Նանա Կուրաշվիլի.Վրաստան. ընտրությունների առաջատարը դեռեւս անհայտ է


Նանա Կուրաշվիլի.Վրաստան. ընտրությունների առաջատարը դեռեւս անհայտ է

  • 28-09-2012 15:40:31   | Վրաստան  |  Վերլուծություն

Նախագահ Սաակաշվիլու գլխավորած կուսակցությունը 8 տարիների ընթացքում առաջին անգամ լուրջ մրցակցության է բախվել: Երկրի համար մեծ նշանակություն ունեցող խորհրդարանական ընտրություններին ընդամենը 2 շաբաթ է մնացել, իսկ վրացի ընտրողները տարօրինակ կերպով դեռեւս չգիտեն նախօրոք, թե ով է հաղթելու: 8 տարի առաջ անարյուն հեղափոխության արդյունքում իշխանության եկած Միխայիլ Սաակաշվիլու կուսակցությունը՝«Միացյալ ազգային շարժումը» երկար ժամանակ գերիշխող դիրք էր զբաղեցնում Վրաստանի քաղաքական դաշտում: Սակայն իրադրությունը կտրուկ փոխվեց, երբ մեկ տարի առաջ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ պատրաստվում է համալրել ընդդիմության շարքերը: Նրա նորաստեղծ «Վրացական երազանք» դաշինքը կարճ ժամանակում կարողացավ իրական սպառնալիքի վերածվել Սաաակաշվիլու դաշնակիցների համար գալիք ընտրություններին: Չնայած հոկտեմբերի 1-ին կայանալիք քվեարկությանը 14 կուսակցություններ ներկայացնող թեկնածուներ են պայքարելու խորհրդարանական տեղերի համար, ընտրություններն արդեն իսկ ընկալվում են որպես անմիջական հակամարտություն «Միացյալ ազգային շարժման» եւ «Վրացական երազանքի» միջեւ: Այս խորհրդարանական ընտրությունները հատկապես կարեւոր են, քանի որ սահմանադրական բարեփոխումների շնորհիվ՝ նախագահի իրավասությունները պակասելու են ի օգուտ խորհրդարանի եւ վարչապետի: Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, որոնց Սաակաշվիլին այլեւս չի կարողանա մասնակցել: Նախագահական ընտրություններից հետո, խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցությունը կնշանակի երկրի նոր վարչապետին, որն այսուհետ կլինի երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Չնայած Իվանիշվիլին չի կորցնում վարչապետ դառնալու հույսը, հոկտեմբերի 1-ի ընտրություններին չի կարողանա մասնակցել, քանի որ անցյալ տարի ընդդիմության կողմն անցնելուց կարճ ժամանակ անց զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից: «Վրացական երազանքի» վայելած ժողովրդականությունը հիմնականում պայմանավորված է հենց Իվանիշվիլու վերաբերյալ հասարակության պատկերացումներով: Մինչեւ 2011 թվականը մեծահարուստը մեկուսացված կյանք էր վարում, երբեք հարցազրույց չէր տալիս կամ հրապարակային ելույթներ ունենում: Չնայած այս ամենին, նրա հարստությունը եւ առատաձեռնությունն առասպելական էին դարձել մարդկանց աչքերում: «Հասարակությունը հավատում է, որ բարեգործությամբ զբաղվող գործիչը բազում դրական փոփոխություններ կնախաձեռնի երկրում հետագայում», - ասում է Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Ռամազ Սակվարելիձեն: Այս կարեւոր ընտրությունների մոտենալուն համընթաց, ընդդիմադիր կուսակցությունները եւ մի շարք հասարակական կազմակերպություններ մեղադրում են իշխանություններին անազնիվ մեթոդներ օգտագործելու մեջ՝«Միացյալ ազգային շարժման» հաղթանակն ապահովելու համար: «Մենք ամեն հնարավորն անում ենք այս ընտրությունների ժամանակ կեղծիքներից խուսափելու համար եւ ողջունում ենք միջազգային դիտորդների ջանքերը: Սակայն մենք թույլ չենք տա, որպեսզի անարդարություն լինի, եւ եթե իշխանությունները դիմեն կեղծիքների, մենք չենք հանդուրժի այդ ամենը», - ասում է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդներից մեկը՝Դավիթ Ուսուպաշվիլին: Վերջերս երկիր այցելած մի շարք բարձրաստիճան օտարերկրյա քաղաքական գործիչներ կոչ են արել Վրաստանի իշխանություններին արդար ընտրություններ անցկացնել: Սեպտեմբերի 6-ին Թբիլիսի կատարած իր այցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գալիք քվեարկությունը համեմատեց լակմուսի թղթի հետ՝Վրաստանում լիարժեք ժողովրդավարական առաջընթացը պարզելու համար: «Վստահ եմ, որ բոլոր քաղաքական ուժերը կարեւոր դեր են ունենալու այս գործընթացում», - հայտարարեց Ռասմուսենը նախագահ Սաակաշվիլու հետ կայացած հանդիպումից հետո: Նույնպիսի կոչերով հանդես եկան նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսական Ջոն Մաքքեյնը, ինչպես նաեւ Շվեդիայի եւ Էստոնիայի արտգործնախարարները: Սաակաշվիլու մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեի հավաստմամբ, քվեարկությունը կատարելապես արդար է լինելու՝ նշանավորվելով բազում միջազգային դիտորդների ներկայությամբ եւ ստեղծված հատուկ հանձնաժողովի աշխատանքով, որը կստուգի ընտրացուցակները եւ կզբաղվի քվեարկությունից հետո առաջացած վիճահարույց հարցերի կարգավորմամբ: «Նախագահը վստահ է, որ այս ընտրությունները եւս մեկ անգամ կհաստատեն Վրաստանում ժողովրդավարության հասունությունը եւ կենսունակությունը», - հայտարարել է Մանջգալաձեն: Վերլուծաբանները, սակայն, մտահոգվում են,որ անկախ ընտրություններում երկու կուսակցություններից որեւէ մեկի հաղթանակից, մյուսը չի համակերպվի պարտության հետ, ինչը կհանգեցնի բազմամարդ ցույցերի եւ քաղաքական անկայունության: Իվանիշվիլին իր հերթին հորդորել է միջազգային հանրությանն օգնել երկրում արդար ընտրություններ անցկացնել՝միաժամանակ ակնարկելով, որ իր կուսակցության պարտության դեպքում խնդիրներ կառաջանան: «Թե՛մենք, թե՛ դուք նույն ընտրության առջեւ ենք կանգնած՝ կամ անմիջապես վճռական միջոցներ ենք ձեռնարկում՝ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար կամ էլ մեկ ամսից ստիպված կլինենք գործ ունենալ գողացած քվեարկության հետեւանքների հետ», - եզրափակել է նա: Նանա Կուրաշվիլին ազատ լրագրող է Վրաստանում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից: www.iwpr.net
Նոյյան տապան  -   Վերլուծություն