Շահան Գատահարեան. «Դիվանագիտությունը` հաշտության տանող ճիշտ ճանապարհն է»


Շահան Գատահարեան. «Դիվանագիտությունը` հաշտության տանող ճիշտ ճանապարհն է»

  • 12-06-2012 11:20:35   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Միացյալ Նահանգներու պետքարտուղարին կովկասյան այցելության սկիզբին եւ ավարտին հետ համընթաց սաստկացան եւ ավարտեցան հայ-ազրպեյճանական սահմանագիծին վրա ազրպեյճանական հարձակողականության վերջին դրսեւորումները: Ի հարկե այս մեկը չի նշանակեր, որ վերջնական անդորր հաստատված է շփման գիծին վրա. բոլոր պատճառները կան համոզված ըլլալու, որ հրադադարի խախտումի ազրպեյճանական փորձերը հետեւողական շարունակություն եւ որոշ մակընթացություններ ունենան, քաղաքական կարեւոր հանգրվաններու նախօրյակին եւ ընթացքին: Ճիշդ այնպես ինչպես եղավ ամերիկացի թիվ մեկ դիվանագետին շրջան այցելության: Այդ առիթով նախարար Քլինթընի կատարած հայտարարություններուն ամենեն ուշագրավ բաժինը շուտով Փարիզի մեջ տեղի ունենալիք հայ-ազրպեյճանական բանակցություններուն ամերիկյան նոր մոտեցումներու օրակարգին վրա հայտնվիլը պիտի ըլլա: Գուցե նորա-նորացված մատրիտյան սկզբունքներ տարազին տակ: Անշուշտ չեն մանրամասնված եւ պարզաբանված այդ նոր մոտեցումները: Արցախյան թղթածրարին առընթեր, հայտնաբար նոր մոտեցումները վերապահված են նաեւ հայ-թուրք հարաբերություններուն համար: Այս անգամ Հայաստանի մեջ գործող դեսպան Ճոն Հեֆըրնն է, որ թրքական մամուլին տված իր հարցազրույցին ընթացքին այդ թղթածրարին ուղղությամբ կառաջարկե երեք նոր նախաձեռնություններու դիմել Անգարա-Երեւան հարաբերություններու բարելավման համար: Ըստ դեսպանին` Ա.- Անհրաժեշտ է վավերացնել Անգարա-Երեւան արձանագրությունները: Բ.- Բանալ Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը: Գ.- Նպաստել լրագրողներու, ուսանողներու եւ գործարարներու փոխանակման: Այս երեք կետերու իրականացման ժամկետը դեսպանին կողմե նկատի առնված է Հայոց ցեղասպանության 100-ամյակը (անշուշտ` առանց Ցեղասպանություն բառեզրի օգտագործումին): Պահ մը եթե փորձենք զուտ ամերիկյան շահագրգռվածության դիտանկյունեն վերլուծել առաջարկները, ապա բնականաբար կմտածենք, որ ո՛չ 100-ամյակը, ո՛չ ալ ուսանողներու փոխանակումն են, որոնք Միացյալ Նահանգներու քաղաքական շահերեն կբխին: Խնդիրը նախ եւ առաջ իրանյան ելքին հակակշռումի միտող անհրաժեշտության կվերաբերի: Հետեւաբար առաջին եւ երրորդ կետերը միջոց են երկրորդի իրականացման համար: Եւ այստեղ ամբողջ սահմանագիծի բացումին մասին չէ խոսքը. ձեւով մը միջանկյալ լուծում` երկաթուղային անցք ստեղծելու եւ փոխադարձ ուղղակի, առանց այլ միջնորդավորված եղանակի, ապրանքաշրջանառության ձեռնարկելու: 100-ամյակի նշումը` դեսպանին կողմե, այստեղ որեւէ բարոյական նշանակություն չունի. պարզապես ժամանակի մեջ տեղավորվելու եւ քայլերու իրականացման ժամկետը անորոշ չձգելու մոտեցումին համար օգտագործվող թիվ է: Իսկ երկրորդ կետին թրքական բավարարումը ակնկալելը լուռ հետադարձ հիշեցում ունի. Վաշինկթընը կրնա հիշեցնել Հայաստանին սեւծովյան ելք տրամադրելու վիլսընյան պարտքը, որ ըստ թրքական մամուլին, նախավերջին այցելության ընթացքին Անգարայի վարիչներուն հիշեցուցած էր նախարար Քլինթըն: Դեսպան Հեֆըրնը միջանկյալ չէ մոռցած խոսելու նաեւ արցախյան հիմնահարցին մասին. «Լեռնային Ղարաբաղը իսկապես կարեւոր հարց է Հայաստանի ու Ազրպեյճանի համար: Վերջին իրադարձությունները ցույց տվին, որ ստեղծված կարգավիճակը երկու կողմերուն համար ալ անընդունելի է: Այս հարցի լուծման խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: Միացյալ Նահանգները կկարծեն, որ դիվանագիտությունը` հաշտության տանող ճիշդ ճանապարհ է»: Դեսպան Հեֆըրնի այս հաստատումին առաջին եւ երրորդ բաժինները ավելորդաբանություն են: Կրնա՞ ըլլալ, որ Արցախի հարցը կարեւոր չըլլար Հայաստանի եւ Ազրպեյճանի համար: Կրնա՞ ըլլալ, որ ոեւե դիվանագետ հարցի լուծման համար դիվանագիտական ճանապարհեն զատ այլ ուղի մատնանշեր: Պատգամը` առաջին եւ երրորդ ավելորդաբանություններուն միջեւ տեղավորված է: Վերջին իրադարձությունները, կարգավիճակին անընդունելիությունը կնախանշեն, որ նոր մոտեցումի անհրաժեշտությունը կա կացությունը բարելավելու համար: Ավելի առջեւ չէ գացած դեսպան Հեֆըրնը, որովհետեւ հայտնապես իր պատասխանատուին վերապահված էր այդ մասին բացահայտում կատարելն ու առհասարակ այդ գաղափարը հրապարակ նետելը: Հայ-թուրք հարաբերությունները աննախապայման նկատող վաշինկթընյան պաշտոնական կեցուածքը արտահայտող դիվանագետը հարցերուն փոխկապակցվածության տեսությունը գործնապես կկիրարկե այս ձեւով: Կարգավիճակի անընդունելիություն եւ նոր մոտեցումներ` արցախյան ուղղության վրա, որմե ետք եւ մինչեւ երեք տարի` Կարս-Գյումրի երկաթուղիի բացում: Երեք քայլ` երեք տարվան ընթացքին: Փարիզի հանդիպումին պետք է սպասել իմանալու համար, որ Միացյալ Նահանգները քանի՞ քայլ կսպասեն կողմերեն եւ քանի՞ տարվան ընթացքին: Բանակցող կողմերեն առաջ սակայն, միջնորդող կողմերը պետք է համաձայնին առաջարկուած նոր քայլերուն կամ նոր մոտեցումներուն շուրջ: Շատ ժամանակ չունին. հազիվ 6 օր...: Շահան Գատահարեան «Ազդակ»ի գխաւոր խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play