Շահան Գանտահարյան. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ԵՒ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ


Շահան Գանտահարյան. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ԵՒ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ

  • 05-07-2012 17:09:10   | Լիբանան  |  Վերլուծություն

«Հարսնաքարի»-ի ողբերգության դիմաց ստեղծված հասարակական ընդվզումի ալիքը կարեւոր հանգրվան նվաճեց երեքշաբթի օր, երբ Հայաստանի սակավապետական շրջանակներու ամենեն կարկառուն դեմքերեն Ռուբեն Հայրապետյանը հրաժարեցավ պատգամավորի իր պաշտոնեն: Կարելի է ըսել, որ այս իրադրությունը նույնիսկ աննախընթաց երեւույթ է Հայաստանի քաղաքական-պետական վերջին շրջանի կյանքին մեջ: Հարցերու բնույթի եւ տարողության հիմնական տարբերությունները նկատի ունենալով` հասարակական ալիքի բարձրացման եւ խնդիրներու հանգուցալուծման ձեւերուն մեջ հասարակ հայտարարներ կնկատվին: Մտաբերենք Մաշտոցի պուրակին հետ կապված քաղաքացիական շարժումը, նախագահի միջամտությամբ հարցին հանկարծակի լուծումը: Եւ այս պարագային հայ սպայ-բժիշկին ծեծամահ ըլլալը, հասարակական համատարած ընդվզումի զարգացումը, սակավապետ Հայրապետյանի ապաշխարումն ու մանավանդ Ազգային ժողովեն հրաժարականը: Այստեղ երկու կարեւոր օղակ կա, որոնց վրա պետք է կեդրոնանալ պահ մը: Նախ այս պարագային մեկ կողմը Ազգային ժողովի պատգամավորն է, մյուս կողմը պաշտպանության նախարարության կառույցները` տրված ըլլալով, որ ծեծամահ ընողը պատգամավորի թիկնապահն է եւ մահացողը պաշտպանության նախարարության սպա-բժիշկը: Երկրորդ, թեեւ Հայրապետյանը որեւէ ձեւով չի նշեր, որ ընդառաջած է նախագահի ցուցմունքին, այնուամենայնիվ պարզ է, որ իր հայտարարությունը կատարած է նախագահին հետ տեսակցութենեն ետք: Նույնքան պարզ է, որ առանց նախագահի կարգադրություններուն հարցի հանգուցալուծման կարեւոր այս կանգառը տեղի չէր ունենար: Կսպասվի անշուշտ օրենքի խստագույն կիրարկման` հայ սպային նկատմամբ դաժանագույն կերպով վարվածներուն նկատմամբ: Թե՛ լրագրողական եւ թե՛ քաղաքական դաշտին մեջ կա անվստահելիության մթնոլորտ, կասկած` հանցավորները խստագույն պատիժի ենթարկելու կամքին նկատմամբ: Առարկայական մոտեցում ցուցաբերած ըլլալու համար հիշելը լավ է, որ նախապես եղած են նման պատահարներ, բռնարարքներ, բռնության հետեւանքով մահ արձանագրված է, որոնց դիմաց հովանավորյալները չեն ստացած իրենց հանցանքի համապատասխան բաժինը: Հովանավորողները` երբեք: Այսօր, գեթ հովանավորը գին վճարած է: Թիկնապահները բանտարկված են. կակնկալվի՛ դատավարություն եւ հանցանքի համապատասխան պատժաչափեր: Խնդիրը այս բոլորին մեջ ննման դեպքերու բացառումն է: Ավելի քաղաքական բառապաշարով` խորհրդարանի ապասակավապետականացման անհրաժեշտությունը, թիկնազորային օրենքի որդեգրումը, թիկնապահներու թիվի սահմանափակումը, անոնց գործառույթներու հստակացումը, բռնությունները` հարցերու լուծման համար օրենքով կանխարգիլելու հրամայականը: Կար ի հարկե հարցի հանգրվանային լուծման այլ տարբերակ, երբ խորհրդարանը ի՛նք զրկեր Հայրապետյանը անձեռնմխելիութենե` անուղղակի զինք առաջնորդելով դատարան: Այդ պարագային, խորհրդարանի մեծամասնական կուսակցությունը ստիպված պիտի ըլլար իր անդամին նկատմամբ կեցուածք որոշելու, եթե ի հարկե վերեւներեն նման կանաչ լույս ստանար: Մեր երկիրը, ցավոք, ունի Ավետյաններու այլ օրինակներ: Ամենաթողության, անպատժելիության, հովանավորչության ժամանակները պիտի անցնին հայրենիքի վրայեն: Այսօր կա՛ խորհրդարանեն եւ պետական հաստատություններեն դուրս առողջ հասարակական շարժում, որ Երեւանի դիմագիծի պահպանման, հայրենիքի կենսոլորտին նկատմամբ ցուցաբերած նախանձախնդրությամբ եւ հիմա ալ հովանավորյալ անպատժելիության դեմ պայքարելու անտեղիտալիությամբ որոշած է փողոց դուրս գալ եւ պայքարիլ: Կթվի, որ այս առողջ շարժումն է, որ սկսած է իր արդյունքը տալ: Շահան Գանտահարյան «Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play