Սարդարապատյան ընտրության ժամանակն է


Սարդարապատյան ընտրության ժամանակն է

  • 26-06-2012 14:13:11   | Հայաստան  |  Հայտարարություններ

«Սարդարապատ» շարժան հայտարարությունը. «Երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու ծրագիր որդեգրած քրեաօլիգարխիկ համակարգը հերթական անգամ ցույց տվեց իր գիշատիչ բնույթն ու սպառողական կենսադիրքորոշումը: Հանցավոր վարչախմբի անդամ եւ հովանավորյալ օլիգարխի կերակրատաշտից սնունդ առնող եւ անպատժելիությունից արբեցած ավազակախումբը ինքնադատաստանի նպատակով ազգային բանակի մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելով մահվան դուռն է հասցրել: Բռնության ու նվաստացման ենթարկվելու` յուրաքանչյուրին սպառնացող ողբերգությունը հերթական անգամ ցույց տվեց համակարգի ազգակործան քաղաքականությունը` ստրկացիր կամ հեռացիր: Չնայած մասնավոր առանձնահատկություններին, նման դեպքերը նույն պատճառն ունեն եւ նույն նպատակն են հետապնդում` իշխանությունը յուրացնելու եւ պետության կառավարման համակարգին տիրացած մնալու միջոցով երկրի մարդկային ու բնական պաշարների անխնա սպառման հաշվին ապահովել անընդհատ հարստանալու ավելի ու ավելի մեծ հնարավորություններ: Ուստի հանցավոր համակարգը` պարագլխից մինչեւ ամենավերջին ծախու կամակատարի դեր կատարող դատավորը, դատախազը, ոստիկանը կամ թիկնապահը, կենաց-մահու խնդիր է համարում համակարգի գոյության եւ նրա չգրված օրենքների դեմ կատարվող ամեն մի գործողություն դաժանաբար, սարսափ ներարկող ձեւերով պատժելու միջոցով հնազանդության սերմանումը: Եվ բնավ կարեւոր չէ, այդ գործողությունն ունի 1996 թ. սեպտեմբերի 26-ի, 2004 թ. ապրիլի 12-ի կամ 2008 թ. մարտի 1-ի ընդվզումների մասշտաբը, թե ընդամենը չգրված օրենքների նկատմամբ ծաղրի հավանական ենթատեքստ պարունակող կատակ է: «Սարդարապատ» շարժումը ցավով եւ մտահոգությամբ փաստում է, որ ժողովրդի իղձերի ու նպատակների հետ անհամատեղելիության պատճառով օբյեկտիվորեն քայքայվող քրեաօլիգարխիկ համակարգի բնականոն մահվանն սպասելը հղի է կանխատեսելի ողբերգական հետեւանքներով: Ընդսմին` այդ ողբերգությունը ոչ միայն դրսեւորվելու է ճակատագրի հեգնանքով առանձին անհատների դուռը թակելու դեպքերի քանակական աճմամբ, ինչը պայմանավորված է մեռնող համակարգի հոգեւարքային ակտիվությամբ, այլեւ ունենալու է համազգային բնույթ, քանզի համակարգը քաղցկեղի նման գոյատեւում է երկրի եւ ժողովրդի կյանքի ու արյան հաշվին: Այդ է վկայում Ազգային ժողովի դիմաց սպաների հանդեպ կատարված բռնության դեմ բողոքող քաղաքացուն մեկ այլ օլիգարխի եւ նրա թիկնապահի կողմից ոստիկանության ներկայությամբ անպատիժ կերպով ինքնադատաստանի ենթարկելու փաստը: Այդ է վկայում նաեւ հանցավոր համակարգի անհրաժեշտ մասը կազմող եւ նրա փշրանքներով գոյատեւող ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծ մասի լռությունը, ինչպես նաեւ հանցագործների պատիժը նրանց վրա հիմնված հանցավոր վարչախմբից ակնկալելու փորձերը, որը ոչ միայն անհեռանկար, այլեւ վնասակար արարք է, քանզի նպաստում է վարչախմբի իշխանության ճանաչմանն ու օրինականացմանը: Հայ ժողովրդի նկատմամբ պետական ոճիր գործած, պետականության հիմքերը խարխլած, ազգային անվտանգությանը վնասած, ամենաթողության հետեւանքով մարդկային ճակատագրեր խեղած, հասարակական մեծ հնչեղություն ստացած ցանկացած քրեորեն պատժելի արարք չունի վաղեմության ժամկետ եւ վաղ թե ուշ մեղավորները ստանալու են օրենքով նախատեսված իրենց պատիժը: «Սարդարապատ» շարժումը համընդհանուր արթնացումի կոչ է անում` հորդորելով չխաբվել հանցավոր վարչախմբի` երկիրը զարգացնելու եւ կարգ ու կանոն հաստատելու մասին կեղծ խոստումներին, ինչպես նաեւ մերժել վարչախմբի սնուցման եւ վերարտադրման միջավայրի վերածված քաղաքական համակարգը, նրա կեղծ ընդդիմության, կլանային ու գրպանային կուսակցությունների օգտապաշտական գործունեությունը: Պատմությունը մեզ տալիս է քաղաքական քաղցկեղից ազատվելու եւ այլընտրանքային քաղաքական համակարգի ու իշխանության ձեւավորմամբ Նոր Հանրապետություն կերտելու բացառիկ հնարավորություն: Այդ հնարավորության իրականացումը կբերի համազգային զարթոնքի ու վերածննդի, իսկ այն ձեռքից բաց թողնելը` համազգային աղետի: Սարդարապատյան ընտրության ժամանակն է»:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play