Մի քանի բարեկարգ բակեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
13-06-2012 18:17:11 | Հայաստան | Տնտեսություն
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կուրղինյան 7 շենքի բնակիչների հավաստմամբ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:
Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:
Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն եւ այսօր այդ երազանքն իրականություն է դարձել:
Երեւանի քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երեւանյան բոլոր բակերը:
Անդրանիկի 114,118, ինչպես նաեւ Շերամի 83,85, շենքերի բակում եւս օրը տոնական ու սպասված էր: Այստեղ էլ հանդիսավորությամբ բնակիչներին են հանձնվել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:
Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին եւ շահագործման հանձնված բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում:
Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաեւ ոռոգման նոր համակարգով:
Րաֆֆու 45,47 եւ 49 շենքերի բակում Տարոն Մարգարյանը մասնակցել է նաեւ կազմակերպված ծառատունկին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման
աշխատանքներն իրականացվել են, ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը եւս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:
Զրուցելով բնակիչների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական եւ հետեւողականորեն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում.
<<2012թ.-ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մենք լայն թափով սկսեցինք բակերի բարեկարգման աշխատանքները, ինչի արդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն որոշ բակեր հանձնեցինք բնակիչների տնօրինմանը: Շնորհավորելով Մասլաթիա-Սեբաստիայի բոլոր բնակիչներին, վստահեցնում եմ, որ այս աշխատանքները լինելու են շարունակական ու մի քանի տարիների ընթացքում ամբողջ Երեւան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին>>,-նշել է քաղաքապետը:
Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Անդրադառնալով բնակչության կողմից բարձրացված խնդիրներին, Տարոն Մարգարյանը կարեւորել է հատկապես վերելակային տնտեսության արդիականացման խնդիրը. <<21-րդ դարում ուղղակի անթույլատրելի է չաշխատող վերելակը բազմաբնակարան շենքում: Մայրաքաղաքի վերելակային տնտեսությունն արդիականացման կարիք ունի եւ պահանջում է համալիր մոտեցում: Խնդրին համակարգված լուծում տալու համար քաղաքապետարանն այսօր ներդրումային միջոցներ ներգրավելու ծրագրեր է մշակում վերելակային տնտեսության կառավարումը մասնավոր ներդրողների միջոցով իրականացնելու համար>>, ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հորդորել է նաեւ հետեւողական ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, շեշտելով, որ այդ մասով եկամուտների աճն իր հերթին կարող է լրացուցիչ հնարավորություն ընձեռել քաղաքային ծրագրերի հետ մեկտեղ ավելացնելու իրականացվող բարեկարգման աշխատանքների ծավալները:
<<Ժամանակին զուգընթաց ավելանում են նաեւ բնակչության պահանջները, ինչն էլ մեզ պարտավորեցնում է վերանայել մոտեցումներն ու համայնքային բյուջեին զուգահեռ, ներգրավել նաեւ ներդրումային միջոցներ ու հարմարավետ ապրելակերպ ապահովել երեւանցիների համար>>,-շեշտել է Տարոն Մարգարյանը: