Հայաստանում կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված միջնադարի մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակին


Հայաստանում կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված միջնադարի մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակին

  • 20-05-2012 17:43:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշանավոր անձանց տարեդարձների թվում իր 2012թ. ցանկում ընդգրկել է Անանիա Շիրակացու 1400-ամյակը (այդ ցանկում են նաեւ Մեսրոպ Մաշտոցի 1650 եւ Սայաթ-Նովայի 300 ամյակները): Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից, Անանիա Շիրակացին (612-685) հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների եւ բնագիտության հիմնադիրը Հայաստանում: Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման վրա: ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանի տոնակատարությունը: ՀՀ Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, ներգրավված են ՀՀ Մշակույթի, ՀՀ Կրթության եւ գիտության, ՀՀ Արտաքին գործերի եւ այլ նախարարություններ եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան: Հոբելյանական միջոցառումների ցանկում կարեւորագույնը կլինի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 24-28-ին նախատեսվող «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական եւ ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը: Նույնպես Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 15-23-ին կկազմակերպվի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, տարվա ընթացքում կիրականացվի Հայաստանի պատմա-աստղագիտական ժառանգության ուսումնասիրություն եւ համակարգում, կհրատարակվեն մի շարք գրքեր: ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսի մի համարն ամբողջովին նվիրվելու է Անանիա Շիրակացուն, իրականացվելու են նաեւ Շիրակացու թվային շտեմարանի եւ կայքի ստեղծում, հասարակությանը Շիրակացու աշխատանքներին ծանոթացնելու նպատակով մի շարք հանդիպումներ դպրոցներում ու բուհերում, ինչպես նաեւ այլ միջոցառումներ: Դրանց մեջ ակտիվորեն ներգրավված են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, Մատենադարանը, Երեւանի պետական համալսարանը, Շիրակացու անվան ճեմարանը եւ այլ կազմակերպություններ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play