Նոյեմբերի 17-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ցուցահանդես-շնորհանդես՝ նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին: Այն համատեղ կազմակերպել էին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը եւ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը: Միջոցառումը հովանավորել էր ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարությունը:
Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լեւոն Թորգոմյանը, գրող-բանաստեղծ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները, գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ Թբիլիսիից, Ջավախքից, երիտասարդ ստեղծագործողներ:
Ցուցադրվել էր գոյության 17 տարիների ընթացքում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հրատարակած 140-150 անուն գրքերի գրեթե կեսը: Դրանք Թբիլիսիից, Վրաստանի այլ տարածաշրջաններից միությանը անդամագրված հեղինակների առանձին գրքեր էին, տարեգրքեր եւ ժողովածուներ: Բացելով ցուցահանդես-շնորհանդեսը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը նշեց, որ սա հայ գրքի տպագրությանը նվիրված մշակույթի կենտրոնի հերթական միջոցառումն է եւ այսօր արդեն «Հայարտուն» մշակույթի կենտրոնի օժանդակությամբ տպագրված գրքերի թիվը դարձավ յոթը, ինչը իրավամբ հպարտանալու տեղիք է տալիս: Ընթերցողի սեղանին դրվեցին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ավագ, միջին եւ երիտասարդ սերնդի հեղինակների գրքերը, որոնք հրատարակվել են Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի միջնորդությամբ եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի նյութական աջակցությամբ:
Վարելով երեկոն, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը կարեւորեց Վիրահայոց Առաջնորդի եւ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեությունը, ում անբասիր աշխատանքի արգասիքը նաեւ այս երեք նոր գրքերի շնորհանդեսն է: Ավագ սերնդից՝ Խաժակ Եփրիկյանի պատմվածքների ժողովածուի հրատարակությունը նվիրվել է հեղինակի ծննդյան 90-ամյակին եւ դա մանկավարժ-գրողի երկրորդ գիրքն է, «Կոմիտասի չինարին» գրքից հետո:
Ընթերցողի սերնդին դրվեց նաեւ միջին սերնդի ստեղծագործող Սիլվա Սիփանուհու «Սիրո մրցանակ» բանաստեղծությունների ժողովածուն, որը նվիրվում է նրա ծննդյան 55-ամյակին: Սա բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուն է, թեեւ նա բազմիցս տպագրվել է Վրաստանի եւ Հայաստանի պարբերականներում: Խորին երախտագիտությամբ բազմազավակ մայրը ընթերցեց իր ամուսնու՝ Գուրի Եթերի բանաստեղծությունը՝ նվիրված շնորհանդեսին:
Երիտասարդ սերնդի ստեղծագործող Արաքսը (Արաքսյա Սնխչյանը) ընթերցասեր հասարակայնությանը ներկայացավ «Ուրիշ լուսնից» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուով: Նրա առաջին գիրքը լույս է տեսել 2003 թվականին «Վերնատուն» միության «Ծիլեր» ակումբի «Առվակներ» մատենաշարով եւ կոչվում է «Հույսի կանթեղ»:
«Ծիլեր» ակումբի գործունեությունը եւ Արաքսի բանաստեղծական առաջին քայլերը ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Ախտյանը:
Գնահատանքի եւ օրհնության իր խոսքում Վիրահայոց Թեմի Առաջնորդը, շնորհավորելով հեղինակներին գրքերի հրատարակության կապակցությամբ նշեց, որ Վրաստանի, հատկապես Ջավախք աշխարհի հայությունը, որտեղ էլ նա գտնվելիս լինի,միշտ էլ նվիրումով է վերաբերվում իր ծննդավայրին, իր հայրական տուն ու տեղին: Իսկ Վրաստանը այն երկիրն է, որտեղ զարգանում են բազմազգ ժողովուրդների գրականությունը, մշակույթը, որի մասն ենք նաեւ մենք՝ հայերս:
Վիրահայոց Թեմի Մամլո դիվանից հայտնում ն, որ շնորհանդեսին բնորոշ խոսքն ու մեկնաբանությունն ընդմիջվում էր գեղեցիկ ասմունքով,որով հանդես եկավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանուհի Մելանիա Բարսեղյանը: Վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի նախաձեռնությամբ, վերոհիշյալ հեղինակների ստեղծագործություններից հատվածներ եւ բանաստեծություններ ընթերցեցին թիվ 104 դպրոցի աշակերտներ Լիզա Թորոսյանը, Դայանա Համբարձումյանը եւ Արամ Մելիքյանը: Հուզիչ էր հատկապես Արաքսի՝ սեփական բանաստեղծությունների ընթերցումը: Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտներ Մալվինա եւ Իլոնա Համբարձումյանների դաշնամուրային հիասքանչ կատարումները առանձնահատուկ հմայք հաղորդեցին պոեզիայի գեղեցիկ երեկո դարձած ցուցահանդես-շնորհանդեսին: