Խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում


Խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

  • 25-06-2012 15:00:24   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է Լենինգրադյան փողոցի երթեւեկությունը ՝ Հալաբյան փողոցից մինչեւ Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթեւեկելի գոտիներով։ Տրանս¬պոր¬տային հոսքերի երթեւեկությունը կազմակերպվելու է այլընտրանքային ճանապարհներով` Կիեւյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետեւ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ՝ Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Կիեւյան կամուրջ ուղեգծով: Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո քանդման թույլտվությունների տրամադրումը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակում է ամենօրյա հսկողություն իրականացվել: Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` Կամո Արեյանը նշել է, որ հնարավորին սեղմ ժամկետում պետք է կարգաբերել եւ անհրաժեշտության դեպքում նորերով փոխարինել մայրաքաղաքի տարածքում տեղադրված ավտոճանապարհային նշանները: Հսկողություն է սահմանվելու նաեւ վերգետնյա եւ ստորգետնյա հետիոտն անցումների սանիտարական մաքրման եւ արտաքին պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ: Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաեւ, որ աշխատանքներ են տարվում կանգառագոտիների վերականգնման ուղղությամբ: Զուգահեռաբար շարունակվում է նաեւ փողոցների գծանշումը: Երեւանցիների ու քաղաքի հյուրերի համար կթարմացվեն նաեւ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված մշակութային օջախների ցուցատախտակները: Քաղաքապետի հանձնարարությամբ կգույքագրվեն մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթակա ցայտաղբյուրները` վերանորոգելու եւ հետագա շահագործումն ապահովելու նպատակով: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման հիմնական աշխատանքներն ավարտված են: Ընթացքի մեջ է ծառերի ու թփերի սեզոնային բուժումն ու կրապատումը: Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաեւ բազմաբնակարան բնակելի շնքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի դեպքերը բացառելու նպատակով կատարվող ստուգայցերը: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ին Կասյան փողոցի շաբաթ-կիրակի օրերին գործող գյուխամթերքի շուկայի վերաբացման նպատակով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զեկուցվել է, նաեւ որ ընթացքի մեջ են բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման, ինչպես նաեւ մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Նշել է, որ զուգահեռ կշարունակվեն խաղահրապարակների հարակից ավտոտնակների ու այլ շինությունների պատերի նկարազարդումները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն