Դատախազության 5-ամյա դպրոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին


Դատախազության 5-ամյա դպրոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին

  • 20-07-2012 18:26:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2012թ. հուլիսի 20-ին, Երեւանում, «Արմենիա Մարիոթ» հուրանոցում նշվեց ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության 5-րդ հոբելյանական տարեդարձը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը` հանդիսավոր նիստի մասնակիցներին ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղերձը: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, իր ուղերձում անդրադառնալով «Դատախազության դպրոցի» գործունեությանը, մասնավորապես նշել էր. ««Դատախազության դպրոցը» ձեւավորվելով 1998 թվականից գործող ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի հիմքի վրա, անցած հինգ տարիների ընթացքում վերածվել է դատախազական կադրերի ուսուցման եւ վերապատրաստման հեղինակավոր օջախի, որտեղ իրականացվում են նաեւ կիրառական իրավագիտության եւ իրավունքի տարբեր ճյուղերին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ: Ասվածի լավագույն ապացույցն է այն, որ վերջին տարիներին դպրոցի աշխատակիցների ջանքերով հրատարակված ավելի քան 2 տասնյակ անուն գիտագործնական աշխատանքներն ու մեթոդական ձեռնարկները լայնորեն կիրառվում են ոչ միայն դատախազական, այլ նաեւ այլ իրավապահ մարմինների պրակտիկայում եւ արժանացել են իրավագիտական հանրության գնահատանքին ու հավանությանը»: ՀՀ գլխավոր դատախազի հավաստմամբ, ««Դատախազության դպրոցը» այսօր իր ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման արդյունավետության, գիտագործնական սեմինարների, քննարկումների, ուսուցման ժամանակակից մեթոդոլոգիայի կիրառման արդյունքում լիովին համապատասխանում է միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որի վառ ապացույցն է նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ դպրոցի սերտ համագործակցությունը»: Այնուհետեւ հանդիսավոր նիստի ընթացում ցուցադրվեց տեսաֆիլմ, «Դատախազության դպրոց»-ի գործունեության վերաբերյալ: Ըստ այդմ «Դատախազության դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունն ստեղծվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա եւ ՀՀ գլխավոր դատախազի 19.07.2007թ. թիվ 46 հրամանի համաձայն: Դպրոցի գործունեության կազմակերպման հենք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը: Դատախազության դպրոցի գործունեության ուղղությունների լուսաբանման հիմքում դրված է ճանաչողականությունը, արդյունավետ միջոցների եւ մեթոդների վերհանումն ու դրանց գործնականում կիրառությունը, որոնք եւ պայմանավորում են դպրոցի բնականոն գործունեության կազմակերպումը եւ առկա հասարակական հարաբերություններում նրա ակտիվ մասնակցությունը: Դատախազության դպրոցն իրականացնում է` 1) Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը. 2) Դատախազների տարեկան եւ լրացուցիչ վերապատրաստումը. 3) Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումը: Զարգացման ծրագրին համահունչ, հիմնական կրթական գործընթացներին զուգահեռ դպրոցն իրականացրել է լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնց շահառուներն են եղել դպրոցականները, զինվորական կոմիսարիատի աշխատակիցները, քննիչները, իրավապահ մարմինների այլ աշխատակիցները եւ այլն: Նշվածի արդյունքում դպրոցը, հաստատուն քայլերով առաջ շարժվելով, ուրույն տեղ է զբաղեցրել համապատասխան գործառույթներ իրականացնող կազմակերպությունների շրջանում` համարվելով իրավապահ մարմինների աշխատակիցներ վերապատրաստող առաջատար կազմակերպություններից մեկը: Կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական գործընթացներն իրականացվել են դասախոսությունների, գործնական պարապմունքների, դասախաղերի, դատախաղերի, սեմինարների, խնդիրների, քննարկումների, բանավեճերի, ինչպես նաեւ Մարդու իրավուքների եվրոպական դատարանի վճիռների, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների քննարկումների միջոցով: Ուսումնական եւ գիտամեթոդական գրականության ստեղծումն ու հրատարակումը դպրոցի հիմնական գործառույթներից մեկն է: 2008 թվականից ի վեր հրատարակվել են մոտ 20 ուսումնական ձեռնարկ, որոնց մատչելիությունն ապահովելու, ինչպես նաեւ ընկալելիության մակարդակը բարձրացնելու համար, հիմնականում ստեղծվել են նույն ձեռնարկի էլեկտրոնային տարբերակները: Դպրոցն իրավապահ մարմինների վերապատրաստման, մասնագիտական պատրաստման եւ այդ ոլորտում սեմինարների, համաժողովների, քննարկումների կազմակերպման, ինչպես նաեւ կրթական ծրագրերում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նպատակով, սերտորեն համագործակցում է Եվրոպայի խորհուրդի (Լիսաբոնյան ցանց, Մարդու իրավունքների ոլորտի կրթություն իրավաբանների համար` ՀԵԼՓ), ԵՄ եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի Համաշխարհային բանկի, Հայատանում ԱՄՆ դեսպանատան, Բազելի կառավարման ինստիտուտի Ակտիվների վերադարձման միջազգային կենտրոնի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի եւ այլ միջազգային կառույցների հետ: Ներկայումս դպրոցում աշխատանքներ են տարվում վերապատրաստման գործընթացների ընդլայնման եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է շարունակել գիտագործնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման, իրավաստեղծ գործունեության, գիտագործնական ձեռնարկների կազմման եւ հրատարակման աշխատանքները, ինչպես նաեւ դպրոց ներմուծել ուսուցման նոր մեթոդներ եւ միջոցներ: ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգեւատրվեցին «Դատախազության դպրոցի» տնօրեն Գ. Սարգսյանը, եւ ՀՀ դատախազության այլ աշխատակիցներ :
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play