Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց «Հայաստանի<br /> Հանրապետությունում խաղաղ հավաքների իրավունքի մասին» արտահերթ<br /> զեկույցը<br />


Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց «Հայաստանի
Հանրապետությունում խաղաղ հավաքների իրավունքի մասին» արտահերթ
զեկույցը

  • 25-05-2010 15:30:00   | Հայաստան  |  Իրավունք

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մայիսի 25-ին հանրությանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների իրավունքի մասին» իր արտահերթ զեկույցը: Օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի վերլուծության հիման Ա.Հարությունյանը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանում խաղաղ հավաքների առկա վիճակը մի շարք առումներով չի համապատասխանում այդ ոլորտի միջազգային չափորոշիչներին: Ըստ Ա.Հարությունյանի, թեեւ հավաքների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը 2004թ.-ից հետո ընդհանուր առմամբ համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, սակայն դրանում տեղ գտած ոչ հստակ ձեւակերպումները, տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող դրույթները հակասական իրավակիրառ պրակտիկայի պատճառ են դառնում: Իրազեկումը քննարկող լիազոր մարմինների գործունեության մեջ, ըստ նրա, առկա չէ միասնականություն, շատ դեպքերում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, ինչն իր հերթին հանգեցնում է իրավական անորոշության եւ խնդիրներ առաջացնում իրավակիրառ պրակտիկայում: Օրենսդրական բացերի մասին է խոսում այն փաստը, որ միայն 2008թ.-ի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի կողմից զանգվածային հրապարակային միջոցառումներն արգելելու մասին 80-ից ավելի որոշումներ են ընդունվել: Արդյունավետ չեն կարող համարվել նաեւ այդ իրավունքի դատական պաշտպանության մեխանիզմները: Մասամբ կամ ամբողջությամբ խախտված են հավաքների իրավունքի 6 ղեկավար սկզբունքները` հօգուտ հավաքների անցկացման կանխավարկածը, խաղաղ հավաքներ պաշտպանելու պետության պարտականությունը, օրինականությունը, համաչափությունը, լավ վարչարարությունը եւ խտրականության բացառումը: Իշխանությունների վարքագիծը շատ դեպքերում հիմք է տալիս պնդելու, որ վերջիններիս կողմից լիարժեք չի գնահատվում հավաքների ազատության կարեւորությունը, մասնավորապես այն, որ հավաքների իրավունքը կարող է ծառայել որպես միջոց երկրում առկա խնդիրների լուծման համար: Ա.Հարությունյանը հայտնեց, որ իր հաջորդ զեկույցը վերաբերելու է Հայաստանում խոսքի ազատության վիճակին:
Նոյյան տապան  -   Իրավունք