ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլում ընդգրկված կրթական հաստատություններ, ինչպես նաեւ ծանոթացավ Համաշխարհային բանկի աջակցությամբ ոռոգման համակարգում իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին:
ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Արմավիրի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ: Այս փուլով եւս, ինչպես ծրագրի առաջին երկու փուլերով, հիմնական միջոցները կուղղվեն մարզի դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգմանը, որոշ համայնքներում նախատեսվում են նաեւ գազիֆիկացման եւ ջրամատակարարման ցանցի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքներ:
Մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանն այցելեց Վաղարշապատի թիվ 1 դպրոց, Ներսիսյան վարժարան, ինչպես նաեւ Հայթաղ համայնքի դպրոց, ծանոթացավ շենքային պայմաններին: Հայթաղի դպրոցի համար 70 մլն դրամ հատկացվել էր ծրագրի երկրորդ փուլով, վերանորոգման աշխատանքների շարունակման համար եւս 45 մլն դրամ նախատեսվել է երրորդ փուլով: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Բացի այդ, երրորդ փուլով 38,6 մլն դրամ է հատկացվել համայնքի խմելու ջրի ներտնտեսային ցանցի վերականգնման համար: Վաղարշապատի թիվ 1 դպրոցի, Ներսիսյան վարժարանի նորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է համապատասխանաբար 51 եւ 38,6 մլն դրամ: Զեկուցվեց, որ այս հաստատություններում կատարվում են նախագծանախահաշվային աշխատանքներ` առաջիկայում շինարարությունն սկսելու համար:
Ակնալիճ համայնքի տարածքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ Ստորին Հրազդան մայր ջրանցքի վերականգնման աշխատանքների ընթացքին: Տեղեկացվեց, որ արդեն կատարվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Աղավնատուն համայնքում Ա. Գեւորգյանին ներկայացվեց 5,5 կմ երկարությամբ ներտնտեսային ցանցի վերականգնման ընթացքը: Աշխատանքների 80 տոկոսն արդեն կատարված է, եւ առաջիկայում համակարգը շահագործման կհանձնվի` նպաստելով ոռոգման արդյունավետության բարձրացմանը: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» մարզում ընդհանուր առմամբ կվերականգնվի 37 կմ ներտնտեսային ցանց: