Հայ նկարիչ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ Բեյրութում


 

Հայ նկարիչ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ Բեյրութում

  • 16-11-2012 11:22:07   | Լիբանան  |  Մշակույթ

Նոյեմբերի 13-ին Բեյրութի «Սոլիդեր» ցուցասրահում կայացավ հռչակավոր հայ նկարիչ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը, որին ներկա էին նախարարներ, դեսպաններ, հասարակական եւ մշակութային գործիչներ, արվեսագետներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ, կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Հայաստանի եւ Լիբանանի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի աջակիցներին եւ հովանավորներին եւ ընդգծեց հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադառնալով Հարություն Կալենցի կենսագրությանը եւ ստեղծագործական կյանքի մանրամասներին` դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Կալենց ընտանիքի անդամների ջանքերը Երեւանում 2010թ. թանգարան բացելու ուղղությամբ եւ ավելացրեց, որ Հարություն Կալենցը եղել եւ մնում է եղբայրական երկրների՝ Հայաստանի եւ Լիբանանի, բարեկամության խորհրդանիշ: Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լռյունը խոստովանեց, որ այս տարի ապրիլին Երեւանում, ծանոթանալով Հարություն Կալենցի գործերին, նա իր համար բացահայտեց հայ ժողովրդի բարձր արվեստը եւ տաղանդը: Նախարարը խոստացավ լիբանանյան եւ հայկական արվեստի միջազգային փառատոն կազմակերպել հայաբնակ Անջարում: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ «Սոլիդեր»-ի գլխավոր տնօրեն Մունիր Դվեյդին, որը նշեց, որ, թեեւ առաջին անգամ է մասնակցում ազգությամբ հայ արվեստագետի գործերի ցուցադրությանը, սակայն մեծ հաճույքով եւ հպարտությամբ է հյուրընկալում նման տաղանդավոր նկարչի գլուխգործոցները: Այնուհետեւ լրատվամիջոցների հարցերին պատասխանեց Հարություն Կալենցի որդին` Սարո Կալենցը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 26-ը: Disclaimer - This message may contain information that is not intended for you. If you are not the addressee or if this message was sent to you by mistake, you are requested to inform the sender and delete the message.
Նոյյան տապան  -   Մշակույթ