Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում
23-05-2012 17:40:33 | Հայաստան | Մշակույթ
«Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը եւ վերջինիս շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» արեւելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում մայիսի 17-ին տեղի ունեցավ երեւանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն եւ «Ռեժիսորներ առանց սահմանների» արեւելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour («ՌԱՍ ուրախ ժամ») շնորհանդեսը: Ընդունելությանը ներկա էին Կաննի կինոփառատոնի հայ եւ օտարազգի հյուրերը` ռեժիսորներ, կինոփառատոների տնօրեններ, կինոհիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի գործընկերները` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան) կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կինոփառատոնը եւ ծրագիրը ներկայացրեց «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: