Կոչ՝ Շիրակի մարզի բոլոր կամավոր ազատամարտիկներին


Կոչ՝ Շիրակի մարզի բոլոր կամավոր ազատամարտիկներին

  • 24-07-2012 11:43:51   | Շիրակի մարզ  |  Հայտարարություններ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԿՈՉ-ԱՌԱՋԱՐԿ. «Մենք` Մկրտիչ Մկրտիչի Բաղդասարյանս (Սամոն) եւ Աշոտ Հակոբի Թադեւոսյանս, կոչ ենք անում Շիրակի մարզի բոլոր կամավոր ազատամարտիկներին անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, հավաքվել Գյումրու Զինկոմիսարիատի շենքում տեղակայված Ազատամարտի վետերանների թանգարանում, միանալ մեզ` կամավորականի դիմումով դիմելու մեր մարտական ընկերներին` ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին եւ ՀՀ Պաշտպանության նախարարին, որ մեզ, իրենց հայեցողությամբ, զորակոչեն ՀՀ Բանակ սկսած եռամսյա ծառայությունից մինչեւ կադրային ծառայության: Այս մեր կոչով ես չեմ ուզում, որ մեր հայ ժողովուրդի մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե մեր բանակը ոչ մարտունակ է, որի պատճառով մենք ուզում ենք զորագրվել, հակառակ` մեր տարածաշրջանում ամենամարտունակ եւ ամենաբարվոք վիճակում մեր բանակն է, որը հաղթանակած բանակ է, քանի որ այդ հաղթանակը մենք` կամավորներս, կռել ենք մեր արյան եւ կյանքի գնով: Մեր անձնական կարծիքով մենք` կամավորներս, անկախ սեռից, տարիքից ու ֆիզիկական վիճակից, իրավունք չունենք ձեռքերս ծալած նստելու եւ սպասելու, թե թշնամու դիպուկահարները կամ դիվերսիոն ջոկատները քանի նոր զոհ են մեզ մատուցելու: Քանի որ պատերազմը ավարտված է դե յուրե, սակայն դե ֆակտո ավարտված չէ, ուստի կոչ ենք անում Շիրակի մարզի բոլոր կամավորական ազատամարտիկներին զորակցել Հայկական բանակին ու լինել հայ զինվորների եւ հրամանատարների կողքին պաշտպանական առաջին գծում` պատերազմում ձեռք բերած մեր գիտելիքներն ու փորձը պրակտիկորեն փոխանցել ժամկետային զինծառայողներին, ինչպես նաեւ նրանց տրմադրել բարոյահոգեբանական աջակցություն: Կարեւոր է, որ զինվորներն ու հրամանատարները զգան, որ մենք` կամավոր ազատամարտիկներս, ոչ միայն հոգով, այլեւ գործով իրենց կողքին ենք որպես հավասար ավագ ընկեր զինվոր: Այս կոչ-առաջարկը անձամբ մեր կարծիքն է ու առաջարկը բոլոր կամավորներին: Հավաքը կկայանա հուլիսի 30-ին եւ 31-ին ժամը 13:00-15:00-ը Զինվորական կոմիսարիատի առաջին հարկում գտնվող Ազատամարտի թանգարանում»: 23 հուլիսի 2012 Սամո, Աշոտ
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play