«ԷկոԼուր». Մեղադրանքն անհիմն է


«ԷկոԼուր». Մեղադրանքն անհիմն է

  • 20-07-2012 13:40:14   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

Պետկոմիտեի` ապատեղեկացնելու մասին մեղադրանքն անհիմն է. «Մենք` «ԷկոԼուր» եւ «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ներս, կարծում ենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին ապատեղեկատվության տարածման մեջ մեղադրելը ոչ մի հիմնավորում չունի: Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի իր հայտարարության մեջ պետական կոմիտեն մասնավորապես նշել էր. «Վերջին շրջանում որոշ հասարակական կազմակերպությունների կողմից ոլորտին վերաբերող բացահայտ ապատեղակետվության տարածումը…», ««Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» Հ/Կ նախագահ Սաթիկ Բադեյանի բերած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը…», եւ ապա «ՀՀ Գեղարքունիքի մարզում գործում են ջրօգտագործողների երեք ընկերություններ՝ «Մարտունի», «Գավառ» եւ «Վարդենիս», որոնց սպասարկման տարածքի փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում է 4600 հա…», «…Մարզի բնակչության շուրջ 25 %-ը զբաղվում է ոռոգելի հողագործությամբ»: Մեր կողմից նշենք, որ Գեղարքունիքի մարզն ունի (տարբեր տվյալների համաձայն) 80 հազարից միչեւ 86 հազար հեկտար վարելահող: Եւ այս տեսանկյունից Պետական կոմիտեի նշած 46 հազար հեկտարը կազմում է ընդհանուր տարածքի 5-7% -ը: Մենք նաեւ ուշադրություն ենք դարձնում Պետական կոմիտեի ներկայացրած մեկ այլ թվի վրա, որ մարզի բնակչության շուրջ 25%-ն ապահովված է ոռոգելի ջրով: Այդ թիվը կարող էր էլ ավելի մեծ լինել, քանի որ նրանում ներառված են երեք խոշոր քաղաքների` Մարտունու, Գավառի, Վարդենիսի բնակիչները: Քաղաքային բնակչությունը շատ ավելի քիչ է գյուղատնտեսությամբ զբաղվում, քան գյուղական բնակչությունը: Բայց հենց գյուղական բնակչությունը պետք է մշակի Պետական կոմիտեի վերահսկողությունից դուրս մնացած 75000-79000 հեկտար հողատարածքները` հույսը դնելով եղանակի, ձյան կամ անձրեւի վրա: Եւ եթե ձյուն կամ անձրեւ չկա, ապա բերք էլ չկա: Մարդիկ վարկեր են վերցնում եւ կարող են ոչինչ չստանալ ջրի բացակայության պատճառով: Ջուրը դարձել է ավելի թանկարժեք, քան կյանքը: Մեր աչքի առաջ Գեղամավան գյուղի երկու բնակիչ պարաններով իջնում էին Սեւան-Հրազդան ջրատարի մոտ, դույլով ջուր էին վերցնում եւ լցնում նեղ խողովակի մեջ: Ջրատարով հոսող ջրի արագությունը շատ մեծ է, ջրատարի պատերը հարթ են, իսկ խորությունը` 7-10 մետր: Ջրատարի մեջ ընկնելու դեպքում փրկվելը գրեթե անհնար է: Գյուղի տարեցները պնդում են, որ ջրատարի բացման օրվանից նրա մեջ խեղդվել է ավելի քան 50 մարդ: Մեր հարցին, թե արդյոք այդ հողագործները չեն վախենում, որ պարանը կպոկվի, նրանք պատասխանեցին. «Իսկ ինչ անեն, պետք է ջրել, ջուրը հարկավոր է»: Թե օրը քանի անգամ են իջնում ջրատարի մոտ, դժվար է ասել: Ահա թե ինչի մասին է խոսքը` խնդիրների: Դրանց մասին չի կարելի լռել: Մենք կարծում ենք, որ պետական մարմինները հասարակայնության հայտարարությունը պետք է ընդունեն որպես ահազանգ եւ պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի խնդիրները լուծվեն, եւ գոհ լինեն ոչ միայն ընկերությունները, այլեւ մարդիկ»: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Նոյյան տապան  -   Հասարակություն