը եւ նման դիրքորոշումը տասնամյակների ընթացքում ապահովում են Իսրայելի ազգային սուվերենությունը տարածաշրջանային բուռն գործընթացներում: Մյուս կողմից, Իսրայելի օրինակը տարածաշրջանի այլ երկրների մեջ ամրապնդում է սեփական միջուկային կարողությունների առկայության անհրաժեշտության գիտակցումը՝ որպես սեփական ազգային սուվերենության գերագույն երաշխիք: Վերջին տասնամյակում Իրանը հետեւողականորեն զարգացնում է սեփական միջուկային տեխնոլոգիաների տարրերը եւ միջուկային լիցքի հասցնելու կարողությունները: Իրանում ծավալուն միջուկային ծրագրի իրականացումը, տեխնոլոգիական առաջընթացը եւ այլ գործոններ ստիպում են Թուրքիային գիտակցել տարածաշրջանում Իրանին հավասարակշռելու, սեփական մրցունակությունը եւ տարածաշրջանային ազդեցությունն ապահովելու անհրաժեշտությունը, փնտրել դրանց իրականացման ուղիները [1]: Սիմետրիկ հավասարակշռման տրամաբանությունն անհրաժեշտաբար մղում է Թուրքիային՝ գիտակցելու սեփական միջուկային կարողությունների ձեւավորման անհրաժեշտությունը: Վերջին տասնամյակի ընթացքում ողջ Մեծ Միջին Արեւելքի տարածաշրջանում արձանագրվել էր սպառազինություն մրցավազքի սաստկացում կամ, այսպես ասած` «ատոմային զարթոնք» [2]: Մի շարք արաբական երկրներում իրականացվել էին ատոմային եւ միջուկային էներգետիկ, բժշկական եւ կիրառական այլ նշանակության ծրագրեր: Ստեղծվում էին համապատասխան ենթակառուցվածքի առանձին տարրերը: 2011թ. ընթացող «արաբական զարթոնքի» գործընթացները թիրախավորված էին առաջին հերթին տարածաշրջանի այն երկրներում, որոնք ժամանակին ունեցել են եւ/կամ շարունակում են ունենալ միջուկային նկրտումներ` Ալժիր, Թունիս, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա եւ Իրան: Ավելին, վերլուծական հանրությունում քանիցս արտահայտվել է այն կարծիքը, որ 2011թ. սկզբներին Մ.Քադաֆին եւ Հ.Մուբարաքը զղջացել էին, որ ժամանակին հրաժարվել էին սեփական միջուկային ռազմական ծրագրերից: Այսինքն՝ «ղեկավարվող անկայունությունների ժամանակաշրջանում» սեփական ազգային սուվերենության, թերեւս, միակ գործուն լծակից: Այս գիտակցումն ամրապնդվեց նաեւ սեփական միջուկային ծրագրից ժամանակին հրաժարված Ս.Հուսեյնի անձնական եւ Իրաքի ազգային ճակատագրի օրինակով: 3. Ազգային գործոններ Գաղափարախոսական բաղադրիչ` «Թուրքական Գոլիզմ». Ներկայիս ազգայնացվող եւ իսլամացվող Թուրքիայում առկա են սեփական «զսպման ռազմավարական ուժերի» ստեղծման անհրաժեշտության գիտակցումը, դրա գաղափարախոսական հենքը, քաղաքական կամքը եւ սոցիալական պատվերը: Համաձայն որոշ աղբյուրների, ներկայումս Թուրքիայի իշխող AKP կուսակցությունում բուռն քննարկվում են Թուրքիայի ՆԱՏՕ ռազմական բաղադրիչում դերակատարման հեռանկարները եւ սեփական «զսպման ռազմավարական կարողությունների» ստեղծման անհրաժեշտության հարցը [3]: Գաղափարախոսական տեսանկյունից ընթանում է ավանդական` արեւմտամետ «քեմալիստական» ժառանգության համադրում ավելի իսլամակենտրոն եւ արեւելակենտրոն ուժերի ու տեսակետների հետ: Այս՝ երրորդ քաղաքական, աշխարհայացքային ու աշխարհաքաղաքական ուղղությունը հատկանշական կերպով անվանվել է «Թուրքական Գոլիզմ», ինչն ընդգծում է դրա ժառանգական կապը Շ. դը Գոլի քաղաքականության ամենաբնութագրական տարրերի հետ` ուժեղ կողմնորոշում դեպի ազգայնականություն, ՆԱՏՕ ռազմական բաղադրիչից հեռացում, սեփական ազգային միջուկային ռազմատնտեսական կարողությունների ստեղծում [4, 5]: Թուրքիայի գաղափարախոսական եւ քաղաքական դաշտի նման զարգացումը հենվում է երկրի ինքնուրույն դերակատարման բարձրացման, սեփական կարողությունների ուժեղացման, տարածաշրջանային ավելի մեծ դերակատարման ստանձնման բարենպաստ հասարակական կարծիքի վրա՝ երկուստեք սնվելով դրանից եւ ուժեղացնելով այն: Համաձայն որոշ անկախ սոցիոլոգիական հարցումների, 2011թ. Թուրքիայի բնակչության ավելի քան 60%-ը կողմնակից է երկրի ավելի ինքնուրույն, տարածաշրջանում ավելի ազդեցիկ դերակատարման ստանձնմանը: Բացի այդ, Մեծ Միջին Արեւելքի արաբական երկրներում իրականացված հասարակական կարծիքի լայնամասշտաբ հարցման արդյունքները վկայում են, որ Թուրքիան է այն երկիրը, որն առավել կառուցողական դեր խաղաց «արաբական զարթոնքի» գործընթացներում: Այս երկիրը ստացել է հարցման ենթարկվածների մոտ 50%-ի հավանությունը՝ շատ առաջ անցնելով Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ ՌԴ-ից [6]: Ռազմական բաղադրիչ. Տասնամյակներ շարունակ Թուրքիայի տարածքում առկա է ԱՄՆ/ՆԱՏՕ ատոմային եւ ջերմամիջուկային զենքը: Ներկայումս այն ներկայացված է մի քանի տասնյակ ազատ անկման B-61 ընտանիքի փոփոխական լիցքով1 տակտիկական ջերմամիջուկային ռումբերով: Թուրքիայում կուտակված է ատոմային զենքի պահեստավորման, հսկման ու սպասարկման, ինչպես նաեւ ՆԱՏՕ «համատեղ ատոմային առաքելությունների» մասնակցության փորձը: Ջերմամիջուկային ռումբերի պահպանման ենթակառուցվածքներն ակտիվ վիճակում առկա են մեկ (Incirlik)՝ կոնսերվացված վիճակում, եւս չորս ռազմաօդային հենակայաններում2: Ենթակառուցվածքների, գիտատեխնոլոգիական եւ կադրային բաղադրիչ. Ժամանակակից Թուրքիայում առկա են կարողությունների եւ ենթակառուցվածքների կրիտիկական զանգվածի կուտակում, տնտեսական աճի բավարար տեմպ եւ գիտատեխնիկական զարգացման բավարար մակարդակ` ձեռնամուխ լինելու սեփական ատոմային կարողությունների ստեղծմանը: 1. Այսպես, Թուրքիայում անցած 30 տարիների ընթացքում ատոմային վառելիքային ցիկլի բոլոր փուլերի մասով ստեղծված ու կուտակված է փոքրածավալ եւ/կամ փորձարարական արտադրության փորձառություն. ուրանային հումքի արդյունահանում, մշակում, խտացում, («դեղին մածուկ»3), հարստացում, վառելիքային հաբերի եւ ձողերի պատրաստում: Ստեղծված են նաեւ վառելիքային թափոնների փոքրածավալ մշակման եւ երկարաժամկետ պահեստավորման ենթակառուցվածք, ռադիացիոն դոզիմետրիայի եւ անվտանգության ծառայություններ: Գործում է ճյուղավորված եւ ինտեգրացված Թուրքական ատոմային էներգիայի գործակալության (TAEK) համակարգը` իր երկու հիմնական ազգային (Սարակոյու եւ Չեքմեչեի) ատոմային կենտրոններով ու առանձին կայանքներով` Ատոմային վառելիքի պիլոտային գործարան, Ռադիոակտիվ թափոնների մշակման եւ պահեստավորման կայանք, երկու հետազոտական ռեակտորներ: TAEK-ից զատ գործում է Հանքերի հետազոտման եւ շահագործման տնօրինության MTA Technologies Lab կենտրոնը, որը մասնագիտացված է ատոմային վառելիքի հանքարդյունահանման եւ մշակման խնդիրների մեջ: Իրականացվում են լայնածավալ հետազոտական եւ փորձարարա-կոնստրուկտորական հետազոտություններ ատոմային ֆիզիկայի եւ ատոմային էներգետիկայի հիմնարար ու կիրառական ասպարեզներում, միջուկային սինթեզի, լազերային տեխնիկայի, արագացուցչային ֆիզիկայի տարատեսակ կիրառական ասպեկտների ուղղությամբ: Իրականացվում է կադրերի պատրաստում: 2. 1996թ. Թուրքիայի Գիտական եւ տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TÜB?TAK) հովանու ներքո ստեղծվել են Թուրքիայի Ակադեմիական ցանցը եւ Տեղեկատվական կենտրոնը (ULAKBIM): 2003թ. ULAKBIM-ի նախաձեռնությամբ ստեղծվեց TR-Ggridհամաթուրքական համակարգչային ցանցը: Այն նախատեսված է կոնսոլիդացնելու գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հասանելի հաշվարկային հզորությունները, ապահովելու մեծ տեղեկատվական պաշարներ պահանջող համակարգչային մոդելավորումների իրականացումը, կազմակերպելու գերարագ տեղեկատվության փոխանակում: TR-Ggrid ցանցի մեջ են մտնում Թուրքիայի յոթ համալսարաններ, ուր կենտրոնացած են ատոմային եւ միջուկային ֆիզիկայի ու այլ հարակից ասպարեզների ուսումնասիրությունների ծրագրերը, ULAKBIM կենտրոնը եւ TAEK-ը՝ իր կառույցներով եւ միջուկային հետազոտական կենտրոններով: 3. Դատելով բաց աղբյուրներում բերվող տեղեկատվությունից՝ 1998-2009թթ. Թուրքիայի գիտական, տեխնոլոգիական եւ նորարարական ոլորտներն աննախադեպ զարգացում են ապրել նշված ոլորտների գրեթե բոլոր բաղադրիչներով: Այսպես, նշված ժամանակահատվածում. ավելի քան եռապատկվել են հետազոտական եւ զարգացման (R&D) վրա ներքին համախառն ծախսերը (ՀԶՆԾ): Դրանք աճել են 1998թ. $2 մլրդ-ից մինչեւ $9 մլրդ-ի` 2009թ. (արժեքները բերվում են՝ ճշգրտված ըստ գնողունակության` PPP $): Այս ցուցանիշով Թուրքիան գերազանցում է ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշն ավելի քան չորս անգամ, կրկնապատկվել է ՀԶՆԾ համամասնությունը ՀՆԱ-ի նկատմամբ` 1998թ. 0.37% ցուցանիշից հասնելով 0.85%-ի` 2009թ.: Համաձայն մի շարք պաշտոնական աղբյուրների, ազգային թիրախն այստեղ հանդիսանում է այն, որ 2013թ. ՀԶՆԾ ծավալները հասցվեն մինչեւ ՀՆԱ 2%-ը, եռապատկվել է հետազոտական եւ զարգացման ոլորտներում զբաղված անձնակազմի եւ հետազոտողների թվաքանակը, աճել է երիտասարդ հետազոտողների տոկոսային բաղադրիչը, քառապատկվել է գիտական հրապարակումների քանակը: Գիտական հոդվածների քանակի աճի տեմպով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Հ.Կորեային, տասնապատկվել է արտոնված ազգային պատենտների քանակը, աճել է արտոնված միջազգային պատենտների քանակը, առկա է ատոմային էներգետիկայի զարգացման հստակ ծրագիր, որը գտնվում է իրականացման փուլում: Եզրակացություն Մի շարք հանգամանքների համատեղման հետեւանքով ներկայումս զգալիորեն աճել է Թուրքիայում ռազմական եւ խաղաղ օգտագործման ատոմային ծրագրերի գործնական իրականացման հավանականությունը: Թուրքիայի ատոմային նկրտումներն ունեն գրեթե կեսդարյա պատմություն, սակայն ներկայիս իրադրությունն անհրաժեշտ է համարել աննախադեպ` մի շարք գործոնների միաժամանակյա առկայության ու դրանց զուգամիտման, փոխադարձ ուժգնացման շնորհիվ: 1Այսպես կոչված «dial-a-yield» համակարգ: Նկատենք, որ բացի B-61 mod 3 եւ mod 4 ազատ անկման ռումբերից, այս ընտանիքին է պատկանում նաեւ B-61 mod 11 մարտագլխիկը, որն օգտագործվում էր «Փերշինգ II» տիպի բալիստիկ հրթիռներում (W85) [7]: 2Erhac, Eskishir, Balikesir, Akinci (Murted): 3MTA Technology Lab - Uranium Ore Processing. NFCIS Facility Report. http://nucleus.iaea.org. Աղբյուրներ եւ գրականություն Ülgen, Sinan, Turkey, Iran, and the Bomb. Euractiv, March 26, 2012. Nuclear Programmes in the Middle East: In the Shadow of Iran, ed. Mark Fitzpatrick. London,The International Institute for Strategic Studies, 2008. Turkey exploits «window of opportunity», moving rapidly to acquire nuclear weapons. World News Tribune, Sunday, Jan. 16, 2011. Ta?pinar, Ömer, The Rise of Turkish Gaullism: Getting Turkish-Aamerican Relaitions Right. Insight Turkey, v. 13, No. 1, 2011. Ta?pinar, Ömer, The Three Strategic Visions of Turkey. Brookings Institution, Center on the US and Eourope. March 8, 2011. Մարջանյան Արա, Ժան Բոդրիյարի «Սիմուլյակրը» եւ Բարաք Օբամայի «Medz Yeghern»-ը. Մաս Բ. «le May 1968»: «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #3 (43), 2012թ., էջ 5-27: Annual Arab Public Opinion Survey. A.Sadat Chair for Peace and Development. University of Maryland, 2011. Kalyoncu, Mehmet, Why, when and how Turkey becomes a nuclear power (Part 1 and 2). http://www.todayszaman.com/newsDetail_getNewsById.action?load=detay &link=153561 U.S. Department of Defense. Nuclear Posture Review Report, April 2010. Արա Մարջանյան «Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2012
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play