Պերճ Թիվրապեան. «Ազնավուրը հայերեն»


Պերճ Թիվրապեան. «Ազնավուրը հայերեն»

  • 19-05-2012 13:16:17   | Ֆրանսիա  |  Մշակույթ

2010 թուականի աշնանը նիւեորքաբնակ երգահան-կատարող Պերճ Թիւրապեանը հայրենիքում ներկայացրեց իր վերջին խտասալիկը՝ «Ազնաւուրը հայերէն» խորագրով, որն ամփոփում էր Շառլ Ազնաւուրի 13 երգերը՝ հայերէն։ Մէկ այլ ուշագրաւ ծրագիր ներկայացուեց նորից Երեւանում Գաֆեսճեան արուեստի կենտրոնում, որտեղ Թիւրապեանը ճանաչուած դերասան Վարդան Պետրոսեանի եւ հայ երիտասարդ երգիչ-երգչուհիների հետ կատարեցին Ազնաւուրի երգերը ֆրանսերէն եւ հայերէն, ինչը ներկաների կողմից ընդունուեց մեծ խանդավառութեամբ՝ առաւել սէր եւ ճանաչում աւելացնելով Ազնաւուրի պաշտամունքին։ Ասենք, որ այդ պաշտամունքը սկսուեց 1964ից, երբ առաջին անգամ Ազնաւուրը Երեւան այցելեց իր երեք համերգներով Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Թերեւս շատերը կը յիշեն, որ երաժշտասէր Երեւանը օտար անուանի շատ երաժիշտներ էր ընդունել այդ սրահում, սակայն այն ինչ կատարուեց այդ օրերին, վեր է ամէն երեւակայութիւնից։ Խանդավառ ժողովուրդը օրեր շարունակ միայն այդ մասին էր խօսում. տոմսակներ դժուար էր ձեռք բերել, հոծ բազմութիւնը ուղղակի «գրոհում» էր ֆիլհարմոնիայի դռները։ Ստիպուած եղան առանց տեղերի տոմսակներ վաճառել, բայց դա նոյնպէս բաւարար չէր։ Համերգի օրը դահլիճում յայտնուած երջանիկները հազիւ էին կարողանում տեղ գտնել՝ ոտքի վրայ կանգնելու, իսկ մինչեւ պատերը՝ մարդկանցով առլեփ դահլիճը կարծես առաձգական էր դարձել։ Վերջապէս՝ քար լռութիւն դահլիճում, համերաշխ սպասման անհամբեր վայրկեաններ… Իսկ երբ բեմի վրայ երեւաց Ազնաւուրը, ողջ դահլիճը թնդաց յոտնկայս ծափահարութիւնից, որ սովորական յարգանքից բացի՝ նման էր հոգու եւ կարօտի պոռթկուն գրկախառնութեան։ Իսկ յուզմունքը փոխադարձ էր. բեմը եւ դահլիճը ի մի էին։ Պարտերում պաշտօնական վերնախաւն էր նստած՝ զուսպ եւ զգաստ, յաւուր պատշաճի, մինչդեռ օթեակները պայթում էին իւրաքանչիւր երգից յետոյ։ Ոմանք շրթունքներով անձայն ձայնակցում էին երգչին, ոմանք՝ ոգեւորուած օրօրւում կանգնած տեղերում, իսկ շատը ուղղակի արտասւում էին… Նոյնը կրկնուեց յաջորդ երկու համերգներին։ Երգիչը մեկնեց Հայրենիքից՝ յուզուած ու ալեկոծ, թողնելով իր հայրենակիցներին խանդավառ մի հպարտութիւն եւ ոգեւորութիւն։ Այդ ժամանակից ի վեր՝ Երկրում նրան բոլորը Շառլ են կոչում մտերմաբար, եւ ո՛չ Ազնաւուր։ *** Տարիներ անցան, աշխարհը փոխուեց իր լաւ ու վատ կողմերով, փոխուեց նաեւ մեր Երկիրը, եւ, ինչպէս գիտենք, այդ բոլորին մասնակից էր նաեւ Շառլը՝ իբրեւ երգիչ, կինոդերասան, հայրենանուէր քաղաքացի։ Հայրենիքը, իր հերթին, փոխհատուցում էր իր արժանաւոր զաւակին. նրա երգերը սկսեցին հնչել առաւել յաճախակի, հրատարակուեցին նրա բանաստեղծութիւնները՝ Աբրահամ Ալիքեանի եւ Սամուէլ Գասպարեանի թարգմանութեամբ, լոյս տեսաւ Շառլի ինքնակենսագրականը՝ երջանկայիշատակ Սուրէն Բուրսալեանի թարգմանութեամբ, եւլն., եւլն… Ազնաւուրն այլեւս աշխարհահռչակ մեծութիւն էր, նրա երգերը թարգմանուեցին եւ կատարուեցին բազմաթիւ լեզուներով։ Ի հաճոյս այդ ամէնի, ինչպէս վերը նշեցինք, Պերճ Թիւրապեանի երկարամեայ ու տքնաջան աշխատանքի շնորհիւ՝ Շառլը Հայրենիքին է ներկայանում հայերէնով, անբասիր հայերէնով՝ «Ազնաւուրը հայերէն» ալպոմի՝ յիշեալ 13 երգերով։ Կարծում ենք, աւելորդ է շեշտել, թէ որքան աշխատատար ու բծախնդիր գործ է լա՛ւ թարգմանութիւնը, չասած՝ բանաստեղծութիւնը, առաւել եւս՝ երգելի բանաստեղծութիւնը։ Թարգմանիչ Պերճը այդ մասին խոստովանում է. ?“⊃այս 13 երգի թարգմանական ընթացքը եղել է երբեմն անճիգ ու սահուն, երբեմն էլ՝ տանջալից։ Պատկերացրէք մի երգ, որ մօտ երեք ամիս քեզ զօրուգիշեր հանգիստ չի տալիս, կամ էլ ի սկզբանէ թւում է անթարգմանելի, բայց տարօրինակ մի յամառութեամբ նետւում ես այդ յորձանուտի մէջ եւ, ամիսներ շարունակ բառերի կռուի մէջ ապրելով, վերջապէս գտնում տողն ու պատկերը”։ Կարդալով կամ լսելով Պերճին՝ համոզուած կարող ենք ասել, որ «Ազնաւուրի տողն ու պատկերը» թարգմանիչը գտել ու շարադրել է ի լաւագոյնս, քանի որ նա, ինչպէս Ժիրայր Փափազեանն է ասում՝ “երգիչ−կատարող է նաեւ, այսինքն՝ ընդունակ է մեկնաբանելու իր թարգմանութիւնները՝ մեզ պատճառելով այն նոյն հաճոյքը, որ ստանում ենք այդ երգերը ֆրանսերէն լսելիս”։ ԴԵՌ ԵՐԷԿ Խօսք եւ երաժշտութիւն՝ ?Շառլ Ազնաւուր Դեռ երէկ քսան տարեկան Օրերս էի մսխում Ու կեանքի հետ խաղում Ասես սիրոյ մի խաղ Գիշերներ լուսացնում Առանց զգալու աւա՜ղ Որ կեանքս էր զուր անցնում Ծրագրերս դարձան դղեակներ աւազէ Յոյսերս մէկ առ մէկ թռան քամուն տուած Ու չգիտեմ այսօր ո՞ւր դէպի ո՞ւր վազեմ Հայեացքս երկնքին սիրտս հողին յառած Դեռ երէկ քսան տարեկան Օրերս էի վատնում Կարծելով թէ նրանք Անվերջ են անհատնում եւ ժամանակն անսպառ Անմիտ վազքի մէջ այդ Մնացի հեւասպառ Անցեալն անտեսելով վաղուայ յոյսով ընդմիշտ Իմ ∩ես∪ն էի անվերջ հոլովում ու շեշտում Եւ իմ կարծիքն էի միայն համարում ճիշդ Երբ ես աշխարհն էի հեշտ ու հանգիստ դատում Դեռ երէկ քսան տարեկան Բայց կեանքս զուր անցաւ Անմիտ էի այնքան Ու իմ սրտում ոչինչ Այն չթողեց աւա՜ղ Միայն դէմքիս կնճիռ Հոգուս ձանձրոյթի վախ Ու սէրերս մեռան Դեռ անգամ չծնուած Ընկերներս չկան հեռացել են անդարձ Ու մի անդունդ է խոր ահա բացուել իմ շուրջ Իմ կեանքն ու իմ ջահել տարիներն էին փուճ Երբեք չհասկացայ Որն էր վատ որն էր լաւ Ժպիտս արցունքոտ Աչքիս մէջ քարացաւ Եւ ո՞ւր է ո՞ւր հիմա Անցեալն իմ քսանամեայ Նրանք, ովքեր առիթ կ?ունենան լսելու այդ երգերը, միանգամայն համաձայն կը լինեն Ժիրայր Փափազեանի հետ, որովհետեւ… “իրենց մանրամասներով եւ ճշգրտութեամբ Պերճի թարգմանութիւնները այնքան հաւատարիմ են բնագրի իմաստին, որ թւում է, թէ Ազնաւուրը ինքն է դրանք հայերէն գրել”։ «Ազնաւուրը հայերէն» ալպոմի յաջողութեանը իր շնորհակալ ներդրումն ունի տաղանդաշատ երաժիշտ Տիգրան Նանեանը, որը այնքան նուրբ ճաշակով կատարել է երաժշտական գործիքաւորումը։ Կարեւոր ենք համարում յիշել նաեւ Պերճի տիկնոջ՝ Անահիտ Դաշտենցի իրազեկ ներկայութիւնը այս գործում՝ կարող մի օգնական-խորհրդատու, որը նոյնպէս բանասէր-թարգմանչուհի է, այս դէպքում նաեւ՝ խմբագիր։ Ս. Ա. (Մնացեալը՝ յաջորդով) «ՆՅ»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play