Գրական ընթերցումներ՝ եվրոպական 23 քաղաքների հետ՝ Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան


Գրական ընթերցումներ՝ եվրոպական 23 քաղաքների հետ՝ Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան

  • 15-05-2012 14:11:15   | Հայաստան  |  Միջազգային

Մայիսի 16-ին եվրոպական 23 քաղաք, միանալով «Գրական գիշեր» նախաձեռնությանը, կազմակերպում են գրական ընթերցումներ: Լոնդոնից Մադրիդ, Կիեւից մինչեւ Միլան եւ Երեւան. մեկ օր եվրոպական քաղաքները միավորվում են մեկ գաղափարի ներքո` ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը: Արդեն երկրորդ տարին է Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երեւանը մասնակցում է համաեվրոպական այս նախաձեռնությանը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում երեկոյան ժամը 7-ից Ֆորում թատրոնի դերասանները կընթերցեն հատվածներ Յարոսլավ Հաշեկի (Չեխիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) եւ Ջոն Ռ.Ռ. Տոլկինի (Միացյալ Թագավորություն) ստեղծագործություններից: Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածներըե վեպը կլինի հայ ընթերցասերների ուշադրության կենտրոնում: «Գրական գիշեր» նախաձեռնությանը դերասանները կընթերցեն հատվածներ գրողի հանրահայտ վեպից: Չեխական գրականության հանրահայտ հերոսի պատմությունը մեկ անգամ եւս վեր է հանում պատերազմի անհեթեթությունը: Ռումինական գրականությունը ներկայացնում է հայազգի Վարուժան Ոսկանյանը: Գրող, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանը նաեւ հայտնի քաղաքական գործիչ է, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարարը: Գրական գիշերվա ընթացքում կընթերցեն նրա «Շշուկների գիրքը» ստեղծագործությունը: Սա մի պատմություն է Ռումինիայի հայ համայնքի ու նրա դառն անցյալի մասին: «Մատանիների տիրակալ»-ի հեղինակ Ջոն Ռ.Ռ. Տոլկինից «Գրական գիշեր» նախաձեռնությանը կընթերցեն «Հոբիտ կամ գնալն ու գալը» վիպակից հատվածներ: «Գրական գիշեր 2012»-ի նպատակն է աջակցել միջմշակութային երկխոսությանը եւ ստեղծել հարթակ եվրոպական երկրների գրականության ներկայացման համար: Սա յուրօրինակ փորձառություն է, որը համատեղում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը եւ ներկայացման վայրը: «Գրական գիշեր» նախաձեռնությունը կազմակերպում է Չեխական կենտրոնները EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ: «Գրական գիշեր» նախաձեռնությունը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում` ներգրավելով գրողների եւ դերասանների, քաղաքական գործիչների եւ մտավորականների: Այս ծրագրի շրջանակում տարվա մեջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի են ունենում ընթերցանությանն ու գրականությանը նվիրված միջոցառումներ` այսպիսով մեկ անգամ եւս կարեւորելով գրականության դերը միջմշակութային երկխոսության գործում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանին` 055 00 88 58, 010 51 20 61 (109), arevik.badalyan@britishcouncil.am կամ այցելեք www.britishcouncil.am կայքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play