Արմեն Աշոտյանը բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի խնդիրը


Արմեն Աշոտյանը բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի խնդիրը

  • 16-05-2012 12:59:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի փետրվարին նամակ էր ուղղել UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին, որում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության համար կարեւոր խնդրի` կրթության իրավունքի ապահովմանը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս: Նախարարը կարեւորել էր չճանաչված պետություններին կրթական ծրագրերում ներգրավելու եւ գործընթացին մասնակից դարձնելու հարցը: Նամակում, մասնավորապես, նշվել էր. «Հաշվի առնելով եւ հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան` եւ ելնելով այն հանգամանքից, որ UNESCO-ի կոնվենցիայի սկզբունքային դրույթներից մեկն է մարդու կրթության իրավունքը՝ անկախ սեռից, մաշկի գույնից եւ երկրի պայմաններից, որում նա բնակվում է, ակնկալում եմ Ձեր աջակցությունը այս հարցի լուծման ուղղությամբ»: Ստացվել է UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգի պատասխան նամակը, որում, մասնավորապես, նշվում է, որ UNESCO-ն միշտ աջակցում է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում գնահատման եւ հավատարմագրման գործընթացներին: Անդրադառնալով չճանաչված պետությունների ազգաբնակչության կրթության իրավունքի ապահովմանը` պարոն Քիան Թանգը հավաստիացրել է, որ կրթության ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիայի համաձայն` UNESCO-ն իր լիազորությունների, ինչպես նաեւ ՄԱԿ -ի քաղաքականության եւ կանոնակարգերի շրջանակում կուսումնասիրի իրավիճակը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play