Արտագաղթում են սիրիահայերը


Արտագաղթում են սիրիահայերը

  • 27-06-2012 17:04:26   | Սիրիա  |  Վերլուծություն

Սիրիայում ստեղծված բարդ իրադրությունը ստիպում է տեղական հայ համայնքին մտածել Հայաստան տեղափոխվելու մասին: Մեկ տարուց ավելի Սիրիայում տեւող իշխանություն-ընդդիմություն հակամարտության ու բախումների հետեւանքով առաջացած անհանդուրժողական մթնոլորտի պատճառով քրիստոնյա ազգային փոքրամասնություն ներկայացնող հայերից շատերը ստիպված լքում են այդ երկիրը: Սփյուռքի նախարարության տվյալով`վերջին մի քանի ամսում Սիրիայից մոտ 100 հայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան: Նրանց մեծ մասն արդեն բնակարան է գնել Երեւանում: Մի մասն էլ ժամանակավոր վարձով է ապրում` միաժամանակ փնտրելով գրպանին հասու բնակարաններ: Հալեպաբնակ Աշակերտյանների ընտանիքը, սիրիական խռովությունների սկսվելուն պես, որոշեց տեղափոխվել Հայաստան: Վաճառեցին ամբողջ ունեցվածքը` տուն, խանութ, ու այժմ բնակվում են Երեւանում: «Թեեւ երբեւէ չէինք մտածել, որ մի քանի ամսում կարող ենք երկրից երկիր տեղափոխվել, բայց իրավիճակն այնքան կտրուկ փոխվեց, որ լավագույն որոշումը սա կարող էր լինել: Մեր առաջնային խնդիրը ընտանիքի անվտանգությունը ապահովելն էր, դրա համար էլ առանց հետ նայելու որոշում կայացրեցինք», - պատմում է երեք զավակների հայր, 58-ամյա Հարություն Աշակերտյանը: Կինը`50-ամյա Լիզա Աշակերտյանն ասում է, որ հալեպահայերի մեծ մասը վճռել է, որ տեղափոխվում են Հայաստան, բայց սպասում են անշարժ գույքի վաճառքին: Մոտ 80 000-ի հասնող հայ համայնքի շարքերն արաբական այդ երկրում նոսրանում են: 1915 թվականին`Օսմանյան կայսրության օրոք իրագործված Հայոց ցեղասպանության ժամանակ փրկված հայերի մեծ մասն ապաստան գտավ Սիրիայում, որտեղ եւ ձեւավորվեց Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայ համայնքը: Նրանց մեծ մասը բնակվում է Հալեպում: Այդ քաղաքի հայերը Սիրիայի ամենահայտնի ոսկերիչներն ու մեքենագործներն են: Սիրիահայերը պատմում են, որ սիրիացիները` հայր եւ որդի նախագահներ Հաֆես ու Բաշար ալ Ասադի գլխավորությամբ, մշտապես աջակցել են հայ համայնքին: 2011-ի մարտից կառավարական եւ ընդդիմադիր ուժերը չդադարող բախումների մեջ են եւ այդ իրավիճակը ուղղակի ազդեցություն է ունենում Սիրիայի հայ համայնքի վրա`նրանց ստիպելով բռնել արտագաղթի ճանապարհը: Իսլամիստ ծայրահեղական ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը, իշխանությունն էլ դիմադրում է: Իսկ տեղական հայ համայնքը համարվում է հենց նախագահի վարչակարգի աջակիցը: Մադլեն Սեփեթջյանի որդին, դեռ սիրիական բախումները չսկսած, կնոջ հետ տեղափոխվեց Հայաստան: Այժմ նրա մայրը րոպեներն է հաշվում, որ տունը վաճառվի, եւ ինքն էլ ամուսնու հետ Հայաստանում շարունակի կյանքի վերջին տարիները: Չնայած ասում է, որ չի պատկերացնում` ինչպես է Հայաստանում օրվա հացը վաստակելու: «Մի քանի ամիս առաջ տունս թալանեցին, վերջին կոպեկս գողացան, լավ է, որ ես տանը չէի, թե չէ ինձ էլ կսպանին: Ամբողջ խնայողություններս ու ոսկին տարան, ու հիմա մինչեւ տունը չվաճառվի, չեմ կարողանա Հայաստան տեղափոխվել: Ամեն վայրկյան գնորդի ենք սպասում, բայց էս խառը վիճակին հարցնող անգամ չի եղել»,- պատմում է 59-ամյա Սեփեթջյանը, ով սեփական աչքերով է տեսել քրիստոնական թաղամասում ապրիլին տեղի ունեցած պայթյունն ու ահաբեկված հայերին: Սակայն Սիրիայի անշարժ գույքի շուկայում ճգնաժամ է սկսվել: Եթե անգամ բնակարանները վաճառվում են, ապա իրական գնի կես արժեքով: «Արդեն 3 տարի է`տղաս ընտանիքով Երեւանում է ապրում, բայց այդպես էլ մշտական գործ չի կարողանում գտնել: Ինչ էլ գտնում է, մի քանի ամսով է լինում ու ամսական 60-70 000 դրամից ավել չի ստանում»,- ասում է Սեփեթջյանը: Իսկ Հայաստանում միջին աշխատավարձը 118 000 դրամ է, նվազագույնը` 33 500: Մադլեն Սեփեթջյանի որդին`Հովհաննեսը, ոսկերիչ է: Նա այն սիրիահայերից է, որը Հայաստան է եկել առանց խնայողությունների, հետեւաբար սեփական բիզնեսը հիմնելու հնարավորություն չուներ: «Մի քանի ամիս գործ էի փնտրում, ապրում էին ծնողներիս ուղարկած գումարով: Բայց հետո, վերջապես, սկսեցի մի տեղացու մոտ ոսկերչություն անել: Այնտեղ էլ, սակայն, ամիսներով աշխատավարձս չէին տալիս», - պատմում է Հովհաննեսը` ավելացնելով, որ եկվորները հիմնականում չգիտեն`ինչից սկսեն, ինչպես գործ գտնեն ու ամենակարեւորը`ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները: Հովհաննեսի հույսը ծնողներն են այժմ, որ տունը կվաճառեն ու որոշակի գումարով կգան Հայաստան, բայց տունը չի վաճառվում: Պաշտոնապես տվյալներ չկան, թե Սիրիայից Հայաստան տեղափոխված քանի մարդ արդեն աշխատանք ունի կամ քանիսն է փնտրում: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից հաղորդեցին, որ աշխատանք փնտրողներին գրանցելիս ազգություն ու կարգավիճակ չեն հարցնում: Նույն գործակալության վերջին տվյալներով`Հայաստանում աշխատանք է փնտրում 78 600 մարդ: Գործազրկության մակարդակը պաշտոնապես 5,9 տոկոս է, իսկ աղքատության ցուցանիշը`35,8 տոկոս: Այս պայմաններում սիրիահայ գաղթյալների համար աշխատանք գտնելը խնդիր է. կան նույնիսկ լեզվական խոչընդոտներ: ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը IWPR-ին ասաց, որ աշխատանք գտնելու խնդիրը ոչ միայն ներգաղթողներինն է, այլեւ ողջ բնակչությանը: «Որպես կանոն, սակայն, տեղափոխված ընտանիքները ունենում են որոշակի խնայողություններ, եւ ներդրում անելու դեպքում կարող են սկզբնական շրջանում իրենց համար ստեղծել նվազագույն եկամուտներ ապահովող աշխատատեղեր, որը հետագայում կընդլայնվի»: Մինասյանն ասում է, որ ներգաղթյալներին ընդունելու հետ կապված հարցերը ներկայում չունեն կարգավորման հստակ մեխանիզմ. «Խնդիրն այն է, որ հայերի վերադարձի տեսակետից չունենք մեկ միասնական-ամբողջական ռազմավարություն, որը կապահովեր պետական աջակցություն`սկսած տնտեսական, սոցիալական, ֆինանսական աջակցությունից մինչեւ կազմակերպչական եւ քաղաքացիության շնորհման հարցերը»: Այս տարվա փետրվարի 8-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հարցին, թե ունի՞ կառավարությունը որեւէ ծրագիր, թեկուզ`հումանիտար, իրավիճակի վատթարացման դեպքում սիրիահայերին օգնության ձեռք մեկնելու համար, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ «կառավարությունը պատրաստ է եւ հարկ եղած դեպքում անհրաժեշտ քայլեր կարող է ձեռնարկել`հայ համայնքին օգնելու համար, պատրաստ է անգամ անհրաժեշտության պարագայում վերաբնակեցման ուղղությամբ մտածել»: Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանի կարծիքով`հայերը չեն կարող զանգվածաբար հեռանալ Սիրիայից: «Ի վերջո, մի քանի սերնդի ունեցվածք կա`շենքեր, բիզնես, այդ ամենը մի քանի ակնթարթում վաճառելը կամ թողնելն անհնար է: Մեծ մասը ժամանակավոր դուրս կգա: Ամեն դեպքում անհնար է կանխատեսել, թե քանի հոգի կտեղափոխվի Հայաստան», - նշում է Ներսիսյանը: Հայրենիք տեղափոխվող սիրիահայերը տարբեր հարցերով դիմում են Սփյուռքի նախարարությանը: «Դիմում են`վիզա ստանալու, գումարային խնդիրների դեպքում կամ մաքսատանը աջակցություն ստանալու խնդրանքով: Մարդիկ իրենց իրերով են գալիս եւ օրենքով սահմանված կարգով` նրանցից կարող է մաքսային վճարներ պահանջվել`հաշվի չառնելով, որ նրանք ավելի շուտ փախստականի կարգավիճակ ունեն», - հավելում է նա: Արտաքին գործերի նախարարությունը սիրիահայերի աջակցության կամ վերաբնակեցման ծրագիր չունի: Նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը IWPR-ին տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունը: Գործակալության պետ Գագիկ Եգանյանը IWPR-ին փոխանցեց, որ իր ղեկավարած կառույցն էլ այդ հարցով չի զբաղվում: «Որեւէ ծրագիր չենք մշակել ու չենք մշակում, քանի որ մարդկանց մեծ հոսք չկա», - ասաց Ապաստանի հարցերով բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը Ինչ վերաբերում է սիրիահայերի ներգաղթի հարցի տնտեսական կողմին, ապա «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը վստահ է, որ մարդկանց անգամ մեծ ներհոսքի դեպքում Հայաստանում տնտեսական խնդիրներ չեն առաջանա. «Վերջին տարիներին Հայաստանից այնքան մարդ է արտագաղթել, որ մարդկանց մեծաքանակ ներհոսքը տնտեսական որեւէ խնդիր չի ստեղծի, հակառակը, մեր հայրենակիցների գալը նոր խթան կլինի»: Արփի Հարությունյանը «Արմնյուզ» հեռուստաալիքի լրագրող է: Հայկուհի Բարսեղյանը «Անկախ» շաբաթաթերթի եւ www.ankakh.am կայքի թղթակիցն է: «Կովկասյան լրատու»
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play