Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը իր ամուսնու` Ֆիլիպ Էդինբուրգցու հետ սկսում է պատմական այցը Իռլանդիա: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Իռլանդիայի 1921թ. անկախացումից հետո սա բրիտանական միապետի առաջին այցն է այդ երկիր: Այն տեւելու է 4 օր, որի ընթաքում պլանավորված է այց Դուբլինի երկու հուշարձաններ, որոնցից մեկը նվիրված է Բրիտանական կայսրության դեմ ավելի քան 80 տարի առաջ պայքար մղած եւ Իռլանդիային անկախություն բերած մարտիկներին:
Թագուհու այցելության ժամանակ ինչպես Իռլանդիայում, այնպես էլ Բրիտանիայում ուժեղացվել են անվտանգությունը: Ըստ տեղեկությունների, դրա պատճառ է հանդիսացել ոստիկանության հայտնաբերած կոդավորված մի հաղորդագրություն Լոնդոնում հնարավոր պայթյունի մասին, իբր կազմակերպված իռլանդացի ծայրահեղականների կողմից: