Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Արարատի մարզում բժշկական աջակցություն է ստացել 8800 մարդ
Ավարտին է մոտենում Արարատի մարզում Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ծրագրի շրջանակներում 6600 մեծահասակներ եւ 2200 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 900 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 3500 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են480 վիրահատություններ եւ լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, 546 երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաեւ ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
Բժշկական խմբերն աշխատել են Մասիսի, Արտաշատի, Արարատի շրջաններում: Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցել են նաեւ տեղի ակնաբույժները:
Այսօր Արարատում կայանած ԱՇՀ էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան` ծանոթանալու աշխատանքների ընթացքին:
« Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ, իսկ ծրագիրը շարունակվելու է նաեւ Հայաստանի այլ մարզերում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Ուրախալի է արձանագրել, որ Արարատի մարզում մեզ հաջողվել է ավելի քան կրկնակի գերակատարել Orange Հիմնադրամի հետ միասին նախանշված աշխատանքների ծավալները: Դժվար է ասել, թե վերջինս պայմանավորված էր տեղի բնակիչների հետ հաղորդակցության արդյունավետ կազմակերպմամբ, թե ստուգման եւ բուժման կարիք ունեցող մարդկանց թվի աճով: Սակայն, մեր բժիշկներն այս անգամ աշխատել են բավականին լարված ժամանակացույցով, քանի որ մարդկանց հոսքը անսպասելի շատ էր: Այնուամենայնիվ, մեզ միայն հաճելի է, որ հաջողվել է Արարատի մարզում օգնել այսքան մեծ թվով մարդկանց», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը :
Արարատի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամը հատկացրել է 7,319,730 դրամ :
Orange Հիմնադրամի մասին
Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան եւ Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական եւ մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաեւ առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների եւ Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
Հավելյալ տեղեկությունների համար`
Լիլիթ Մարտիրոսյան
Հանրային կապերի պատասխանատու
հեռ. 095 988 608
lilit.martirosyan@orange-ftgroup.am
www. orangearmenia.am
Orange-ը եւ այս նյութում հիշատակված Orange-ի ցանկացած ապրանքի կամ ծառայության անվանում Orange Brand Services Limited-ի ապրանքային նշանն է
______________________________________________________________________________________
Հայկական ակնաբուժության նախագծի մասին
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքերովի կուրությունը Հայաստանում: 2003 թ. ՀԱՆ-ը սկսել է իր «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են` բուժգնություն, տվյալների հավաքագրում եւ հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում եւ վերապատրաստում, հանրային ուսուցում եւ իրազեկում եւ կարողությունների զարգացում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Ընդհանուր առմամբ հետազոտվել է շուրջ 290,000 մարդ, իսկ 13,000-ից ավելի շահառուներ անվճար վիրահատվել են եւ/կամ ստացել են լազերային բուժում:
Մինաս Համբարձումյան, Հանրային կապերի եւ կրթության գծով մենեջեր
minas@eyecareproject-armenia.com
Հեռ` (+374 10) 559 068
www.eyecareproject-armenia.com