Օձը դպրոցում ու մանկապարտեզի շենքում


Օձը դպրոցում ու մանկապարտեզի շենքում

  • 29-05-2012 17:01:25   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 29-ի, ժամը 10:30-ի սահմաններում, Կապանի ծայրամասային Բարաբաթում, թաղամասի թիվ 12 դպրոցի առաջին հարկում մոտ մեկ մետր երկարությամբ «Իժ» տեսակի օձ են գտել: Ըստ դպրոցի տնօրեն Անահիտ Ավանեսյանի` դպրոցն ու մանկապարտեզը տեղակայված են տիպային միեւնույն մասնաշենքի տարբեր հարկերում: Մանկապարտեզի աշխատակիցը օձին տեսել է մասնաշենքի չօգտագործված հատվածում, որտեղ հանդերձանքը փոխելու է գնացել: Օձի գտնվելու տարածքը ավելի շատ մոտ է եղել մանկապարտեզի մուտքին, որտեղ այդ պահին վաղվա վերջնական հանդեսի փորձն էր արվում: Իսկ դպրոցի մասնաշենքում, ուսուցչական կոլեկտիվից բացի, 9-րդ եւ 4-րդ դասարանների մոտ 10 աշակերտներ էին կոնսուլտացիայի մասնակցելու եկել: Դպրոցի տնօրենը «Առավոտին» փոխանցեց, որ օձը ոչ մեկին վնաս չի տվել, ագրեսիվ չէր եւ ինքնապաշտպանական որեւէ քայլ չէր անում: Փրկարար ծառայության աշխատակիցների կողմից, հատուկ սարքով, լուսամուտագոգին պառկած օձը դուրս է բերվել տարածքից, իսկ այդ ընթացքում դպրոցում եւ մանկապարտեզներում շարունակվում էին պարապմունքները: Տվյալ շենքը «Դինո գոլդ մայնինգ քամփնի» հաշվեկշռում է գտնվում, չօգտագործված հատվածը խիստ նորոգման կարիք ունի, բաց ճեղքեր ունի, որտեղ ամեն րոպե կարող են օձեր սողոսկել: Բարաբաթում թաղամասի մեծահասակներն ասում են, որ օձերը վերջին 2 տարիներին շատացել են գյուղում, որը պայմանավորում են «Դինո գոլդի» կողմից Շահումյան բանավանում կատարվող աշխատանքների հետ, շարժից էլ օձերն այդ տարածքներից լցվում են այս թաղամաս: Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Աղբյուրը՝ «Առավոտ»
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն