Կայացավ խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ
18-09-2012 14:02:58 | Հայաստան | Տնտեսություն
Սեպտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի բոլոր պատասխանատուներին, քննարկելու սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստում հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր մարմինների ղեկավարներին տրված հանձնարարականները:
‹‹Երկրի ղեկավարը, մեր առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերների պահանջով, առաջին հերթին բոլորիս ուշադրությունը կենտրոնացրեց ավելի համակարգված եւ արդյունավետ աշխատանք ցուցաբերելու վրա››,- նշեց նախարարը:
Ըստ Սերգո Կարապետյանի, անդրադառնալով ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի իրականացման ոլորտում ապակենտրոնացված գնումների գործընթացում առկա համակարգային եւ կազմակերպչական բնույթի խնդիրներին, ՀՀ Նախագահը ժամանակին եւ խիստ կարեւոր գնահատականներ է տվել երկրի տնտեսության զարգացման ընդհանուր միտումներին, զգուշացնելով, որ այդպես շարունակել այլեւս հնարավոր չէ:
‹‹Նախագահը հիշեցրեց, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով եւ լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե՝ հակառակը: Եվ որ ‹‹նման թերացումների դեպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու››››,- ասաց Սերգո Կարապետյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ոլորտում գնումների եւ պետական բյուջեի արդյունավետ տնօրինման հետ կապված իր դիտակումները, նախարարը խստիվ հանձնարարեց պահպանել օրենսդրական պահանջներն ու նորմերը, մրցույթների կազմակերպման առավել թափանցիկ ու արդյունավետ ընթացքի ապահովումը: ‹‹Օրենսդրությամբ սահմանված պահանջներից ու սկզբունքներից յուրաքանչյուր շեղում, այս գործում ցուցաբերվող յուրաքանչյուր անհարկի դանդաղկոտություն կամ թերացում, համարժեք ու խիստ պատասխանի է արժանանալու: Հիշե՛ք, որ պետությանը հասցված վնասի յուրաքանչյուր դեպքով առաջին հերթին, որպես ոլորտի պատասխանատուներ, դուք եք մեղավոր, եւ հենց դուք էլ առաջինը պետք է պատասխան տաք կատարվածի համար››,- զգուշացրեց նախարարը:
Խորհրդակցության մասնակիցներն իրենց հերթին պարտավորվեցին անշեղորեն հետեւել երկրի ղեկավարի հանձնարարականներին ու հնարավորինս սեղմ ժամկետներում էական փոփոխությունների հասնել ‹‹Գնումների մասին›› օրենքի իրականացման եւ պետական բյուջեի արդյունավետ տնօրինման գործընթացներում: