Հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը


Հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը

  • 24-05-2012 13:10:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ անցկացված մայիսի 24-ի հերթական նիստում կառավարությունը որոշել է հիմնադրել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը, հաստատվել է դրա կանոնադրությունը։ Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի նպատակներն են սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծումը, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացումը եւ կիրառությունը, գիտական, գիտատեխնիկական եւ գիտաինովացիոն գործունեության իրականացումը, բարձր որակավորման գիտական եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստումը եւ այլն։ «Ունենք մի խումբ տաղանդավոր ֆիզիկոսներ, որոնք այս գործի նվիրյալներն են, եւ նրանց ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք տարբեր հեղինակավոր կենտրոնների հետ կապեր հաստատել, ստանալ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն, - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Մի քանի միլիոն եվրոյի սարքավորում արդեն գտնվում է Հայաստանում, եւ իմ կարծիքով, այս կենտրոնը բավական հեռանկարային է։ Մենք նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ նախորդ ամիս այցելել ենք այդ կենտրոն։ Տեղում հնարավորություն ունեցանք ծանոթանալ հեռանակարային ծրագրերին, որոնք այսօր կան հիմնադրամում։ Այս որոշումը հիմնադրամին հնարավորություն կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել եւ կայացնել այդ կենտրոնը»։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play