Տեղի կունենա ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի ֆոտոարթի ժանրում ստեղծված աշխատանքների ցուցադրանքը
09-11-2012 15:45:21 | Հայաստան | Մշակույթ
Նոյեմբերի 13-ից մինչեւ նոյեմբերի 18-ը Նարեկացի արվեստի միությունում (Վարդանանց 16/1) ներկայացվելու է ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի ֆոտոարթի ժանրում ստեղծված աշխատանքների ցուցադրանքը: Ակնթարթի հանելուկային եւ գեղարվեստի անկրկնելի համադրությամբ ստեղծված աշխատանքներով Ժ. Աղավելյանը ԱՄՆ-ում (Բոստոնում) հաճախ է ցուցադրել տարբեր ժանրերի եւ տարբեր ժամանակներում ստեղծված հետաքրքիր գործեր:
Հայաստանում սա հեղինակի 3-րդ ցուցահանդեսն է ու արդեն քանիցս համոզվում ենք, որ շփվում ենք եւ ժամանակակից արվեստի մի հետաքրքիր տեսակի, եւ լուսանկարչական յուրօրինակ դրսեւորման հետ:
Ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը ռեժիսորական իր խցիկով շարժում չէ, որ նկարահանում է, լուսանկարչական խցիկով ֆիքսված պահեր չէ, որ մատուցում է: Նրա ռեժիսորական մտածողության ուղղվածությունը ներկայանում է մի նոր հարթության վրա: Հարթություն, որտեղ հավաքում է հիշողությունից դուրս սպրդած պատկերներ ու ակնթարթներ, որտեղ նրա ինքնատիպ մոտեցման շնորհիվ ներկայանում են մեկ կադրում ամբողջացած տարբեր իրականություններ:
Այս ցուցահանդեսը հանդիսատեսի համար նաեւ մի նոր բացահայտում է: Եթե անցյալ անգամ նկարների շարքը ցուցապաստառի վրայով սահում էին հեղինակի հորինած երաժշտության հնչյունների ներքո, ապա այս անգամ Ֆոտո-արտից բացի հեղինակը կներկայացնի «Առ ինձ ձեռքերիդ մեջ» փոքրիկ գրքույկը: Հեղինակի ներկայացմամբ, գրքույկում տեղ են գտել սիրո գողտրիկ «որմնանկարներ»` հյուսված ցուցադրվելիք ստեղծագործություների «միասնական եզրազարդերից»: Իր իսկ հոգու որմնանկարները, որոնք թղթի վրա են պատկերվել... Որմնանկարներ, որ թերեւս ձեւերի, գծերի, գույնի, ստվերանկարի գեղեցկությամբ եւ բովանդակության մշակման հմտությամբ Ժիրայրի հոգում լռությունը երաժշտությամբ են փոխում, շարժումը՝ պատկերի վերածում, գույնը՝ խոսք ու հանգ դարձնում:
Ժ. Աղավելյանի երաժշտության, բանաստեղծությունների ու նկարների մեջ հարկավոր չէ փնտրել տեխնիկական եւ գեղարվեստական առանձնահատկություններ: Ընդամենը հարկավոր է հիշել, որ ֆիլմ չդարձած նկարների փոխակերպված գաղափարները ոչ թե լոկ կյանքի մեկ ակնթարթ, այլ ապրած հոգեվիճակ ու զգացմունք են, որ մարդուն մղում են խորհրդածելու, թե որքան հետաքրքիր է անհատի ստեղծագործական դիալեկտիկան:
Ավելացնենք, որ Ժ. Աղավելյանը Լենինգրադի կուլտուրարայի ինստիտուտի կինոյի բաժնի շրջանավարտ է, երկար տարիներ եղել է Երեւանի կենտրոնական հեռուստաալիքի՝ Հ1, ռեժիսոր, տասնյակ գեղարվեստա-վավերագրական, այդ թվում միջազգային փառատոների մասնակից աշխատանքների (www.zherar-production.net) հեղինակ է: Վերջին 20 տարիներին Ժ. Աղավելյանը բնակվում է Բոստոնում, սակայն այժմ նա Երեւանում է եւ ներկա է լինելու իր ցուցահանդեսի բացմանը: