ՀՀ գլխավոր դատախազը ընդունել է եվրոպական կառույցների ներկայացուցիչներին


ՀՀ գլխավոր դատախազը ընդունել է եվրոպական կառույցների ներկայացուցիչներին

  • 18-03-2011 19:19:11   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 18-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի եւ Եվրոպայի խորհրդի առաջատար խորհրդատու, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ պայքարի Եվրախորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի փորձագետ Էրիկ Սվանիձեի հետ: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը եւ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում Ս. Զեհեի կողմից անդրադարձ եղավ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Տիգրան Փոստանջյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի որոշ հանգամանքներին` մասնավորապես քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ վարույթում քննելու իրավական հիմքերին: Ա. Հովսեփյանը հանգամանորեն տեղեկացրեց քրեական գործի հարուցման, քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ վարույթ հանձնելու, խափանման միջոցի ընտրության քրեաիրավական հիմքերը: Գլխավոր դատախազը նշեց, որ հանցավորության դեմ պայքարում ընդհանրապես եւ մասնավորապես սույն քրեական գործով նախաքննությունն ընթանում է դատախազության ձեւավորված միասնական քրեական քաղաքականության եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ անկախ նույնիսկ այդ բոլոր հիմքերից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով /հոդված 53/ դատախազի բացառիկ լիազորությունն է ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից եւ հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը սույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով: Ա.Հովսեփյանը մասնավորապես շեշտեց. «որ հատկապես քրեական գործի քննության բազմակողմանիության եւ օբյեկտիվության հանգամանքները ապահովելու սկզբունքից ելնելով է նաեւ սույն գործի նախաքննությունը հանձնարարել ԱԱԾ քննչական վարչությանը»: Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին նաեւ տեղեկացրեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով քննչական ենթակայության վերաբերյալ սահմանված կարգով նախատեսված հոդվածներից բացի, քննվել եւ քննվում են նաեւ այդ կարգով չնախատեսված հանցակազմերով քրեական գործեր, մասնավորապես նշելով. «ինչպես կոռուպցիոն բնույթի, այնպես էլ կարող են լինել անգամ նաեւ գողության դեպքով հարուցված քրեական գործեր»: ՀՀ գլխավոր դատախազը շեշտեց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս բողոքարկել ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատախազի որոշումները, եւ Տ. Փոստանջյանը ու նրա շահերի ներկայացուցիչները լիարժեք ունեն դատախազի որոշումների օրինականությունը դատարանում բողոքարկելու իրավասություն, որից եւ կարող են օգտվել: Ս. Զեհեն անդրադարձավ նաեւ Ս. Խաչատրյանին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով առաջադրված մեղադրանքի եւ կալանավորման վերաբերյալ որոշ հարցերի: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ Ս. Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելիս եւ խափանման միջոց ընտրելիս նկատի են առնվել ինչպես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները, այլ նաեւ հետազոտվել են անգամ համացանցում տեղադրված տեսանյութերը, որոնցից մասնավորապես ԳԱԼԱ հեռուստաընկերության համացանցում տեղադրված տեսաերիզը, որտեղ պատկերված Ս. Խաչատրյանի գործողությունները հանդիսանում են նրան առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից ընդամենը մեկը: Ա. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Եվրոպայի խորհրդի առաջատար խորհրդատու, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ պայքարի Եվրախորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի փորձագետ Էրիկ Սվանիձեին, նրա հեղինակած «Վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարն ու վատ վերաբերմունքի արդյունավետ քննությունը» խորագրով հրատարակված` Հայաստանի վերաբերյալ զեկույցում (աշխատության), ներկայացված առաջարկությունների, խորհրդատվության եւ համագործակցության համար: Է.Սվանիձեն նշեց, որ 2009թ. զեկույցի հրապարակումից հետո, Հայաստանում ակնհայտ են դրական փոփոխություննեը զեկույցում առաջ քաշված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն