Արմեն Աշոտյան.«Լավ բժիշկները կյանքում ունեն իրենց տեղը»


Արմեն Աշոտյան.«Լավ բժիշկները կյանքում ունեն իրենց տեղը»

  • 04-07-2012 17:46:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի նիստի ընթացքում այսօր Հիպոկրատի երդում են տվել բուհի 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտները: Ավարտական վկայականների հանձնման արարողությանը մասնակցել է տվյալ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով միջոցառման սկզբում ներկաներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել բուհի շրջանավարտ, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը: Նախարարը շնորհավորել է ուսանողներին կյանքի այս փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: «Բժշկական համալսարանի շրջանավարտ լինելը մեծագույն պատիվ է եւ լավ կյանքի լավ ուղեգիր: Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը բարձր կպահի այն դրոշը, որի պատերի ներք սովորել է տարիներ շարունակ: Վստահ եմ, որ դուք կսիրեք այն «սուբյեկտներին», ում առողջությունը պահպանելու համար եք կոչված: Համոզված եմ, որ կսիրեք այն մարդկանց, ում հետ աշխատելու եք, եւ որ ձեզանից շատերի հաջողությունների մասին բոլորս դեռ կլսենք: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ լավ բժիշկները կյանքում ունեն իրենց տեղը եւ հուսով եմ` ձեզանից շատերը կհամալրեն Հայաստանում լավ բժշկի համբավ ունեցող մարդկանց բանակը: Յուրաքանչյուր քաղաքացի լավ բժշկի կարիք է զգում: Մաղթում եմ, որ լինեք այնքան երջանիկ ու առողջ, որ կարողանաք` այրվելով լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը» ,-դիմելով շրջանավարտներին` նշել է նախարարը` վերջիններիս մաղթելով նոր հանդիպումներ ու հաջողություններ: Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հանդիսավոր արարողության ընթացքում ԵՊԲՀ-ի բժշկի դիպլոմ է ստացել ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական եւ դեղագիտական ֆակուլտետի 115 շրջանավարտ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play