Հայաստանի ԱԳ փոխնախարարն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու
իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցողին
14-06-2010 18:36:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի
փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը հունիսի հունիսի 14-ին
ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի
հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային, ով Հայաստան է
ժամանել ՀՀ կառավարության կողմից 2006թ.-ին ՄԱԿ-ի հատուկ
ընթացակարգերին փոխանցված մշտական հրավերի հիման վրա:
Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության
հաղորդագրությունում, նման հրավեր ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին
փոխանցել են հիմնականում Արեւմտյան Եվրոպայի երկրները: Իսկ ԱՊՀ
երկրներից նման հրավեր ներկայացրել են միայն Հայաստանը, Ղազախստանը
եւ Ուկրաինան: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի կողմից սահմանվել եւ
գործում են 39 հատուկ զեկուցողներ:
Ներկայացնելով Հայաստանի իշխանությունների կողմից մարդու
իրավունքների պաշտպանի կառույցի ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ
թվում ֆինանսական աջակցությունը, Ա.Կիրակոսյանն ընդգծել է կառույցի
անկախ գործելու կարեւորությունը: Նշվել է, որ Հայաստանում գրանցվել
եւ գործում են 3000-ից ավելի հասարակական կազմակերպություններ:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ մայիսին Հայաստանի կողմից
ներկայացված համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի
արդյունքները: Նշվել է, որ գործընթացի շրջանակներում ստանձնած
պարտավորություններն ի կատար կածվեն սեպտեմբերին կայանալիք Մարդու
իրավունքների խորհրդի նիստում զեկույցի պաշտոնական հաստատումից
հետո: Ստանձնված պարտավորությունները կներկայացվեն ՀՀ պետական
կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչների շրջանում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում կայանալիք
հանդիպումների ու այցելությունների արդյունքում կրկին հանդիպել`
դիտարկումները համատեղ քննարկելու եւ նկատառումները ներկայացնելու
համար: