Այսօր կայացավ «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը
11-06-2012 17:36:39 | Հայաստան | Հասարակություն
Հունիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, Երեւանի վարչական շրջանների, ինչպես նաեւ հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի մասնակիցները:
Ողջունելով ներկաներին եւ ազդարարելով «Արի տուն»-2012թ. ծրագրի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակից երեխաներին եւ նրանց ծնողներին` Հայրենիք գալու եւ Հայրենիքը ճանաչելու մեծ ցանկության համար:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը ներկայացրեց 1-ին փուլի ծրագիրը, ըստ որի մասնակիցները կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր եւ ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում եւ այլն, այնուհետեւ 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:
«Արի տուն» ծրագրի նպատակն է` սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:
«Արի տուն» ծրագրի առաջին փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից 25 երիտասարդ: