«Կորեական ռապսոդիա» համերգային ծրագիրը՝ Հայաստանում
09-06-2012 13:34:32 | Հայաստան | Մշակույթ
Ապագայում Հայ-կորեական երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները ավելի կզարգանան, դրանում նաեւ մեծ ազդեցություն է ունեցել վերջերս ՀՀ նախագահի այցը Կորեայի Հանրապետություն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կորեական հիմնադրամի Մոսկովյան գրասենյակի նախագահ Քիմ Հուեգիլը:
Ըստ նրա` Հայաստանի եւ Կորեայի հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակի կապակցությամբ ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանությունը եւ Կորեական հիմնադրամը հունիսի 10-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնեն «Կորեական ռապսոդիա» համերգային ծրագիրը:
Քիմ Հուեգիլը ցանկանում է, որ Հայ-կորեական 20 ամյա դիվանագիտական հարաբերությունները երիտասարդ մարդու նման լինեն ավյունով, նպատակներով երազանքներով, առաջիկա հեռանկարներով լեցուն:
«Ես ուզում եմ, որ Հայ-կորեական հարաբերությունները ծաղկում ապրեն մասնավորապես մշակույթի բնագավառում: Ցավում եմ, որ մեր երկու ժողովուրդները մշակութային կապեր նախկինում չեն ունեցել, բայց կուզենայի, որ այսուհետ մշակութային հարաբերությունները զարգացում ապրեին»,- ասաց նա:
Նա նշեց նաեւ, որ իրենց հետ բերել են բերել են Կորեայի լավագույն աշխարհահռչակ երաժիշտների խումբը` Սլգիդունգը, որը կներկայացնի կորեական ավանդական երաժշտությունը ժամանակակից ոգով եւ հնագույն իմաստությամբ:
«Մենք հույս ունենք որ հայ ժողովուրդը ավելի խորությամբ կճանաչի կորեական ժողովրդին եւ մեր մշակութային հարաբերություններին նոր սկիզբ կդրվի»,- ասաց բանախոսը: