Մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ են ընթանում ջրամատակարարման բարելավման նպատակով
15-05-2012 16:44:00 | Հայաստան | Տնտեսություն
Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի եւ Սեւանի փողոցներով ձգվող ջրագծերը, որոնք ջուր են ստանում, համապատասխանաբար, «Մսի կոմբինատ» ՕԿՋ-ից եւ Գառնի-Երեւան ջրատարից, տարիներ առաջ միացված են եղել` մի տարածքից մյուսը ջուր տեղափոխելու համար: Այնուհետեւ, ճիշտ է, այդ անհրաժեշտությունը վերացել է, որի պատճառով եւ փորձ է արվել նշված միացումը ապամոնտաժել, սակայն ինչ-ինչ պատճառներով աշխատանքներն իրականացվել են մասամբ եւ խողովակները շարունակել են գործել հաղորդակից անոթների սկզբունքով:
Ներկայումս, երբ մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ են ընթանում ջրամատակարարման բարելավման նպատակով, տվյալ խնդրի լուծումը, ըստ ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի, հրատապ է դարձել: Գլինկայի փողոցը, ներառյալ հարակից տարածքները ընդգրկված է շուրջօրյա ջրամատակարարման գոտում, իսկ Սեւանի փողոցն ու մերձակայքը ժամանակացույցով է սնուցվում: Բնականաբար, ջրի անկառավարելի արտահոսքը դեպի Սեւանի փողոց բացասաբար է անդրադառնում Գլինկայի փողոցի ջրամատակարարման վրա: Իր հերթին, Սեւանի փողոցում վերանորոգման աշխատանքներին խոչնդոտում է ջրի չդադարող ներհոսը Գլինկայի փողոցից: Ներկայումս ընթացող աշխատանքների շհորհիվ կլուծվեն նշված խնդիրները եւ կբարելավվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Ս.Զորավար, Սեւան փողոցներ, Գ.Նժդեհի 33, 35 44, Արշակունյաց 39, 41, 43, 45, 47, 49 հասցեներ, Տիգրան Մեծ 40-76 հասցեներ ու նրբանցք, Բուռնազյան, Միչուրին, Բելինսկի, Սուվորով փողոցներ, Աճեմյան, Գլինկա փողոցներ ու նրբանցքներ, Արցախի 1-13 հասցեներ եւ հարակից տարածքներ:
Հաղորդակցության բաժին