Սեմինար` ուղղված բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետների ազգային խմբերին


Սեմինար` ուղղված բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետների ազգային խմբերին

  • 06-07-2012 15:29:15   | Հայաստան  |  Հասարակություն

Ս.թ. հուլիսի 9-10-ը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Հետազոտական հենքով կրթություն բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտուրայի մակարդակներում» խորագիրը կրող թեմատիկ սեմինար` ուղղված Բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետների ազգային խմբերին: Սեմինարի ընթացքում քննարկվելու են տարբեր մակարդակների կրթական ծրագրերում եւ բաղադրիչ մոդուլներում հետազոտական բաղկացուցիչն ուժեղացնելու եւ հետազոտական հենքով բարձրագույն կրթությունը կազմակերպելուն առնչվող խնդիրները: Միջոցառումը կկազմակերպվի Բարձրագույն կրթության բարեփոխման ծրագրի, Եվրոպական միության Տեմպուս ծրագրի, UNICA ցանցի, Բրյուսելի կրթության ծառայությունների եւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի համատեղ ջանքերով: Բարձրագույն կրթության բարեփոխման փորձագիտական ցանցը գործում է Եվրոպական միության նախաձեռնությամբ: Թեմատիկ սեմինարին ներկա են լինելու Բարձրագույն կրթության բարեփոխման 50 փորձագետներ Հայաստանից, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայից, Արեւմտյան Բալկաններից, Հարավային Միջերկրածովյան տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիայից: Կլինեն ներկայցուցիչներ Եվրոպական հանձնաժողովի մանդատի ներքո գործող Կրթական, աուդիովիզուալ եւ մշակութային գործադիր գործակալությունից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից: Ընդհանուր առմամբ կհավաքվեն 60 մասնակիցներ: Բանախոսների շարքում կլինեն Ժան Շամբազը` Պիեր եւ Մարի Կյուրի համալսարանի նախագահ, Սյուզան Վեյգելին-Շվիդեռցիկը` Վիեննայի համալսարանի Հետազոտությունների եւ կարիերայի զարգացման գծով պրոռեկտոր, Մելիտա Կովասեվիչը` Զագրեբի համալսարանի պրոռեկտոր: Հաշվի առնելով սեմինարի ընթացքում քննարկվող խնդիրների արդիականությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ թեմատիկ սեմինարն անց է կացվելու Հայաստանում` Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի եւ Հայաստանի Բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) ազգային փորձագիտական խմբի նախաձեռնությամբ սեմինարի ավարտին` հուլիսի 11-ին, կազմակերպվելու է վերջինիս արդյունքները ամփոփող հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)` ուղղված հայ ակադեմիական հանրությանը: Միջոցառման ընթացքում կներկայացվի նաեւ հետազոտության վրա հիմնված կրթության կազմակերպման Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձը: Հանդիպմանը մասնակցություն կունենան ներկյացուցիչներ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից, Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերից, փորձագետներ Եվրամիությունից եւ Գործընկեր երկրներից: Միջոցառման (հուլիսի 11) մուտքն ազատ է:
Նոյյան տապան  -   Հասարակություն