ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆ-75


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆ-75

  • 15-08-2012 14:29:58   | Իսպանիա  |  Վերլուծություն
Վերջերս լրացավ տաղանդաշատ կոմպոզիտոր Հ.Դելլալյանի հոբելյանը, որն այդուհանդերձ կարծես թե աննկատ անցավ բոլորի համար: Ոչ միայն այս, այլեւ համանման մյուս դեպքերում անտարբերությունն ու չնկատի տալն արդարացնելու համար ցայժմ շատ պատճառներ ենք արդեն հորինվել: Հապա եւ, որպես գլխավոր փաստարկ բերում ենք հետաքրքրության պակասն ու տարբերությունները: Իսկ արդյոք մեր գործը չէ՞ հետաքրքություն առաջացնելն ու ճաշակի զարգացումը: Երաժշտահան Հ.Դելլալյանի պարագան հենց այն է, որն չէր կարելի պարզապես անտեսել: Նրան իբրեւ անհատականություն եւ արվեստի մարդ բնորոշողը հանկարծակի բառն ու հասկացությունն է եղել. հանկարծակի է հուշվել արդեն երկու դստեր հայր Հարությունին, որ նրա առաքելությունն այս աշխարհում ֆրեզերագործությամբ զբաղվելը չէր, այլ՝ մշակույթը, որտեղ նա իր ասելիքը ունի: Հանկարծակի է պատահել, որ նոթագրությանն անգամ անծանոթ ու աշխարհահռճակ կոմպոզիտորների ստեղծագործություններին տակավին անծանոթ 35-ամյա Հ.Դելլալյանն իր մուսաների ներշնչմամբ ու խորհուրդներին ունկնդիր, դիմում ներկայացրեց ... ժողովրդական կոնսերվատորիա ընդունվելու համար: Հանկարծակի եղավ աստվածատուր թռիչքը ստեղծագործական եւ անժամանակ վրա հասած մահն ինքը: Այսքանն ու դրանից ավելին էր նկատի ունեցել նրան մոտիկից ճանաչող հանրահայտ Էդուարդ Միրզոյանը, երբ մեկ առիթով գրի էր առել թե. ''Հարություն Դելլալյանն անսովոր, հրաշք երեւույթ է մեր արվեստի իրականության մեջ'': Մինչդեռ ''Լոս Անջելես թայմս''-ը նրա ''Topophonօ'' գործի կապակցությամբ հիացական հետեւյալ դիտողությունը կանի. ''Ահա թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից երաժշտությունը'': Գրել են Էմիլիո Պոմարիկոն, Լադիսլավ Կուպկովիչը, Զուլթան Պեշկոն, Տիգրան Մանսությանը, Ավետ Տերտերյանը, շատ ու շատ ուրիշները: Գրում եմ ես նաեւ՝ ոչ առաջին, որ էլ վերջինս: Որպեսզի մշտապես հիշատկվի մեկի անունը, ում մասին չունենք մոռանալու իրավունքը: Զարմանահրաշ հայտնությունը նրա իր սկիզբը Միջերկրականի հունական ափերից էր վերցնում, որտեղ անցկացնելով կյանքի առաջին տարիները, ինչ-որ հնչույններ էր հիշողության մեջ պահեստավորել (դրա մասին ոչինչ սակայն...չիմանալով), որպեսզի քայլ առ քայլ հետո դեպի Կոմիտաս եւ հարազատ ակունքները գա, որ ունեին իրենց ռիթմերը ուրույն եւ որոնց կարողացել է ունկնդիր դառնալ, մշակել ու համայն աշխարհի ուշադրությանը ներկայացնել (ամենա տարբեր ազգերի մարդկանց անկրկնելի ոճի եւ տպավորությունների բազում հրաշալի պահեր պարգեւելով): Այդ իմաստով այն ամենն, ինչ իրեն՝ Հարություն Դելլալյանինն էր, դադարում էր այդպիսինը լինելուց, եւ որքան էլ մերը մենք ըմբռնեինք ՝ մինչեւիսկ ազգայինի սահմաններն էր անցել, քանզի իր ամեն ստեղծագործություն ինքնաբերաբար համամարդկային հնչողություն էր ստանում՝ ընկալելի եւ ընդունելի զանազան երկրների բեմերի վրա: Անկեղծ ասեմ. երբ առաջին անգամ նրա ուզածդ գործն ես լսում, ինչպես ինքն էր եղել իր կարճ, բայց շատ հարուստ կյանքի ընթացքում, այդպեսեւ յուրաքանչյուրս է անսպասելիությունից ...հանկարծակիի գալիս: Չափազանցություն չկա. լեզուդ կարծես թե կապ է ընկնում եւ լուռ այդպես ինքդ քո մտքերի մեջ ես խորսաուզվում կամաց-կամաց: ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Իսպանիայի լրագրողների միությունների ֆեդերացիայի անդամ
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play