«Աստղագիտական գրքեր» նոր էջ` Հայկական աստղագիտական ընկերության կայքում


«Աստղագիտական գրքեր» նոր էջ` Հայկական աստղագիտական ընկերության կայքում

  • 15-05-2012 16:31:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ Հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ աստղագետները եւս նախատեսել են ստեղծել աստղագիտական բնույթի գրքերի տվյալների լիակատար բազա եւ այդ գրքերը մատչելի դարձնել հասարակության լայն խավերին: Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) իր համացանցային կայքում բացել է նոր էջ` «Աստղագիտական գրքեր» (http://aras.am/Books/books.html), որում ընդգրկված են հայ աստղագետների կողմից գրված կամ հայ աստղագիտությանը նվիրված բոլոր գրքերի եւ գրքույկների ցանկը՝ սկսած 1934 թվականից, թվով ընդամենը 164 անվանում: Նրանցից 36-ն ունեն գերհղումներ (hyperlinks) դեպի այդ գրքերի PDF ձեւաչափի ֆայլերը, որոնք թույլ են տալիս դրանք ներբեռնել եւ ազատ օգտագործել: Գրքերի թվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով հրատարակություններ՝ դասագրքեր, մենագրություններ, Վ.Հ. Համբարձումյանի աշխատությունների եւ Բյուրականում անցկացված գիտաժողովների նյութերի ժողովածուներ, կենսագրական եւ տեղեկատվական բնույթի գրքեր եւ գիտա-հանրամատչելի գրքույկներ՝ նվիրված աստղաֆիզիկայի տարբեր ոլորտներին, տիեզերական թռիչքներին, արտերկրային քաղաքակրթություններին, տոմարին եւ օրացույցին, Բյուրականի աստղադիտարանին եւ Վիկտոր Համբարձումյանին, որոնց տվյալները բերված են թե սկզբնաղբյուրի եւ թե անգլերեն լեզուներով: Ամենահաճախ հանդիպող հեղինակների թվում են Վ.Հ. Համաբրձումյանը, Լ.Վ. Միրզոյանը, Գ.Ա. Գուրզադյանը, Բ.Ե. Թումանյանը, Հ.Մ. Թովմասյանը եւ այլոք: Նույնպես հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ 2012թ. ընթացքում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում եւ Գիտությունների ազգային ակադեմիայում կկազմակերպվեն աստղագիտական գրքերի ցուցահանդեսներ, ինչի մասին կհայտնվի ավելի ուշ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play