Հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը


 

Հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը

  • 28-06-2012 14:54:58   | Հայաստան  |  Մշակույթ

Հունիսի 28-ին Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը: Զանգվածային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսը բացեց արգելեց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը` ներկայացնելով Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցության նախորդ տարիների փորձը եւ այս պեղումների նպատակը: Բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երեւանը ներկայացնել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքում` Գ. Գյուրջյանն այնուհանդերձ նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հնագիտական հետազոտություններն արվել են որոշակի շտապողականությամբ, եւ ամրոցի ճարտարապետությանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները: 2012թ. հունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների պատկերը մանրամասնորեն ներկայացրեց ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը, իսկ հայտնաբերված խեցեղենի վերլուծությունը` արշավախմբի անդամ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Մասնագետները հատկապես շեշտեցին, որ այս տարվա պեղումները կօգնեն լուսաբանել Ուրարտուի կործանումից հետո մինչեւ Աքեմենյան տիրապետություն ընկած անցումնային ժամանակաշրջանը` շուրջ մեկդարյա մի ժամանակահատված, որի ըմբռնումը թույլ կտա գրել Հայաստանի պատմության այս էջը: Նրանք նաեւ շեշտել են, որ Իրանի տարածքում պահպանված աքեմենյան շատ հուշարձանների հետ Էրեբունիի գիտական համեմատությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից հետո կյանքն ամրոցում անկասկած շարունակվել է: Արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինյանը կարեւորել է պեղածո նյութերի մշակման եւ սահմանված կարգով արգելոց-թանգարանին հանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս հանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկյան արշավախմբի նյութերերը: «Հ1» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին` թե ինչպիսի՞ կյանք են վարել Էրեբունիի բնակիչները , ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը կեսկատակ պատասխանել է. «... դատելով ամրոցից հայտնաբերված խեղեցենի տեսքից եւ որակից, կարելի է ասել, որ ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր»:
Նոյյան տապան  -   Մշակույթ