ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՑՈԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՑՈԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 05-10-2012 14:02:45   | Հայաստան  |  Վերլուծություն
Ամերիկյան «ուղեղային կենտրոնները» (think thanks) Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող առավել կարեւոր գործոններից են եւ գրեթե մեկ դար է, ինչ կանխորոշում են ԱՄՆ գործունեության բնույթը միջազգային ասպարեզում: Սակայն վերլուծական կենտրոնները պակաս ուշադրության են արժանանում, քան հակամարտող լոբբիստական խմբերը, միջկուսակցական խմորումները եւ մրցակցությունն իշխանական թեւերի միջեւ: Չնայած իրենց համեմատական աննկատելիությանը, ամերիկյան քաղաքագիտական անկախ ինստիտուտները նշանակալի ազդեցություն են գործում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա: Դա տեղի է ունենում հինգ տարբեր ուղղություններով. նպաստելով քաղաքականության յուրահատուկ գաղափարների եւ տարբերակների մշակմանը, հատկացնելով փորձագետների պատրաստի համակազմ կառավարությունում աշխատելու համար, կազմակերպելով խոշոր ֆորումներ արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերի քննարկման նպատակով, լուսաբանելով արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը ԱՄՆ բնակչության համար, օգնելով պետական կառույցներին կոնֆլիկտների կարգավորման եւ միջնորդական առաքելությունների իրականացման գործում1։ Հաշվի առնելով նման ազդեցությունը՝ մեզ համար առավել կարեւորվում են ամերիկյան վերլուծական կենտրոններում իրականացվող վերլուծություններն ու քննարկումները, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին եւ տարածաշրջանային գլոբալ խնդիրներին։ Դրանց շարքին կարելի է դասել 2012թ. հունիսի 5-ին Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղ. կվերածվի՞ սառեցված հակամարտությունը թեժ կետի» (Nagorno-Karabakh: Will the Frozen Conflict Turn Hot?) թեմայով քննարկումը, որին մասնակցել են Հարավկովկասյան հարցերում մասնագիտացած ամերիկյան փորձագետներ Ուեյն Մերին (ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող), Թոմաս դե Վաալը (Քարնեգիի հիմնադրամ), Չարլզ Քինգը (Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր)2: Բանախոսներն իրենց ելույթներում խոր մտահոգություն են հայտնել կրակի դադարեցման ռեժիմի հաճախակի խախտումների վերաբերյալ՝ միակարծիք լինելով այն հարցում, որ հաջորդ հնարավոր պատերազմը ղարաբաղյան գոտում կունենա կործանարար հետեւանքներ. եզրահանգումը` գերտերությունները պետք է միավորեն ջանքերը պատերազմ թույլ չտալու համար3: Նշված քննարկման ընթացքում Ու.Մերին դարձյալ ներկայացրել է իր տեսակետները, որոնք հետեւողականորեն պաշտպանում է արդեն մի քանի տարի։ Նախկին դիվանագետը բազմիցս հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ուշագրավ հրապարակումներով4 (ս.թ. հունիսի 26-ի Երեւանում տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը, բարձր գնահատելով Ու.Մերիի սույն հրապարակումը, այն որակեց որպես մինչ այժմ արտերկրյա փորձագետների կողմից կատարված ամենախոր վերլուծությունը ղարաբաղյան հակամարտության թեմայով), հիմնարար վերլուծություններով5 եւ հարցազրույցներով6, որոնց պարբերաբար անդրադարձել են տարածաշրջանային լրատվամիջոցները։ Առանձնահատուկ ուշադրությունը նրա հրապարակումների հանդեպ կարող է բացատրվել հետեւյալ հանգամանքներով. Ուեյն Մերին նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում, Պենտագոնում, 1980-1983 եւ 1991-1994թթ. աշխատել է Մոսկվայում, 1995թ. ԱՄՆ պաշտպանության նախարարի աշխատակազմում զբաղեցրել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հետ հարցերով տարածաշրջանային տնօրենի պաշտոնը, զբաղվել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ ռազմական համագործակցության ամրապնդման եւ զարգացման հարցերով։ Այնուհետեւ եղել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ամերիկյան հանձնաժողովի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական մարմնի ավագ խորհրդական։ Վերջինս ներկայացնում է ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհուրդը (American Foreign Policy Council - AFPC), որն արտաքին եւ պաշտպանական քաղաքականության հարցերով մասնագիտական վերլուծականներ է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի եւ գործադիր իշխանության անդամների, ԱՄՆ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ, այլ երկրների առաջնորդների (մասնավորապես, նախկին ԽՍՀՄ երկրների) համար։ Բացի դրանից, խորհուրդը Ռուսաստանի, Չինաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի երկրների քաղաքականության մշտադիտարկման արդյունքներով հրապարակում է ռազմավարական զեկույցներ եւ այլ վերլուծական հաշվետվություններ։ Ընդհանուր թեմաները ներառում են հակահրթիռային պաշտպանության, սպառազինությունների վերահսկողության, էներգետիկ անվտանգության եւ լրտեսության հարցեր։ Ի տարբերություն բազմաթիվ այլ տարածաշրջանային «հեռակա» փորձագետների, Ու.Մերին, «հաշվի առնելով վաշինգտոնյան տեղեկացված փորձագետների անհանգստությունը»7, անձամբ է այցելել ԼՂՀ (2011թ. նոյեմբեր), հանդիպումներ ունեցել ԼՂՀ ղեկավարության եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, այցելել ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասեր, եղել «ուրվական» քաղաք Աղդամի գոտում: Եվ չնայած այցի ոչ պաշտոնական բնույթին, վերոնշյալ հանդիպումների եւ այցելությունների կազմակերպման հարցերում վայելել է «Վաշինգտոնի իշխանական որոշ մարմինների աջակցությունը», ինչը կարող է վկայել այցից ԱՄՆ իշխանական շրջանակների ունեցած ակնկալիքների մասին։ Պատերազմի վտանգները «Երբ աշխարհում տեղի են ունենում ռազմական գործողություններ, հեշտ է աչքաթող անել հասունացող պատերազմները: Դա վտանգավոր է հատկապես ԱՄՆ ներկա վարչակարգի համար, որն ունի արտաքին քաղաքականության մեծ ծրագրեր»: Այս համատեքստում բանախոսը հատուկ ուշադրության է արժանացնում ղարաբաղյան հակամարտությունը, որը պարունակում է պատերազմի իրական վտանգ: «Այս հնարավոր պատերազմը, հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի ավելացող ռազմական ներուժը, կունենա ծանր հետեւանքներ ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ հարեւանների եւ ԱՄՆ-ի համար, որն այդ տարածաշրջանում ունի իր շահերը»: Նման հեռանկարը խափանելու համար Ու.Մերին անհրաժեշտ է համարում «կանխարգելիչ դիվանագիտական համատեղ ճնշումը Մոսկվայի եւ Վաշինգտոնի կողմից»: Այսպիսով, ուժի կիրառման սպառնալիքի տակ Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու Ադրբեջանի քաղաքականությունը տալիս է իր «պտուղները»: Բանակցությունների ընթացքում Ադրբեջանի որդեգրած ոչ կառուցողական դիրքորոշումը, հաճախակիացած ռազմաշունչ հայտարարությունները, հրադադարի մշտական խախտումները լուրջ ազդանշան հանդիսացան նրա ուժային քաղաքականության անունից, եւ այն կարծես ըստ արժանվույն է գնահատվում փորձագիտական լուրջ շրջանակներում: Սակայն արված եզրահանգումները դժվար թե արդարացնեն Բաքվի սպասելիքները, ավելին՝ դրանք կարող են սկիզբ դնել նրա նկատմամբ միջազգային հանրության ավելի կոշտ դիրքորոշման: Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր պատերազմը լուրջ հարված կհասցնի նաեւ Ռուսաստանի շահերին, որը եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագրեր: ՀԱՊԿ շրջանակներում գործող համաձայնագրերով Մոսկվան պարտավորություն ունի պաշտպանել Հայաստանը հնարավոր ռազմական ոտնձգություններից, իսկ որ այդպիսիք կլինեն ղարաբաղյան պատերազմի դեպքում` կասկածից վեր է: Պատերազմի դեպքում Ռուսաստանը կկանգնի լուրջ երկընտրանքի առաջ. ի պաշտպանություն Հայաստանի միջամտելու դեպքում կվատթարանան հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որոնք այդքան զգուշորեն փորձում է պահպանել Կրեմլը, իսկ Հայաստանին գործուն աջակցության բացակայության դեպքում անխուսափելի կլինի Երեւանի հիասթափությունը՝ դրանից բխող հետեւանքներով: Հնարավոր պատերազմի անցանկալի հետեւանքները կանխելու երկկողմանի ցանկությունը կարող է հիմք հանդիսանալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի ջանքերը համատեղելու եւ կանխարգելիչ դիվանագիտության միջոցով պատերազմ թույլ չտալու համար: Հակամարտության համընդգրկուն կարգավորման տեսանկյունից լուծում պահանջող հարցեր Բացի խնդրո առարկա Ղարաբաղի կարգավիճակից, հատուկ շեշտվում է նաեւ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ եւս երկու հարցերի շուրջ համաձայնության գալու անհրաժեշտությունը. դրանք են Ղարաբաղի հարակից շրջանները եւ ադրբեջանցի փախստականների հարցը: Նախկին դիվանագետը, առանձնացնելով հակամարտության համընդգրկուն կարգավորման տեսանկյունից լուծման կարոտ հարցերը, անուղղակիորեն մատնանշում է կողմերի փոխզիջումների խելամիտ դաշտը: Այս տրամաբանության շարունակությունն է հակամարտության լուծման նրա տեսլականը: Հնարավոր համաձայնության սխեման եւ դրա հիմնավորումը, անխուսափելիությունը Ըստ բանախոսի, հնարավոր համաձայնության սխեման ակնհայտ էր դեռ 15 տարի առաջ, որն արտացոլում էր ինչպես պատերազմի իրողությունները, այնպես էլ խաղաղության անհրաժեշտությունը: Նա առաջարկում է «լուծումը փնտրել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների շուրջ ընթացող բանավեճի տիրույթից դուրս. խաղաղությունը պետք է արտացոլի պատերազմի արդյունքները, ինչպես դա լինում է միշտ: Դրա արդյունքում de facto եւ վերջնական արդյունքում նաեւ de jure կփոխվեն միջազգային սահմանները, կվերաբնակեցվի փախստականների մեծ մասը, տարածաշրջանում անորոշ ժամանակով կտեղակայվեն խաղաղապահ ուժեր։ Այդ համաձայնությամբ Հայաստանը կստանար Ղարաբաղը եւ նրան միացնող միջանցքը, իսկ Ադրբեջանը՝ դրան հարակից շրջանները: Խոսքն այստեղ արդարության, ճիշտ կամ սխալ լուծման մասին չէ, այլ խաղաղության անհրաժեշտ եւ անխուսափելի բանաձեւի մասին: Դիվանագիտությունը չի կարող փոխել ձեւավորված իրականության հիմքերը»: Անդրադառնալով Հայաստանին գերտերությունների կողմից միակողմանի զիջումներ պարտադրելու Ադրբեջանի պատրանքներին՝ փորձագետը նշում է. «Պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ գերտերությունները միավորվել են պատերազմում հաղթանակ տարած կողմին իր նվաճումներից հրաժարվել պարտադրելու համար, բայց այս դեպքում դրա հավանականությունը (որպեսզի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ը (առաջին հերթին՝ Ֆրանսիան), Թուրքիան, հնարավոր է նաեւ Իրանը միավորվեն Հայաստանի դեմ) գործնականում հավասար է զրոյի»: «Այսպիսով, Ադրբեջանը զուր հույսեր է տածում, թե միջնորդները կստիպեն Հայաստանին հրաժարվել իր հաղթանակից: Ադրբեջանը ստիպված կլինի ընդունել դառը իրականությունը»: Ադրբեջանի համար հնարավոր կործանարար հետեւանքները եւ կարգավորման պարտադրման ձեւը «Ցավոք, Ադրբեջանը հակվում է պատերազմի վերսկսմանը եւ չի ուզում համաձայնվել անընդունելի խաղաղությանը: Պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը կրկին կպարտվի, եւ այս անգամ հետեւանքները կլինեն ավելի ծանր, եւ նույնիսկ պատերազմի բարենպաստ ելքի դեպքում Ադրբեջանի վիճակը շատ անգամ ավելի կվատանա»: Փորձագետը չի բացառում նաեւ պատերազմի արդյունքում ընդհանրապես Ադրբեջանի՝ որպես պետության, գոյության դադարեցումը, որը միասին կարող են իրականացնել Հայաստանը, Ռուսաստանը եւ Իրանը։ «Անհրաժեշտ է գործարք Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ։ Նրանք ներկայում քիչ ընդհանուր շահեր ունեն, բայց երկու մայրաքաղաքներում էլ կան մարդիկ, որոնք Ղարաբաղի հարցում կիսում են ընդհանուր տեսակետներ: Եթե ԱՄՆ նոր վարչակարգը գործին մոտենա մտածված եւ համակարգված, կարելի կլինի խուսափել հակասություններից եւ հաջողություն գրանցել Կովկասում խաղաղության պահպանման գործում, ինչն էլ կդառնա երկու գերտերությունների համագործակցության վերականգնման պատմություն»։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշման եւ ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետի տեսակետների միջեւ համեմատական անցկացնելու նպատակով ներկայացնենք այն սկզբունքները, որոնք, ըստ Հայաստանի, պետք է լինեն հակամարտության լուծման հիմքում. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտնվող անխափան ցամաքային կապ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի։ Միաժամանակ, Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով։ Ուժի սպառնալիքով միակողմանի զիջումներ կորզելու Ադրբեջանի փորձերը ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը։ Կարելի է արձանագրել, որ Ու.Մերիի ներկայացրած փաստարկները եւ արված եզրակացություններն ավելի են հիմնավորում տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված հայկական քաղաքականության հիմնադրույթների իրավացիությունը։ ԱՄՆ «ուղեղային կենտրոններում» գեներացվող նմանատիպ եզրահանգումները կարող են ավելի ամրապնդել Հայաստանի կողմից զսպման քաղաքականության քաղաքական բաղադրիչը, իսկ հայկական լոբբիի նպատակային հետագա գործողությունները կարող են դրանք ավելի լսելի դարձնել ԱՄՆ բարձրագույն իշխանությունների համար: 1 ????? ?.?., «???????? ??????» ? ???????????? ??????? ????????: ????? ?????? ????????. ??????????? ?????? ???????????????? ???????????? ??? — eJournal USA. ??? 7, ? 3, ?????? 2002 ???? (Ռիչարդ Հաասսը (Richard Nathan Haass) ամերիկյան նախկին դիվանագետ է, 2003-ից ղեկավարում է ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհուրդը (Council on Foreign Relations)։ 2 http://www.wilsoncenter.org/event/nagorno-karabakh-will-the-frozen-conflict-turn-hot#field_speakers 3 http://www.regnum.ru/news/1539066.html 4 Wayne Merry, Karabakh: 'frozen' conflict nears melting point, http://www.afpc.org/publication_listings/viewArticle/1518 5 http://www.polit.ru:8021/article/2009/06/02/karabkh/ 6 http://www.youtube.com/watch?v=3jSkw1ywlcc 7 Չակերտների մեջ վերցված բառերը եւ մտքերը պատկանում են Ու.Մերիին՝ արտահայտված վերոնշյալ ելույթներում։ Անուշավան Բարսեղյան «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ-խորհրդական «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 9, 2012
Նոյյան տապան  -   Վերլուծություն