Ադրբեջանը կենսաբանական զենք ունի՞


Ադրբեջանը կենսաբանական զենք ունի՞

  • 11-05-2012 10:30:06   | Ադրբեջան  |  Վերլուծություն

Ռազմաքաղաքական հակամարտությունների պայմաններում կարեւորվում է հակառակորդի զինված ուժերի եւ հատկապես զանգվածային ոչնչացման զենքերի վերաբերյալ հավաստի տեղեկությունների առկայությունը: Սույն վերլուծությունը նպատակ ունի պարզելու Ադրբեջանի կողմից կենսաբանական զենքերի1 տնօրինման եւ դրանց հնարավոր կիրառման հետ կապված հարցերը: 1. Խորհրդային ժառանգությունը եւ արդի վիճակը Խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանի հակաժանտախտային ենթակառույցները եղել են ԽՍՀՄ հակաժանտախտային համակարգի բաղկացուցիչ մասը: Այդ համամիութենական համակարգը նախկինում բաղկացած էր վեց ինստիտուտներից, 29 տարածաշրջանային հակաժանտախտային կայաններից եւ 53 դաշտային հակաժանտախտային կայաններից: «Ժանտախտ» տերմինը վերը նշված համակարգում օգտագործվում էր լայն իմաստով եւ վերաբերում էր առավել մեծ վտանգավորություն ներկայացնող վարակիչ հիվանդություններին, ինչպիսիք են սիբիրախտը, բրուցելյոզը, այտուցային ժանտախտը, կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդը եւ տուլարեմիան: ԱՄՆ-ում գործող «Ջեյնի տեղեկատվական խումբ» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տվյալներով2՝ 1960-ական թվականներից սկսած Խորհրդային Միության հակաժանտախտային համակարգի առանձին ստորաբաժանումներ համագործակցել են ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հետ կենսաբանական զենքերի մշակման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նույն Ջեյնի կենտրոնի տվյալների համաձայն, խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում հակաժանտախտային համակարգի շրջանակներում պատվաստանյութեր արտադրող լաբորատորիաներն ունեին կենսաբանական նյութերի երկակի (խաղաղ եւ ռազմական) օգտագործման հնարավորություններ: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը վերակառուցեց 1963 թվականից ի վեր գործող իր հակաժանտախտային համակարգը: Ներկայումս այն բաղկացած է երեք հիմնական ստորաբաժանումներից՝ լաբորատոր, համաճարակագիտական եւ կենդանաբանական պարազիտոլոգիայի ստորաբաժանումներից: 2010թ. դրությամբ այդ համակարգն ուներ շուրջ 400 աշխատակից, որոնց մոտ կեսը բժիշկներ եւ լաբորանտներ էին, իսկ մյուս մասը՝ օժանդակ գործառույթներով աշխատակիցներ3: 2005թ. սեպտեմբերին ամերիկյան «Չիկագո Թրիբյուն» թերթը հրապարակեց իր թղթակից Ջեֆ Զելենիի «ԱՄՆ-ը նախկին խորհրդային հանրապետությունից ստանում է ախտածին միկրոօրգանիզմներ» վերտառությամբ նյութը. «Բաքու, Ադրբեջան: Բակտերիաների ավելի քան 60 վտանգավոր եւ մահաբեր տեսակներ, որոնք նախկին Խորհրդային Միության կենսաբանական զենքերի հարցերով ծավալուն ծրագրի ժառանգությունն են, ուրբաթ օրը Ադրբեջանից տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ՝ որպես երկու երկրների կողմից կենսաբանական ահաբեկչության սպառնալիքի դեմ համատեղ պայքարի քայլերից մեկը: Բակտերիաների նմուշները, այդ թվում՝ ժանտախտ եւ սիբիրախտ առաջացնող տեսակները, գաղտնիության քողի տակ իրականացված առաքելությամբ Բաքվից տեղափոխվեցին ԱՄՆ ռազմական օդանավով: Հիվանդաբեր միկրոօրգանիզմները, ըստ պաշտոնյաների տեղեկատվության, շաբաթ օրը կհասցվեն ռազմաօդային ուժերի Դելավերում տեղակայված Դովեր ռազմակայան: Պետական հաստատությունների գիտնականները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կսկսեն դրանց ուսումնասիրությունները»4: «Միջուկային սպառնալիքի դեմ նախաձեռնություն»5 կազմակերպության հրապարակումից լրացուցիչ պարզվում է, որ վերը նշված առաքելության միջոցով Ադրբեջանը ԱՄՆ-ին տրամադրել է ժանտախտի, սիբիրախտի, խոլերայի եւ այլ վտանգավոր հիվանդությունների հարուցիչների 62 յուրօրինակ տեսակների 124 նմուշ: Այդ նմուշները փոխադրվել են Վաշինգտոն քաղաքում գտնվող ԱՄՆ Զինված ուժերի ախտաբանական ինստիտուտ, որտեղ ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ Ադրբեջանի հետազոտողների կողմից կատարվելու են համատեղ ուսումնասիրություններ: Հավելյալ մանրամասնություններ են պարունակվում Բաքվի «Էխո» թերթի հրապարակման մեջ6: Թերթը, մասամբ հղում կատարելով «Չիկագո Թրիբյունին», ընթերցողներին տեղեկացնում է ադրբեջանական իշխանությունների կողմից ԱՄՆ-ին կենսաբանական զենք հանդիսացող ավելի քան 60 հարուցիչներ փոխանցելու մասին: Այդ նմուշների փոխանցումը հնարավոր է դարձել ամերիկյան սենատոր Ռիչարդ Լուգարի Ադրբեջան կատարած այցի շնորհիվ: Լուգարը հայտարարել է, որ հետազոտությունների արդյունքում ստացվելիք տվյալները կարեւոր են լինելու «ահաբեկչության դեմ պատերազմում եւ կենսաբանական հարձակումներին հակազդելու գործում»: Ընդգծվում է, որ Ադրբեջանից ստացված հարուցիչները կարող են աջակցել ԱՄՆ-ում չորս տարի առաջ իրականացված կենսաբանական հարձակման մանրամասները պարզելու խնդրին: Ադրբեջանական հարուցիչները սառեցման հատուկ հարմարանքների միջոցով գաղտնիության պայմաններում տեղափոխվել են օդանավակայան, ուր փոխանցվել են ԱՄՆ ռազմական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցչին՝ ԱՄՆ փոխադրվելու համար: Հիվանդաբեր հարուցիչները նախ տեղափոխվել են Գերմանիայում տեղակայված ամերիկյան ռազմաօդային կայան, իսկ այնուհետեւ հասցվել են ԱՄՆ: Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչները հանրությանը հայտնի դարձած փաստերը համարեցին կասկածելի՝ հայտարարելով, որ իրենց այդ մասին ոչինչ հայտնի չէ7: Դրան հետեւեց ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալության կողմից՝ իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով, Բաքվում ԱՄՆ դեսպանությանը դիմելու ակցիան: Ի պատասխան՝ դեսպանության ներկայացուցիչը հաստատել է ախտածին հարուցիչների փոխանցման փաստը եւ հայտարարել, որ այդ փոխանցումն իրականացվել է երկու երկրների կառավարությունների ստորագրած Կենսաբանական զենքի տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում: Դեսպանատան ներկայացուցիչն անհրաժեշտ է գտել նաեւ հայտարարել. «ԱՄՆ կառավարությունը հաստատում է, որ Ադրբեջանը չունի կենսաբանական զենք: Վերջերս ԱՄՆ-ին փոխանցված հարուցիչները հավաքվել են բնական, հիվանդ կրողներից: Սակայն այդ հարուցիչները կարող են օգտագործվել կենսաբանական զենք արտադրելու համար»: Միջազգային սոցիալ-էկոլոգիական միության հաղորդմամբ8՝ Ռիչարդ Լուգարը լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանից վիրուսները ԱՄՆ փոխադրելու համաձայնությունը ձեռք է բերվել Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների շնորհիվ: Լուգարն այդ քայլն անվանել է կենսաբանական զենքի նյութերի եւ տեխնոլոգիաների տարածման դեմ համագործակցության օրինակ: Այդ համագործակցության շրջանակներում ԱՄՆ-ը աջակցելու է Ադրբեջանին՝ վերջինիս Ախտածին նյութերի կենտրոնական լաբորատորիայում անվտանգության պայմանների կատարելագործման հարցում: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական մասնագետներին հնարավորություն է ընձեռվելու ստաժավորվել ԱՄՆ-ում: Միջազգային սոցիալ-էկոլոգիական միության հրապարակման մեջ9 Ադրբեջանում կենսաբանական զենքի առկայության խնդրի շուրջ կատարվում է հիմնավորված հարցադրում. «Անկախ Ադրբեջանը չի կարող ունենալ կենսաբանական զենք սկզբունքորեն: Եթե չլիներ մի «բայց»՝ ԽՍՀՄ ունեցվածքի, այդ թվում եւ ռազմական ունեցվածքի բաժանումը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել խառնակ ժամանակներում: Եվ Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ին վիրուսների 124 նմուշ փոխանցելը, ըստ էության, կարող է նշանակել Ռուսաստանի ռազմակենսաբանական գաղտնիքների բացահայտում… Արդյո՞ք մեր առաջ հետնաբեմային քաղաքական առեւտրի մի օրինակ չէ»: 2005թ. մեկ այլ հրապարակումից10 պարզվում է, որ «Ադրբեջանից ստացված ախտածին նմուշները, հարեւան Վրաստանի հետ նախորդ տարի ձեռք բերված մեկ այլ համաձայնագրի հետ մեկտեղ, ԱՄՆ գիտնականներին հնարավորություն են տալիս ավելի շատ բան իմանալ խորհրդային ժամանակաշրջանի կենսաբանական զենքերի վերաբերյալ ծրագրերի մասին»: 2. Չունի՞ արդյոք Ադրբեջանը կենսաբանական զենք Զանազան պաշտոնական հայտարարություններում հաճախ հատուկ շեշտադրվում է. «Ադրբեջանը չունի կենսաբանական զենք» (Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ)11, կամ՝ «Չկան ապացույցներ, որոնք վկայեին, թե Բաքուն ունի կենսաբանական զենք», կամ՝ «ձգտում է նման զենքի արտադրության հնարավորությունների ստեղծմանը» («Միջուկային սպառնալիքի դեմ նախաձեռնություն» կազմակերպություն)12: Երբեմն, վերն ասվածին զուգընթաց, նաեւ հաստատվում է այն իրողությունը, որ Ադրբեջանի տրամադրության տակ եղած մահաբեր միկրոօրգանիզմները «կարող են օգտագործվել կենսաբանական զենք արտադրելու համար» (Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ)13: Դրա հետ մեկտեղ, ընդունվում է նաեւ այն փաստը, որ դեռեւս Խորհրդային Միության ժամանակաշրջանում Ադրբեջանում հակաժանտախտային համակարգի շրջանակներում պատվաստանյութեր արտադրող լաբորատորիաներն ունեին կենսաբանական նյութերի երկակի (խաղաղ եւ ռազմական) օգտագործման հնարավորություններ («Ջեյնի տեղեկատվական խումբ»)14: Դրան պետք է ավելացնել նաեւ այն, որ ադրբեջանական մասնագետները վերջին տարիներին մասնագիտական ստաժավորում են անցնում ամերիկյան վիրուսաբանական բարձրակարգ հաստատություններում: Ոմանք հաշվի են առնում նաեւ այն հանգամանքը, որ «ռազմական ունեցվածքի բաժանումը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել խառնակ ժամանակներում» (Միջազգային սոցիալ-էկոլոգիական միություն)15 եւ որ այդ պայմաններում գործնականում հնարավոր էր ստանալ կամ պահպանել ունեցած ամեն բան, ներառյալ զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Բոլոր դեպքերում, այն փաստը, որ Ադրբեջանն իր տրամադրության տակ ունի առնվազն 62 տեսակի մահաբեր միկրոօրգանիզմների նմուշներ, անժխտելի փաստ է: Այժմ փորձենք հասկանալ այն անձանց տրամաբանությունը, ովքեր ընդունում են, որ Ադրբեջանն ունի կենսաբանական զենքի հիմքը կազմող միկրոօրգանիզմներ, սակայն միաժամանակ պնդում են, թե այդ երկիրը չունի կենսաբանական զենք: Տրամաբանությունը, ամենայն հավանականությամբ, հետեւյալն է. կենսաբանական զենքը տարածվում է հատուկ մարտագլխիկներով հրթիռների, հրետանային արկերի եւ ավիացիոն ռումբերի միջոցով, եւ եթե դրանք չեն հայտնաբերվել Ադրբեջանում, ուրեմն Ադրբեջանը կենսաբանական զենք չունի: Սակայն զինված հակամարտություններում կիրառվող միջոցների վերաբերյալ նման դասական մոտեցման կողմնակիցներն անտեսում են այն հանգամանքը, որ թվարկվածով ամենեւին էլ չեն սպառվում կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունները: Իրականում այդ զինանոցում հայտնի են նաեւ այլ միջոցներ16` վարակի հարուցիչներ պարունակող ծրարներ, պարկեր, տուփեր օդանավից վայր նետելը, օդանավից վարակակիր միջատներ տարածելը, դիվերսիոն մեթոդները եւ այլն: Բառացի մեջբերենք համացանցում հրապարակված օրինակներից մի քանիսը. «Որոշ դեպքերում վարակիչ հիվանդություններ տարածելու համար հակառակորդը կարող է նահանջի ժամանակ թողնել վարակված կենցաղային առարկաներ` հագուստ, սննդամթերք, ծխախոտ եւ այլն: Հիվանդությունն այդ դեպքում կարող է առաջանալ վարակված առարկաների հետ անմիջական շփման հետեւանքով: Հնարավոր է նաեւ նահանջի դեպքում վարակակիր հիվանդներին կանխամտածված կերպով թողնելը, որպեսզի նրանք դառնան զորքերի եւ բնակչության վարակման աղբյուր»17: Այսպիսով, ստացվում է մի անհեթեթ իրավիճակ. Ադրբեջանը կենսաբանական զենք իրավաբանորեն չունի, սակայն փաստորեն ի վիճակի է այն կիրառել՝ առանց հատուկ ռազմական սարքավորումների (հատուկ մարտագլխիկներով հրթիռների, հրետանային արկերի եւ ավիացիոն ռումբերի) ձեռքբերման: Քննարկվող խնդրի առումով հետաքրքրություն կարող է ներկայացնել Բի-Բի-Սի-ի կողմից 2001թ. հոկտեմբերի 30-ին հեռարձակված հետեւյալ տեղեկությունը, որը ներկայացնում ենք ըստ «Ազգ» օրաթերթի հրապարակման. «Երեկ BBC հեռուստակայանը հաղորդեց, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ եւ 2001թ. Նյու Յորքի եւ Վաշինգտոնի ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող սաուդցի Ուսամա բեն Լադենն իր գլխավորած «Ալ Ղաիդա» կազմակերպության էմիսարների միջոցով փորձել է Հեյդար Ալիեւից ձեռք բերել քիմիական եւ կենսաբանական զենք: BBC-ն չմասնավորեցրեց, թե համագործակցության արդյունքում հաջողվե՞լ է բեն Լադենին ձեռք բերել քիմիական եւ կենսաբանական զենք»18: Ինչպես տեսնում ենք, առեւտրի կողմերն ու առարկան հայտնի են, իսկ գործարքի վերջաբանը` ոչ: Ուշագրավ կարող է լինել նաեւ այլ աղբյուրներից հանրությանը հայտնի դարձած հետեւյալ փաստը. «1998 թվականին դեսպանատների պայթյուններից հետո Ադրբեջանը ենթարկվեց իր տարածքում ծայրահեղական իսլամական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ ԱՄՆ աճող ճնշումներին: Այնուհանդերձ, Ադրբեջանը հրաժարվեց կասկածյալ ահաբեկիչներին ԱՄՆ-ին հանձելուց՝ «չարժանանալու համար իսլամական արմատականների ցասմանը»: Դրա փոխարեն Ադրբեջանը նրանց վերադարձրեց իրենց երկրներին: Իր երկրին հանձնված կասկածյալ ահաբեկիչներից մեկը` Ահմադ Սալամ Մաբրուքը, որն այդ ժամանակ գլխավորում էր «Ալ Ղաիդայի» տեղական բաժանմունքը, ձերբակալվել էր Ադրբեջանում քիմիական եւ կենսաբանական զենքեր ձեռք բերելու ջանքերի ընթացքում»19: Տեղին կլինի հիշել Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ռազմավարական ծրագրավորման ծառայության ղեկավարի՝ քննարկվող հարցերին համահունչ դիտարկում-նախազգուշացումը. «Երկբեւեռ աշխարհում հոգեբանական արգելք գոյություն ուներ ոչ միայն միջուկային, այլեւ կենսաբանական զենքի հանդեպ»,- նշում է Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ռազմավարական ծրագրավորման ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոբյանինը: Ըստ նրա` այդ արգելքն արդեն վաղուց «կոտրվել» է. մի շարք երկրներ սկսել են նորից զբաղվել կենսաբանական զենքի մշակմամբ եւ փորձարկումներով: «Կառավարման միջազգային մեխանիզմները չեն գործում. ազգային պետությունները պարզապես արհամարհում են դրանք»,- ավելացնում է Սոբյանինը20: Երբեմն միջազգային հանրության սեփականությունն են դառնում առանձին տեղեկություններ, որոնք վերաբերում են սովորական զինատեսակներից տարբերվող այլ զենքերի միջպետական առեւտրի դեպքերին: Թեեւ արեւմտյան երկրների կառավարությունները հարաբերական զգուշավորություն են ցուցաբերում այլ պետություններին նորագույն զինատեսակներ վաճառելու հարցում, այնուհանդերձ, այդպիսի խոչընդոտները չեն կարող անհաղթահարելի դիտվել պոտենցիալ գնորդների համար: Սույն հարցին անմիջականորեն առնչվում է «Վիքիլիքսի» հրապարակած Բաքվում ԱՄՆ դեսպանի զեկույցն իր ղեկավարությանը, ուր նա մասնավորապես նշում է. «Իսրայելի հետ սերտ հարաբերությունների շնորհիվ Ադրբեջանի համար մատչելի են դարձել իր բանակի կատարելագործմանն ուղղված այնպիսի բարձրակարգ զենքերի համակարգեր, որոնք զանազան իրավական սահմանափակումների պատճառով Ադրբեջանը չի կարող ձեռք բերել ո՛չ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, ո՛չ էլ նախկին խորհրդային մատակարարներից՝ Բելառուսից եւ Ուկրաինայից»21: Նույն աղբյուրում նշվում է, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերում հրետանի, զինամթերք, ռադիոսարքավորումներ, ինչպես նաեւ հրթիռային հրետանու տարբեր տեսակներ: Սա Ադրբեջանի կողմից այլ պետություններից կատարվող ներկրման վերաբերյալ ընդամենը առանձին տեղեկություն է, որն ինքնին բավարար հիմք չէ ներկրվող զենքերի ողջ տեսականու մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, սակայն լիովին բավարար է գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Ադրբեջանում կենսաբանական զենքերի հետ կապված իրավիճակի շուրջ տեղեկությունները, ըստ իս, մասամբ կարելի է լրացնել հարեւան Վրաստանի հետ զուգահեռներ անցկացնելու միջոցով, քանի որ վերջինս խորհրդային ունեցվածքի միեւնույն ժառանգության եւ ավանդույթների կրողն է: Վրաստանի մասով հանրությանը հայտնի են դարձել որոշ տեղեկություններ, որոնց վերաբերյալ համառոտ տեղեկություններ ենք ներկայացնում ստորեւ: «Նորաթերթ»-ի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Վրաստանը կենսաբանական զենք է ստեղծում: Ինչո՞ւ» հրապարակման մեջ ասվում է. «Ֆրանսիացի լրագրողներին հայտնի է դարձել, որ միջազգային անասնահամաճարակային գրասենյակը տվյալներ ունի, ըստ որոնց՝ Վրաստանը կենսաբանական զենքի տարածումը կանխելու ծրագրի իրականացման քողի տակ զբաղվում է իր տարածքում զանազան վիրուսների ստեղծմամբ: Ինչպես տեղեկացնում է բուլղարական Bulgarian News Network (bnn) կայքը, ԱՄՆ (ԱՄՆ բանակի վարակիչ հիվանդությունների բժշկական հետազոտությունների ինստիտուտ՝ USAMRIID, Ֆորտ Դեթրիք) եւ Վրաստանի (Թբիլիսիի Մանրէակիրների, միկրոկենսաբանության եւ վիրուսաբանության ինստիտուտ) միկրոկենսաբաններն ու վիրուսաբանները զբաղվում են խոլերայի հարուցիչների եւ դրանց նույնականացման մեթոդների ուսումնասիրությամբ: ...ԱՄՆ եւ Վրաստանի գիտնականների համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ջրամբարներում հետազոտել որոշակի շտամները, այլեւ պայմաններ է ստեղծում դրանցից ի սկզբանե առավել ախտածինների գենետիկական փոխակերպումների մեթոդիկայի մշակման համար` հետագայում դրանք որպես կենսաբանական զենք օգտագործելու նպատակով: ...Նշանակալի է այն փաստը, որ քննարկվող համատեղ հետազոտությունների շրջանակում վրացական կողմի գլխավոր գործընկերը USAMRIID-ն է, հաստատություն, որը զբաղվում է հատկապես միկրոօրգանիզմներն իբրեւ կենսաբանական զենք օգտագործելու հնարավորությունների ուսումնասիրմամբ: ...Որպես կանոն, խոշոր տերությունները խուսափում են իրենց տարածքներում վտանգավոր լաբորատորիաներ ստեղծելուց եւ գերադասում են դրա համար օգտագործել երրորդ երկրներ: Փորձագետների կարծիքով, այս ծրագիրը կարող է ծառայել նաեւ զուտ ռազմական նպատակների»22: Նույնաբովանդակ տեղեկություններ են պարունակվում նաեւ «Հայաստան-Արցախ» կայքում 2011թ. մայիսի 31-ին տեղադրված «Կենսաբանական զենք Ջավախքի դե՞մ» հոդվածում23: Քննարկվող հարցերի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից կենսաբանական զենք չկիրառելու վերաբերյալ կնքված միջազգային եւ երկկողմ համաձայնագրերը չեն կարող բավարար երաշխիք ծառայել հարեւան երկրների համար: Նման հարցերում արդարացված չի լինի հավատ ընծայել մի երկրի, որը ազգայնամոլական եւ ծավալապաշտական դիրքերից մշտապես խախտել եւ խախտում է բոլոր հնարավոր միջազգային նորմերն ու պարտավորությունները: Հնարավոր չէ անտեսել նաեւ այդ երկրի բնակչության մեջ պատմականորեն տիրապետող ցեղասպանական մշակույթը, հոգեբանությունը եւ ավանդույթները: Ադրբեջանի կողմից զանգվածային ոչնչացման զենքեր մինչ այժմ չկիրառելու պատճառը կարելի է տեսնել զուտ գործնական հանգամանքներում, ինչպիսիք են` հակահարված ստանալու վախը, գերտերությունների բացասական վերաբերմունքն այլ պետությունների կողմից նման զենքերի կիրառման փաստերի հանդեպ, միջազգային պատժամիջոցներ կիրառվելու սպառնալիքը եւ այլն: Այսինքն՝ իրավիճակը նպաստավոր չէ արտառոց քայլերի դիմելու համար: Իրավիճակը, սակայն, քարացած չէ եւ միշտ չէ, որ կանխատեսելի է: 3. «Ավագ եղբոր» գործոնը Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական սերտաճման ներկայիս վիճակը՝ Հայաստանին (այսինքն` Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը) վերաբերող հարցերում արդարացի չի լինի այդ երկրների ռազմական կարողությունները միմյանցից մեկուսացված քննարկելը: Այս նկատառումից ելնելով՝ համառոտ անդրադարձ կատարենք Թուրքիայի կողմից զանգվածային ոչնչացման զենքեր ունենալու խնդրին: Բազմաթիվ աղբյուրներ բազմիցս անդրադարձել են Թուրքիայում զանգվածային ոչնչացման զենքերի առկայության եւ դրանց առանձին տեսակների կիրառման փաստերին: Այսպես, Գլոբալիզացիայի ուսումնասիրության կենտրոնի կայքը24 տեղեկացնում է, որ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը հաստատել է, որ Թուրքիան իր տրամադրության տակ ունի ամերիկյան արտադրության միջուկային զենքեր: Թուրքիան, որը Իրանի դեմ ամերիկյան կոալիցիայի կազմում է, Ինջիրլիք ռազմակայանում ունի B61 տիպի մոտ 90 ջերմամիջուկային ռումբ եւ դրանք նպատակակետին հասցնելու կարողություններ: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայում բացահայտ կոչեր են հնչում այդ երկրում միջուկային զենքի սեփական արտադրություն սկսելու անհրաժեշտության մասին: Օրինակ, թուրքական մեջլիսի (Ազգային մեծ ժողովի) պատգամավոր Հալուկ Օզդալգան հրապարակավ խոսում է այն մասին, որ Թուրքիան ներկայումս պետք է «նախաձեռնի միջուկային տեխնոլոգիաների գծով լավ մտածված եւ համապարփակ ծրագիր»: Այդ ծրագիրը, ըստ պատգամավորի, պետք է ուղղված լինի սեփական միջուկային արտադրության համար անհրաժեշտ կարողությունների մշակմանը: «Թուրքիան,- ըստ նույն պետական գործչի,- պետք է նաեւ մեծացնի իր կառավարվող հրթիռների գործողության շառավիղը»25: Միջուկային զինատեսակներին փաստացի տիրապետելու եւ դրանց հետագա կատարելագործման բացահայտ ծրագրերի կողքին, Թուրքիան նաեւ սպառնալիք է ներկայացնում այդ զենքերի տարածման հարցում: «Միջուկային պատասխանատվության կոալիցիա» կանադական կազմակերպությունը բացահայտում է26 Թուրքիայի կողմից Պակիստանին միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր մատակարարելու փաստերը: Տարբեր լրատվամիջոցներով բազմիցս հաղորդումներ են եղել նաեւ Թուրքիայի կողմից քրդերի դեմ քիմիական զենքի կիրառման փաստերի մասին27: Ուշագրավ է նաեւ այն տեղեկատվությունը, որ մաքսանենգությամբ Թուրքիա բերված քիմիական եւ կենսաբանական զենքերը հնարավոր է, որ օգտագործվեն Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանությունների դեմ ահաբեկչական գործողություններ կատարելու համար28: Թուրքիայում զանգվածային ոչնչացման զենքերի տիրապետման, օգտագործման եւ տարածման հարցերում ներկայացված ամենաթողության իրավիճակը հարկադրում է մտահոգվել նաեւ Թուրքիա-Ադրբեջան համատեղ գործողությունների (բացահայտ կամ քողարկված) հեռանկարների մասին: 4. Հակահայկական քարոզչությունը Ադրբեջանի կողմից փաստացի կենսաբանական զենքեր ունենալու վերաբերյալ տեղեկատվության եւ փաստերի առկայության պայմաններում ամենեւին զարմանալի չի թվում, որ Ադրբեջանը հետեւողականորեն հենց Հայաստանին է մեղադրում կենսաբանական զենք ունենալու եւ կիրառելու մեջ: Զարմանալի չի թվում, քանի որ դա թուրք-ադրբեջանական ավանդական գործելաոճն է, որի ականատեսն ենք բոլոր ասպարեզներում (պատմական եւ մշակութային հուշարձանների ոչնչացում, Խոջալուի «ցեղասպանություն», հրադադարի խախտումներ եւ այլն): Օրինակ, 1992թ. Ադրբեջանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ հայտարարելով, թե հայերն իրենց դեմ կիրառել են քիմիական զենք29: 1992թ. հունիսի 19-ին գլխավոր քարտուղարն Ադրբեջան է գործուղել մասնագետների միջազգային թիմ, որի կատարած ուսումնասիրությունների արդյունքում հերքվել են ադրբեջանական պնդումները: Այլ օրինակներ. «Հայերը ծրագրում են հակամարտության վերսկսման դեպքում սիբիրախտ պարունակող կենսաբանական զենքերի միջոցով գերեզմանոցների վերածել Նախիջեւանի եւ Գյանջայի ուղղությամբ ադրբեջանական ընդարձակ տարածքները»30: Ոմն Ռովշան Նավրուզօղլու Յունուս Օգուզ Արցախի Հանրապետությանը մեղադրում է բոլոր հնարավոր հանցագործություններում՝ միասնական փաթեթով, որն ընդգրկում է ահաբեկչությունը, թմրամիջոցների արտադրությունը եւ փոխադրումը, միջուկային թափոններ այրելը, գերված երեխաների եւ կանանց առեւտրի կենտրոններ ունենալը, էկոլոգիական եւ հոգեւոր ահաբեկչությունը, ահաբեկիչների վարժակայանները, զանգվածային ոչնչացման զենքերի տեղափոխման միջանկյալ օղակ լինելը եւ, իհարկե՝ ռազմական նպատակներով կենսաբանական ու քիմիական հետազոտական կենտրոնների առկայությունը31: Հասկանալի է, որ Ադրբեջանը կանոնավոր կերպով մասնակցում է նաեւ կենսաբանական զենքի տիրապետման, օգտագործման եւ տարածման դեմ զանազան պաշտոնական միջազգային միջոցառումների, ուր ներկայացնում է, թե Ադրբեջանն ինչ «մեծ ջանքեր է գործադրում» իր ստանձնած միջազգային եւ երկկողմ պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ: 5. Եզրահանգում Ադրբեջանը ֆորմալ-իրավաբանական առումով կենսաբանական զենք չունի, սակայն գործնականում տիրապետում է ախտածին միկրոօրգանիզմների միջոցով մարդկանց զանգվածային ախտահարում իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններին: 1Կենսաբանական զենքը այն զենքն է, որի վնասող գործողությունը հիմնված է մարդկանց, կենդանիների եւ բույսերի հիվանդությունների հարուցիչների՝ միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկեր եւ այլն) հիվանդաբեր հատկությունների վրա: «Կենսաբանական զենք» հասկացությանը զուգընթաց, որպես նրա հոմանիշ, երբեմն կիրառվում է նաեւ «բակտերիոլոգիական զենք» տերմինը: Կենսաբանական զենքը, սակայն, ավելի լայն իմաստ ունի, քանի որ բակտերիաներից բացի, որպես զենք կարող են կիրառվել նաեւ վիրուսները, սնկերը եւ այլն: Ժամանակակից աղբյուրներում գերակշռում է «կենսաբանական զենք» տերմինի կիրառությունը: 2 http://articles.janes.com/articles/Janes-CBRN-Assessments/Proliferation-Azerbaijan.html 3Նույն տեղում: 4“U.S. gets pathogens from ex-Soviet republic” by Jeff Zeleny, “Chicago Tribune”, September 03, 2005, http://articles.chicagotribune.com/2005-09-03/news/0509030224_1_soviet-republics-pathogens-strains, http://articles.janes.com/articles/Janes-CBRN-Assessments/Proliferation-Azerbaijan.html 5The Nuclear Threat Initiative (NTI) http://www.nti.org/country-profiles/azerbaijan/ 6 http://www.regnum.ru/news/511973.html 7Նույն տեղում, նաեւ http://www.nti.org/gsn/article/azerbaijan-denies-transferring-bioweapons-to-us/ 8 http://www.seu.ru/members/ucs/chemwar/2005/752.htm 9Նույն տեղում: 10“Secret Flight Brings Deadly Ex-Soviet Germs To US”, By Jeff Zeleny,Chicago Tribune correspondent http://www.rense.com/general67/secret.htm 11http://www.regnum.ru/news/511973.htm 12 http://www.nti.org/country-profiles/azerbaijan/ 13 http://www.regnum.ru/news/511973.htm 14 http://articles.janes.com/articles/Janes-CBRN-Assessments/Proliferation-Azerbaijan.html 15 http://www.seu.ru/members/ucs/chemwar/2005/752.htm 16 http://ru.wikipedia.org/wiki/%C1%E8%EE%EB%EE%E3%E8%F7%E5%F1%EA%EE%E5_%EE%F0%F3%E6%E8%E5 17Նույն տեղում: 18«Ազգ» օրաթերթ, թիվ 198, 31.10.2001թ., «Բեն Լադենը փորձել է Հեյդար Ալիեւից քիմիական եւ կենսաբանական զենք ստանալ,http://azg.am/AM/2001103107 19(“Aviation Week & Space Technology” 10/12/98; Agence “France Presse” 3/18/99; London's “Sunday Times” 7/18/99; “Zerkalo” 7/22/00; “Ekho” 8/29/01). “Azerbaijan and International Terrorist Networks” http://www.freerepublic.com/focus/f-news/1436994/posts Ծանոթագրություն. Քենիայում եւ Տանզանիայում 1998թ. ԱՄՆ դեսպանատներում կատարված պայթյունների հետաքննությամբ բացահայտվեց, որ այդ հանցագործությունների հետքերը տանում են Բաքու (տե՛ս, օրինակ` http://www.ng.ru/cis/2001-09-05/5_terrorism.html): 20 http://www.tert.am/am/news/2008/01/05/fluscience/ 21 http://kavkazcenter.com/eng/content/2010/12/16/13148.shtml 22 http://noratert.am/news/id/7127.html 23 http://www.armar.am/?p=60653 24“Europe's Five "Undeclared Nuclear Weapons States", by Prof. Michel Chossudovsky http://www.globalresearch.ca/index.php?context=va&aid=17550, http://www.marketoracle.co.uk/Article17195.html 25“Yoday’s Zaman”, “Nuclear weapons” by Haluk Özdalga, 29 January 2012, http://www.todayszaman.com/news-269859-nuclear-weaponsby-haluk-ozdalga*.html 26Turkey and Nuclear Weapons Proliferation, http://www.cnp.ca/issues/turkey-nuclear-background.html 27“Turkey: A long history of chemical weapons use against the Kurds” http://kurdistancommentary.wordpress.com/2010/08/15/turkey-a-long-history-of-chemical-weapons-use-against-the-kurds/ “???????? ????????????? ??????? ??????????? ??????”http://agrimaykop.ucoz.com/news/raskryto_ispolzovanie_turciej_khimicheskogo_oruzhija/2011-08-30-780 “German military and secret service expert Erich Schmidt-Eenboom says chemical weapons could have been used”, 9.11.2011http://ekurd.net/mismas/articles/misc2011/11/turkey3552.htm Dr. Jan van Aken, Member of the German Bundestag, Berlin, 30.11.2011. “On the possible use of chemical weapons by the Turkishmilitary”.http://www.jan-van-aken.de/files/chemiewaffen_t__rkei_eng.pdf 28?????????? ???? ???????? ????????????????? http://nuclearno.ru/text.asp?3461 29 http://www.armscontrol.org/act/2002_04/tuczilapril02 30Office of Communication of Azerbaijan http://ocaz.eu/destruction-devastation-in-azerbaijan-occupied-by-armenia.html 31Rovshan Novruzoglu Yunus Oguz, “Karabakh: uncontrolled zone.” http://www.erevangala500.com/uploads/pdf/1323818338.pdf Արծրուն Խանջյան «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2012
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play