Հայտարարվեց Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողը


Հայտարարվեց Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողը

  • 28-05-2012 14:33:59   |   |  Հասարակություն

Երեւան, 28 մայիսի 2012 թ. - Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի “ԼեւԳուգ” ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարիտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ: Սույն թվականի մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցեցին 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության եւ “Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, երեք փուլերի ընթացքում քննարկելով հայտերը, ընտրեց երկու հավակնորդի: “Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լավագույնը համարեց “ԼեւԳուգ” ՓԲԸ առաջարկությունը: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կսկսվի շինարարական աշխատանքների կատարման թույլատրություն ստանալուց հետո: Այդ ժամանակացույցի պահպանումը եւ աշխատանքի որակը վերահսկելու է համատեղ իրազեկ հանձնաժողովը, հեղինակային վերահսկողությունը դրված է նախագծի կազմողների վրա: Արդեն ստորագրված է պայմանագիր տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մասնագետների հետ: Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնման ծրագրի իրականացումը կդառնա պետության եւ մասնավոր բիզնեսի համագործակցության անդրանիկ օրինակը: Վերանորոգողները պարտավորվում են վերականգնել իրենց հանձնարարված շինությունը` խստագույնս համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծի:
Նոյյան տապան  -   Հասարակություն