Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում


Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում

  • 17-05-2012 20:33:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձեւ խավարում: Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից, այս խավարումը 1994թ. հետո Արեգակի առաջին օղակաձեւ խավարումն է, որի դեպքում՝ ի տարբերություն լրիվ խավարման, Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 20:56:07-ին եւ մի քանի ժամ անց՝ 23:53:54 (UTC), կլինի առավելագույն փուլը, որը կտեւի 5 րոպե 46 վայրկյան: Իսկ խավարումն ամբողջությամբ կավարտվի 02:49:21 (UTC): Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արեգակի մոտ 0.94 մասը: Խավարումը տեսանելի կլինի Արեւելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիաից, Խաղաղ օվկիանոսից, Արեւմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինի, քանի որ խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու: Այս խավարումը 2012 թվականի Արեգակի երկու խավարումներից առաջինն է: Հաջորդ խավարումը սպասվում է նոյեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից եւ Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ կամ դրա մի մասը միայն: Օղակաձեւ խավարման ժամանակ Լուսինը` գտնվելով իր էլիպսաձեւ ուղեծրի ավելի հեռու կետերում, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ), եւ խավարման առավելագույն փուլում այն ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով ,հրեե օղակ հիշեցնող պատկեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play