Հայաստանն ու Լատվիան կհամագործակցեն զբոսաշրջության բնագավառում


Հայաստանն ու Լատվիան կհամագործակցեն զբոսաշրջության բնագավառում

  • 17-05-2012 18:52:14   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի կառավարությունը մայիսի 17-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունների միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման հայտագրերի փոխանակմամբ պայմանագրի կնքման առաջարկությանը։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, մեկ այլ որոշմամբ, համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության եւ Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Հաշվի առնելով ՀՀ Լոռու մարզի եւ Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ‘ Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը, 2011 թ. տարեվերջին Լոռու մարզը հաստատվել է ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ։ Անդամակցության վճարը վճարելու նպատակով գործադիրը ս.թ. երկրորդ եռամսյակում Լոռու մարզպետարանին հատկացրել է 1650 եվրոյին համարժեք դրամ։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրով եւ համապատասխան պայմանագրերով անհրաժեշտություն է առաջացել Հայաստան ներկրել լրացուցիչ սարքավորումներ, որոնք մատակարարվելու են անվճար, ինչի վերաբերյալ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ Կառավարությունն իր որոշումներով փոխել է Արարատի մարզի Գետափնյայի եւ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար բնակելի կառուցապատման եւ անհատական բնակելի տների, ինչպես նաեւ մանկապարտեզի կառուցման համար։ Նկատի առնելով սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի երաժշտական կատարողական արվեստի բնագավառում ցուցաբերած բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան` կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչեւ 2014 թ. գարնանային զորակոչը։
Նոյյան տապան  -   Հասարակություն