ՊրոԿրեդիտ Բանկի յուրօրինակ նվերը Դավիթաշենին` իր մասնաճյուղի բացման առիթով:
Մայիսի 15-ին տեղի ունեցավ ՊրոԿրեդիտ Բանկի Դավիթաշեն մասնաճյուղի բացման արարողությունը: Մասնաճյուղի բացման առիթով ՊրոԿրեդիտ Բանկը յուրօրինակ նվեր մատուցեց մասնաճյուղի հարեւանությամբ ապրող բնակիչներին. բարեկարգվեց մասնաճյուղի հարեւանությամբ գտնվող խաղադաշտը, որը ժամանցի վայր է հանդիսանում բազմաթիվ երեխաների համար: Բանկի աշխատակիցների ջանքերով նկարազարդվել են խաղադաշտը շրջապատող բոլոր պատերը, ներկվել են բոլոր ցանկապատերը, ինչպես նաեւ աղբից մաքրվել է ողջ տարածքը: Խաղադաշտի բարեկարգման ընթացքում մեր աշխատակիցներին էին միացել համայնքի բազմաթիվ բնակիչներ, ինչը նպաստում է Բանկի կողմից որդեգրած Հարեւան-բանկ գաղափարը կյանքի կոչելուն:
Բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն նշել է. «Մենք ուրախ ենք, որ մեր Բանկն արդեն ներկայացված է եւս մեկ համայնքում, ինչը մեզ հնարավորություն է տալիս մատուցել հասանելի եւ թափանցիկ բանկային ծառայություններ ավելի մեծ թվով մարդկանց: Սա նրանց համար հնարավորություն է սպասարկվել միջազգային Բանկում, որը խթանում է խնայողությունների մշակույթը՝ ներկայացնելով մի շարք խնայողական ծրագրեր»:
Դավիթաշենը Բանկի թվով 12-րդ մասնաճյուղն է: Տարվա ընթացքում Բանկը շարունակելու է իր մասնաճյուղերի ցանցի ընդլայնման գործընթացը` ցանկանալով հասանելի լինել իր հաճախորդներին որքան հնարավոր է շատ թվով համայնքներում:
ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային եւ ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը:
Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի անդամ է, որը բաղկացած է Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ի (ProCredit Holding) կողմից: