ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն կայցելի Էրեբունի հնավայր


ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն կայցելի Էրեբունի հնավայր

  • 22-06-2012 16:18:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2012թ. հունիսի 5-ից հայ-ֆրանսիական հնագիտական պեղումներն ու ուսումնասիրությունները վերսկսվել են Էրեբունի ամրոցի միջնաբերդում: Ինչպես եւ նախորդ տարիներին, գիտատեխնիկական համագործակցության հայկական կողմը ներկայացնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, ֆրանսիականը` Ֆրանսիայի Մշակույթի նախարարության հնագիտական ծառայությունները: Որպես պեղումների ձեռնարկող հանդես է գալիս «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Այս տարվա պեղումներով մեկնարկում է Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցության նոր քառամյա ծրագիրը` 2012-2015թթ. համար: Աշխատանքների այս փուլը վերաբերում է հնավայրի հարավային առանցքով բացված ուրարտական փողոցի ուսումնասիրության ընդլայնմանը, որն անցնում է Խալդի տաճարի արեւելյան ճակատի երկայնքով: Պեղումները թույլ կտան հասկանալ վերջին շրջանի բնակեցումների հերթագայությունը, ինչպես նաեւ պարզաբանումներ կմտցնեն Խալդի տաճարից հյուսիս բացված շերտերի թվագրման խնդիրներում: Պեղումները նպատակ ունեն նաեւ պարզաբանել սյունազարդ դահլիճի թվագրման ժամանակաշրջանը` արդյո՞ք այն պատկանում է ուշ ուրարտական ժամանակաշրջանին, թե՞ կառուցվել է Ուրարտուից հետո, նրանից որոշակի խզում ունեցող եւ կամ աքեմենյան ժամանակաշրջանում: «Էրեբունի» արգելոց-թանգարանի հետ համատեղ փորձ կարվի հնավայրի նորահայտ արդյունքները ծառայեցնել հուշարձանի նորովի եւ արդիական հանրահռչակմանը, ինչպես նաեւ հասարակության տեղաշարժմանը հնավայրում` հնարավորինս ապահովելով պահպանված հատվածների առավելագույն անխաթարություն: 2012թ. ծրագրվում է նաեւ 2008-2012թթ. իրականացված պեղումների արդյունքների ամփոփիչ ցուցահանդեսի կազմակերպում` արգելոց-թանգարանի եւ ֆրանսիացի հնագետների համագործակցությամբ; Ցուցահանդեսը, որը նախատեսվում է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակում, կրելու է «Էրեբունի. երեկ եւ այսօր» խորագիրը : Վաղը` 2012թ. հունիսի 23-ին ժամը 11:00-ին Էրեբունի հնավայր կայցելի ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի եւ դեսպանության մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարի` 2011թ. հունիսի 25-ին առաջին անգամ այցելելով Էրեբունի` Ա. Ռենոն կարեւորել էր հնագիտության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը եւ հավաստիացրել, որ կանի ամեն ինչ ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ` ինչի իրականացման ականատեսն ենք այսօր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն