Նախարարն ընդունել է մրցույթից դուրս մնացած դիմորդների ծնողներին


Նախարարն ընդունել է մրցույթից դուրս մնացած դիմորդների ծնողներին

  • 17-07-2012 16:54:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 17-ին՝ այսօր ընդունել է ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքում դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողների: Վերջիններս նախարարի մոտ ընդունելություն էին խնդրել` առաջարկով` բուհերում ավելացնել լրացուցիչ տեղեր` առավել մեծ թվով դիմորդների հնարավորություն ընձեռելու վճարովի հիմունքներով ընդունվել բուհեր: Լսելով ծնողների բողոքներն ու առաջարկները` նախարարը նշել է, որ հասկանում է ծնողների անհանգստությունը, որը, սակայն, ըստ Արմեն Աշոտյանի անհարկի է, քանի որ այս տարի առաջին անգամ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տրվել մինչեւ հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաեւ ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել: Լրացուցիչ փուլի մասնագիտությունների ցանկում, համաձայն նախարարի նշած տեղեկատվության, պետական եւ ոչ պետական բուհերում առկա են համապատասխանաբար ավելի քան 4300 եւ 3700 թափուր տեղեր: Ծնողների մյուս անհանգստությունը կապված էր, ըստ վերջիններիս կարծիքի, այս տարի որոշ բուհերում բարձր անցողիկ բալերի առկայությամբ: Ի պատասխան` Արմեն Աշոտյանը պարզաբանել, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով անցողիկ բալն իսկապես բարձր է, համեմատած նախորդ տարիների հետ, որը, սակայն, ըստ նախարարի, կարելի է բացատրել նաեւ "Հայոց լեզու եւ գրականություն" առարկայից ստացված բարձր գնահատականների արդյունքով: Ի մի բերելով հանդիպման արդյունքները եւ հաջողություն մաղթելով բոլոր դիմորդներին` նախարարը եւս մեկ անգամ տեղեկացրել է, որ այլեւս ոչ մի լրացուցիչ տեղ չի ավելացվելու եւ ծնողներին կոչ է արել` լավագույնս օգտվել այս տարի առաջին անգամ ընձեռված հնարավորությունից` մասնակցել թափուր տեղերի կամ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play