ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով
20-09-2012 13:59:56 | Հայաստան | Տնտեսություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որը կնպաստի զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։
Կառավարության հավանությունն է ստացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» մի շարք այլ փոփոխություններ եւ լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունմամբ հնարավորինս կնվազեն առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու վերաբերյալ իրավախախտման դեպքերը։
Գործադիրը քննության է առել ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Հավաստելով, որ նվազագույն աշխատավարձի առաջարկվող բարձրացումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, կառավարությունը միաժամանակ եզրակացնում է, որ նվազագույն աշխատավարձի մեծությունը եւ կիրարկման ժամկետը լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։ Նիստում քննարկվել է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Իր պարզաբանումները ներկայացնելով օրենքի նախագծի տեղեկանք-հիմնավորման վերաբերյալ, կառավարությունը նպատակահարմար է համարում հանքարդյունահանման ոլորտի հարկման համակարգի առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ ներդրված հարկման համակարգի կիրառման առաջին արդյունքների (2012 թ. արդյունքով` 2013 թվականին) վերլուծության հիման վրա, եւ դեմ է արտահայտվում ներկայացված օրինագծի ընդունմանը։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, կառավարությունը որոշել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքի երկու նախագիծ ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։