Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
30-10-2012 16:28:52 | Շիրակի մարզ | Տնտեսություն
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարին ուղեկցում էր <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը :
Այցելության նպատակը <<Համայնքների արոտավայրերի կառավարման եւ անասնապահության զարգացման>> ծրագրով մարզի Մեծ Մանթաշ, Ջրառատ եւ Սառնաղբյուր համայնքներում իրականացվող ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին ծանոթանալն էր:
Եթե Ջրառատ համայնքում 3300 հա արոտների ջրարբիացման աշխատանքներն արդեն ավարտված են , ապա Մեծ Մանթաշի 4900 հա արոտների ջրարբիացման համար նախատեսվող շինարարությունն իրականացվել է 90, 4200 հա արոտների համար նախատեսվող աշխատանքները Սառնաղբյուրում` 80 % -ով:
Նշված համայնքների ղեկավարները, արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների նախագահները եւ վարչության անդամները նախարարի հետ հանդիպման ժամանակ իրենց գոհունակությունն արտահայտեցին իշխանությունների կողմից գյուղացիներին աջակցելու նման ծրագրերի իրականացման վերաբերյալ, հույս հայտնելով, որ դրանք շարունակական են լինելու: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նույնպես կարեւորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` նշելով, որ արոտավայրերի կառավարման եւ անասնապահության զարգացման ծրագիրն այն կարեւոր հարթակն է , որով հնարավորություն կլինի օժանդակել գյուղացու եկամուտների ավելացմանը. <<Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել կովերի միջին կաթնատվությունը, որն այսօր Սառնաղբյուրում ընդամենը 1200 , Ջրառատում 1300 , Մեծ Մանթաշում 1500 լիտր է>>,- նշեց նախարարը:
Շիրակի մարզում այս ծրագրի մեջ, նշված երեքից բացի, ընդգրկված են եւս վեց այլ համայքներ` Աղինը, Հառիճը, Լեռնակերտը, Բերդաշենը, Այգաբացն ու Բասենը: