Կայացավ Նարեկ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը


Կայացավ Նարեկ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը

  • 19-06-2012 18:03:12   | Հայաստան  |  Իրավունք

Հունիսի 18-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեկ Հարթունյանի եւ նրա երկու աշխատակիցների գործով դատական հերթական նիստը: Այս անգամ վկայություն տվեցին երկու վկաներ՝ Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս ՍՊԸ անվտանգության նախկին աշխատակից Արամայիս Սահակյանն ու ընկերության նախկին առաքիչ Դավիթ Գեւորգյանը: Թեեւ դատարանը վկայություն տալու համար նախապես կանչել էր յոթ վկայի, սակայն ներկա էին միայն երկուսը: Նախքան վկաների ցուցմունքները լսելը դատավորն ընթերցեց նախորդ նիստերից մեկի ժամանակ ցուցմունք տված, ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Արսեն Արտաշեսյանի դիմումը: Դիմումում վերջինս խնդրում է նորից իրեն հարցաքննել, քանի որ դատարանում Նարեկն իրեն <<սպառնացել է>>, իսկ մամուլում տարածվել են ստահոդ տեղեկություններ իր մասին, ինչի պատճառով տագնապի մեջ է ընկել, լարվել: Այստեղ, սակայն, հարկ ենք համարում հիշեցնել, որ Նարեկ Հարթունյանը չի սպառնացել նրան, այլ պարզապես հայտնել է, որ ԱՄՆ-ում հաշվապահի նման գործողությունների համար նրան ուղղակի կզրկեին արտոնագրից: Ավելին, սա ասվել է հայտարարության տեսքով, այն էլ վկայի ցուցմունքից հետո միայն, հետեւաբար սա չէր կարող ազդել վկայի ցուցմունքների վրա: <<Վկան ասում է իր դիմումում, թե դատական նիստի ժամանակ սկսվել է լարված վիճակ: Այս լարվածություն ասվածը միանգամայն անհասկանալի է ինձ: Իրականությունն այն է, որ վկան եկավ, ցուցմունք տվեց, որի ընթացքում չկարողացավ թաքցնել այն, ինչ պետք է թաքցներ. նա ինքն էլ ասաց, որ ինքն է խորհուրդ տվել, որ որոշակի շրջանառություն <<խփվի>> ՀԴՄ-ով>>,-մեկնաբանեց վկայի այս քայլը փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրեց, որ այս չգիտակցված խոստովանությանն ի պատասխան՝ դատախազն ասաց. <<Փաստորեն դու ես ամեն ինչ կազմակերպել….>>: << Հենց այս պահից էլ նա կարող էր ընկնել տագնապի մեջ: Իրականությունը հենց դա է: Այդ պահին նա հասկացավ, որ կարող է ունենալ լուրջ խնդիրներ այս ցուցմունքով: Իսկ եթե, ինչպես ինքն է ասում, Նարեկի հայտարարությունից կարող էր ընկնել տագնապի մեջ, ուրեմն այդ վկայի համար օրենքն ունի հատուկ դրույթ՝ ստուգել՝արդյոք վկան ճիշտ է ընկալում, վերարտադրում տեսածն ու լսածը, թե ոչ>>,-ասաց Հ. Ալումյանը: Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, որոնք նա <<ստահոդ>> է համարում, ապա երիցս հիշեցնենք, որ դրանք բխել են բացառապես Ա. Արտաշեսյանի՝ դատարանում տված ցուցմունքից եւ բառ առ բառ արտահայտել են դրա բովանդակությունը, հետեւաբար վկայի կողմից բերված այս բացատրությունը իր տագնապների, լարվածության ու այդտեղից ոչ ճիշտ ցուցմունք տալու վերաբերյալ կարող են միայն հաստատել փաստաբանի մտավախությունը վկայի՝ իրականությունն ըմբռնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ այս վկայի՝ նախաքննական մարմնին եւ դատարանին տված ցուցմունքներում էական տարբերություններ էին առկա, ինչի մասին եւ հրապարակվել է նախկինում: Ա. Արտաշեսյանի դիմումը բարձրաձայն կարդալուց հետո վկայություն տվեցին վերը նշված վկաները: Ընկերության նախկին առաքիչ Դավիթ Գեւորգյանը: Նա աշխատել է <<Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս>> ՍՊ ընկերությունում 2011թ.մարտի 14-ից մինչեւ 2012թ. ապրիլ ամիսը: Վկայի խոսքերով աշխատանքի ընթացքում դեպքեր եղել են, երբ ապրանքը տարել է խանութներ, սակայն չի տվել հաշիվ-ապրանքագրեր, քանի որ տեխնիկական խնդիրներ են եղել: Սակայն նա նաեւ ասաց, որ այդ հաշիվ-ապրանքագրերը հաջորդ օրն են տարել: <<Տեսեք, քննիչներին տված ցուցմունքում ամենագլխավոր փաստը մնում է չարձանագրված: Վկայի խոսքերով եղել են դեպքեր, երբ հաշիվ-ապրանքագրեր չեն տվել, բայց չի արձանագրվել, թե ինչու դրանք չեն եղել, եւ չի արձանագրել նաեւ, որ դրանք հետո են տրվել, քանի որ տեխնիկական խնդիրներ են ունեցել: Սա քննիչների աշխատելաոճն է. նրանք պահանջում են, որ վկան կոնկրետ իրենց հարցին պատասխանի՝ բաց թողնելով այնպիսի հարցեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի համար: Այսինքն ստանում են իրենց անհրաժեշտ ցուցմունքը: Գրեթե ոլոր վկաների հետ նույն պատմությունն է>>,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Վկայություն տվեց նաեւ ընկերության անվտանգության նախկին աշխատակից Արամայիս Սահակյանը: Քանի որ վկայություն տալու համար դատարան կանչվածներից միայն երկուսն էին ներկայացրել, դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին մյուս վկաներին բերման ենթարկել: Դատավորը դատական նիստը հետաձգեց՝ նշանակվելով հունիսի 27-ին: Մարիամ Մուղդուսյան
Նոյյան տապան  -   Իրավունք