Կայացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը


Կայացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը

  • 15-11-2012 12:31:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը ` 20.10.2012թ.-13.11.2012թ. ժամանակահատվածի համար: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից նախընտրական հիմնադրամներ են բացել եւ հայտարարագրեր են ներկայացրել 5-ը: Նախընտրական հիմնադրամ չի բացել թիվ 1 ընտրատարածքում գրանցված ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Պետրոսյան Էդուարդը: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ սահմանվել է 2012թ. դեկտեմբերի 9-ին Երանոս համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Քանի որ Երանոս համայնքի արտահերթ ընտրությունների համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, հետեւաբար յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն իրականացվել է այնպես, որ նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնները միաժամանակ չզբաղեցնեն կառավարության կազմավորմանը մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն