ՀՀ կառավարություն.Հերթական անգամ մեղմացվում է բնական գազի սակագինը
20-09-2012 13:55:55 | Հայաստան | Տնտեսություն
Գործադիրը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած եւ չբաշխված շահույթի հաշվին 171 մլն 101 հազար 280 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2012 թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ավելի վաղ ընդունված որոշմամբ անապահով ընտանիքներից յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր գազի վճարը գանձվում է հաստատված սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նվազեցված գնով` 1000 խոր. մետրի համար` 100 հազար դրամի չափով։ 1000 խոր. մետրի համար 32 հազար դրամ կազմող գնի տարբերության գումարը (յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր գազի համար) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների շահույթի հաշվին։